Ցուցադրվեց “Լեգենդն այսօր” շարքի առաջին ֆիլմը Մոսկվայի Կարմիր Պրեսնիայի “Կինոկենտրոնում” կայացավ Պոլ եւ Լյուդվիգ Շամմասյան եղբայրների “Ախթամար” կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որը նկարահանվել է “ԱրԱրԱտ” կոնյակի պատվերով: “Ախթամար” ֆիլմը “Լեգենդն այսօր” շարքի առաջին ֆիլմն է: “Բացի էսթետիկական առաքելությունից, նախագիծը նպատակ է հետապնդում գլոբալ առումով բարձրացնել Հայաստանի ճանաչվածությունը ոչ հայկական լսարանի մոտ”,- ցուցադրությունից հետո ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Պոլ եւ Լյուդվիգ Շամմասյանները ստացել են կինոգետի բակալավրի աստիճան` գերազանցությամբ ավարտելով Metropolitan University-ն: Ապա նրանք սկսել են համատեղ կարիերան` հիմնադրելով The Shammasian Brothers ընկերությունը: “Մենք ծագումով հայ ենք եւ ազատ խոսում ենք այդ լեզվով: Ճանապարհորդությունը Հայաստան այս նախագծի շրջանակներում հատկապես հիշարժան էր, քանի որ այն մեր առաջին այցն էր նախնիների հայրենիք: Մենք մանկությունից շատ էինք լսել այս հիանալի երկրի մասին, սակայն պատմություններ լսելը եւ անմիջապես այստեղ լինելը բոլորովին տարբեր բաներ են: Հենց այդ պատճառով նկարահանումը դարձավ արտակարգ իրադարձություն”,- ասում են “Ախթամարի” ստեղծողները: Ներկայացնելով ֆիլմի գաղափարը`”Перно Рикар Русь”-ի մարկետինգային տնօրեն Վադիմ Գրիգորյանն ասել է, որ նպատակը եղել է հանդիսատեսին լավագույն հայկական արժեքները, հայոց հազարամյա պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը փոխանցելը: Կինոպրոդյուսեր Սեմ Կլեբանովը ներկացրել է իր տպավորությունները ֆիլմից. “Ֆիլմն արտահայտում է հայկական ավանդույթները, հայկական ոգին, հայկական ինքնազոհությունը եւ, իհարկե, ռոմանտիկան”: Ֆիլմի հիմքում ընկած է Թամար արքայադստեր եւ հասարակ պատանու նկատմամբ նրա սիրո մասին լեգենդը: Ռեժիսոր-բեմադրիչ Շամմասյան եղբայրների մեկնաբանությամբ ժամանակակից լեգենդը պատմություն է ժամանակակից Երեւանի եւ Մոսկվայի մասին, իմաստության եւ պատանեկան խանդավառության մասին: Հին լեգենդը գլխավոր հերոսին պատմում է տաքսու ծեր վարորդը, ում դերակատարը Արմեն Ջիգարխանյանն է: Ժապավենի լեյտմոտիվը ձեւակերպում է հենց նա, ասելով` “Միշտ լսեք ձեր սրտին…”: “Ախթամար” ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել Bravo TV էջում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: