×


«Պարզվում է՝ ամեն ինչ սուտ է». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանի նոր գրառման համար առիթ են դարձել վերջին հայտնի դեպքերը: Դերասանուհի-հաղորդավարուհու խոհերն ուղեկցվում են լուսանկարներով, որոնք անձնական արխիվից են՝ արված 2016 թվականի ապրիլին՝ Արցախում:

«Ամենադժվարը հավատքը չկորցնելն է։ Խաբեության ու բացահայտումների այս քաոսի մեջ ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը պարզ, հասարակ մահկանացուի նկատմամբ, քո ազգի կամ գենի նկատմամբ։ Ամենադժվարը խոսելու ունակությունը չկորցնելն է՝ հավատի հետ միասին։ Կապ չունի քանի տարի ես ապրել, բայց ապրածիդ նկատմամբ էլ հավատը չկորցնելն է, որովհետեւ պարզվում է՝ ամեն ինչ սուտ է, ստված, կամ էլ եղել է այդպիսին, բայց դու ես կույր եղել, դու ու մի ամբողջ աշխարհ: Հավատը չկորցնելն ախր էս ինչքան դժվար է, պարզվում է. անկախությանդ մասին պատկերացրածդ, ապրածդ ու ներկան երբ բախվում են, հավատդ է ճաք տալիս, ու հարցը գոռում է ուղեղումդ. իսկ ո՞ւմ էր ուրեմն պետք էս ամենը... 30 տարի։

Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ, որ հայ են կոչվում։ Շատ դժվար է չկորցնել հավատդ մարդու նկատմամբ, ինքդ քո, քո ապրածի ու արածի նկատմամբ։ Մնալ մարդ տեղեկությունների էս կործանիչ հոսանքից հետո, որը մամլիչի պես կոտրում է նուրբ հոգիներն ու քեզ դարձնում անհավատ, անհոգի, դաժան։ Դաժանության դեմ պատասխանը դաժանությունն է. մարդկայինն էլ արանքում ի չիք է դառնում, հոգին՝ ապառաժանում, սիրտը՝ չորանում։ Կասկածի որդը, մանուկ ու մեծ չնայելով, կրծում է անխնա... Էլ երբեք նույնը չենք լինի, վնասված հոգիները չեն վերականգնվում, դա հիշողությունը չի. գենի մակարդակով ես հուսահատվում ու ճեղքվում։ Հավատը չկորցնելն էս ի՞նչ դժվար է»,-գրել է նա:



Դերասանուհին նաեւ հետեւյալն է նշել.«Ես տեսել եմ արտաքուստ սովորական, բայց ԱՐՏԱՍՈՎՈՐ տղերքի՝ հաստատուն կանգնած ի պաշտպանություն։ Իրենցով է պետք նորոգել ճեղքած հավատը... թե ոչ՝ ամեն ինչ իմաստազուրկ է: Նկարներն իմ անձնական արխիվից են: Տեղանքները՝ Մատաղիս, Թալիշ, Մարտունի ... Առանձին չեմ նշում հասկանալի պատճառներով»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին