Կայացավ “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը
“Ինձ երգն է գտել” անվանումը կրող CD-ին այսօրվանից կարող են “գտնել” Աստղիկ Սաֆարյանի բոլոր ֆանատները: :) Նոյեմբերի 6-ին Disc Planet խանութ սրահում կայացավ երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:
Բարեկամներից բացի երգչուհուն շնորհավորելու էին եկել գործընկերները` Վարդան Բադալյանը, Լանա Խաչատրյանը, Էրիկը, Մարին, Vox խումբը, Մարիաննա Հովհաննիսյանը, “Թիվ 5” խմբի տղաները, ինչպես նաեւ երկրպագու-երկրպագուհիներ:
“Շատ հուզված եմ, առաջին անգամ է նման բան ինձ հետ կատարվում: Անսովոր է: :) Շատ շնորհակալ եմ բոլորին, որ եկել են ու ուրախ են ինձ համար”,- ասաց Աստղիկ Սաֆարյանը:
Առաջին հայկական փոփ-ռոք սկավառակում զետեղված է 12 երգ, վերջինը` բոնուսային: “Ուրախ, տրամադրող ալբոմ է, 2 մեղեդային երգ կա, որոնք համարում եմ մեղեդայնորեն ներկայացված փոփ-ռոք ստեղծագործություններ: Երգերի մեծ մասի հեղինակն ես եմ: Օգնել է նաեւ “32 ատամ”-ցի Գարիկը: Ալբոմում ներառված Fabulous Boy երգի երաժշտությունը եւ գործիքավորումը Գարիկինն է: “Ես անկախ եմ”, “Քեզ` միակին” երգերն էլ է Գարիկը նվիրել: “Մոլորված սեր” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն ես եմ, Գարիկը գործիքավորել է: Մի երգ ունեմ, որ Գիսանե Պալյանն է գրել”,- իր առաջին ձայնասկավառակի “պարունակությունը” ներկայացրեց Աստղիկ Սաֆարյանը:
“Աղջիկների սրտից եմ խոսում”. Աստղիկ Սաֆարյան
Աստղիկը ձայնասկավառակում տարբեր թեմաներ է շոշափել: Երգչուհին համոզված է, որ աղջիկները շնորհակալ կլինեն իրեն: “5-6 երգ հանդիսատեսը արդեն լսել է, կեսը նոր են, ոչ միայն նոր երգեր են, այլեւ նոր խոսք, հուսով եմ` կընկալվի: Սովորաբար աղջիկներն են իրենց մեղավոր զգում, երբ հարաբերություններում ինչ-որ բան այն չի լինում, բայց տղաներն էլ պետք է սխալն իրենց մեջ փնտրեն”,- ասաց Ասղիկ Սաֆարյանը:
Յուրահատուկ Աստղիկը
Երգիչ Վարդան Բադալյանը “Օ քամի” երգը հենց Աստղիկի կատարմամբ է հավանում: “Յուրահատուկ երգչուհի է: Առաջինն է փոփ-ռոք ոճում: Մենք մտերիմ ենք, շատ հաճելի մարդ է: Հաջողություններ, բազմաթիվ CD-ներ ու տեսահոլովակներ եմ ցանկանում”,- ասաց Վարդան Բադալյանը:
“Աստղիկը ամենից առաջ շատ լավ մարդ է: Իսկ որպես երգչուհի այնքան եմ հարգում ու սիրում… Ուրիշներից տարբերվում է իր տեսակով, հագուստով, երաժշտական ոճով”,- ասաց Էրիկը:
“Աստղիկին ավելորդ գովաբանություն չեմ անի”. Համեստ Սաֆարյան
Աստղիկ Սաֆարյանի երգերի ստեղծմանն անմիջական մասնակցություն ունի երգչուհու քույրը: Համեստը մասնագիտությամբ մարքեթոլոգ է. այսուհետ Աստղիկի փիարով է զբաղվելու: “Հարկ եղած ժամանակ ես առաջինն եմ քննադատում նրան: Նա գիտի, որ հանդիսատեսի աչքով եմ նայում իր երգերին, երբեք չեմ խաբի ու ավելորդ գովաբանություն չեմ անի միայն նրա համար, որ իմ քույրն է”,- ասաց Համեստ Սաֆարյանը:
“Թիվ 5-ը”` Աստղիկին երկրպագող խումբ :)
Ամբողջ կազմով Աստղիկին շնորհավորելու էին եկել “Թիվ 5” խմբի տղաները: “Աստղիկի ֆանատն եմ, շատ-շատ եմ սիրում իրեն: Առավոտ զարթնեցի` արեւ էր, ուրախացա, անձրեւներից հետո Աստղիկի շնորհանդեսի օրը արեւային պետք է լինի: Տղեքն էլ են շատ ուրախ: Ճաշակով է ամեն ինչ անում”,- ասաց “Թիվ 5” խմբի Տիկոն:
Իսկ նույն օրը երեկոյան Armenia Marriott-ի Lounge սրահում Աստղիկն իր ձայնասկավառակը նվիրեց նաեւ ընկերներին: Նրան շնորհավորելու էին եկել Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Միշոն, Սերժոն, Արամ mp3-ին, Գարիկը մյուս “32 ատամ”-ցիների հետ, Արսեն Գրիգորյանը, հաղորդավար Կարինան, Հայկ Կասպարովը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը եւ ուրիշներ:
“Իմ ընկերներն այն մարդիկ են, ովքեր միշտ ուրախ են եղել ինձ համար, աջակցել են: Գարիկ, Միշո, Ռոլանդ, Գիսանե Պալյան… շնորհակալ եմ բոլորիդ”,- հուզվել էր Աստղիկը: :)
“Աստղիկը առաջինն ա”. Գարիկ “32 ատամ”
Բնական է, իմ լեքսիկոնով գրած երգերս անհարմար են, որ Աստղիկն երգի, ես խոսակցական եմ գրում, ինքը “աստղիկացնում” է: Ինձ ուրիշ աստղեր ասել են. Գար ջան, իմ համար էլ մի հատ երգ կգրես, ուզում եմ ալբոմիս մեջ մի հատն էլ ռոք լինի: Ես տենց չեմ աշխատում, Աստղիկը զգում ու հասկանում ա էն երաժշտությունը, որ ես իրեն նվիրում եմ: Փոփ-ռոքը իր ոճն է, եթե Հայսատանում ուրիշներն էլ կան, կարող ենք համարել, որ չկան, որովհետեւ այդ մասին չգիտենք. տանը լիքը մարդ լիքը բան ա անում 98 թվից, հետո ինչ: Ինքը առաջինն ա միանշանակ”,- ասաց Գարիկը:
Հյուրերն Աստղիկ Սաֆարյանի ինքնագրով ձայնասկավառակներ ստացան, “32 ատամ”-ցիները քեֆ էին անում, Աստղիկի երգերն երգում: Բոլորը գոհ էին ու երջանիկ: :)
Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
18,114





