«Օպերա Վիվա» դասական քառյակն օրերս նշում էր հիմնադրման երեքամյակը: Երիտասարդ երգիչներն ուղիղ երեք տարի առաջ միավորվեցին մեկ նախագծի շրջանակում՝ նպատակ ունենալով հասարակությանն ավելի մոտեցնել դասական երաժշտությանը: Իրենց համերգներին նրանք կատարում են հայտնի ու սիրված դասական, ինչպես նաեւ փոփ-դասական ստեղծագործություններ նոր ձեւաչափով: «Օպերա Վիվա»-ի հոբելյանական երեկոյին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Նշենք, որ դասական քառյակի կազմում հանդես են գալիս Ալին Գոյանը (սոպրանո), Հասմիկ Հարությունյանը (սոպրանո), Խաչիկ Բեկյանը (բաս) եւ Գեւորգ Պողոսյանը (տենոր): Նրանք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ են, ովքեր միասին հանդես են եկել բազմաթիվ միջոցառումներում, հեռուստատեսային նախագծերում եւ մրցույթ-փառատոներում: Ի դեպ, Գեւորգ Պողոսյանը վերջերս է միացել խմբին, եւ առաջին անգամ նա ելույթ ունեցավ հենց «Օպերա Վիվա»-ի 3-ամյակի միջոցառմանը: Հասմիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը շարունակական կլինի ու կառաջնորդի դեպի նոր հաջողություններ: Գեւորգն էլ հավելեց, որ դեռ շատ բան ունեն միասին անելու:
«Օպերա Վիվա» քառյակը նշել է 3-ամյակը
Խոսելով անցած երեք տարիների ձեռքբերումների ու հաջողությունների մասին` Հասմիկը նշեց, որ հասցրել են ավելի մեծ երաժշտական փորձ ձեռք բերել, ինչպես նաեւ ամրապնդվել է իրենց մտերմությունը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում էլ կշարունակվի ինչպես իրենց գործունեությունը, այնպես էլ ընկերությունը: Խաչիկ Բեկյանն էլ ասաց, որ այս ընթացքում իրենք ելույթներով հանդես են եկել Արցախում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ.«Մեզ համար ամենամեծ ձեռքբերումն էր հանդես գալ միջազգային բեմերում: Մենք ցանկացանք մեր ավանդը ներդնել դասական երաժշտության տարածման գործում, եւ կարծում եմ՝ մասամբ ստացվել է: Հույս ունեմ՝ մեր հաջողություններն ավելի մեծ կլինեն»:
Ալին Գոյանն էլ (Ալինա Ենգոյան) ընդգծեց, որ իրենց համար բուռն էր 2017 թվականը: Նախորդ տարվա գարնանը «Օպերա Վիվա»-ն Գյումրիում մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Այնուհետեւ հունիսին վոկալ քառյակը հրավեր է ստացել ՀՀ Մշակույթի նախարարությունից՝ մասնակցելու աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրի հոբելյանական երեկոյին, որին ներկա է եղել նաեւ ինքը՝ լեգենդար շանսոնյեն: Օգոստոսին էլ խմբի անդամները մեկնել են Գերմանիա, որտեղ մասնակցել են «Բախ եւ Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնին:
«Օպերա Վիվա» քառյակը նշել է 3-ամյակը
«Առաջին հայացքից թվում է, թե այն ծրագիրը, որով մենք ենք հանդես գալիս, զանգվածային բնույթ չի կրում եւ որոշ առումներով գուցե առանձնահատուկ է, բայց հատկանշական է, որ բոլոր տեղերում այն շատ ջերմ է ընդունվում: Առաջիկայում էլ նախատեսում ենք համերգային շրջագայություններով հանդես գալ մի շարք երկրներում: Դեռեւս նախապատրաստական փուլում են աշխատանքները, բայց մինչեւ տարվա վերջ առնվազն երկու երկիր պիտի այցելենք համերգներով: Իսրայելը հաստատ է, իսկ երկրորդ երկրի շուրջ բանակցություններ են ընթանում: Այնպես որ, դեռ փակագծերը չենք բացի :)»,- ասաց Ալինան:
Քառյակի հոբելյանական միջոցառման ծրագրում ընդգրկված էին հանրահայտ օպերային արիաներ, նեապոլիտանական եւ իտալական երգեր, իսպանական, ռուսական եւ հայկական ռոմանսներ, փոփ-դասական սիրված ստեղծագործություններ: Ներկաները վայելում էին տոնական միջոցառումը, երբ երեկոյի ավարտին եղանակն անակնկալ մատուցեց, ու մի լավ անձրեւ տեղաց: Իհարկե, դա այնքան էլ չխանգարեց շարունակել ուրախ միջոցառումը, հատկապես որ մի լավ թրջվելուց հետո ներկաների տրամադրությունը կարծես ավելի էր բարձրացել:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: