Մրցույթի հաղթողները հայտնի են Bravo.am կայքը, Բրիտանական Խորհուրդը եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում ամփոփում են համատեղ մրցույթի արդյունքները, որի հաղթողներն որպես մրցանակ կստանան երկուական տոմս մարտի 22-ից 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք` Բրիտանական ֆիլմերի հերթական փառատոնի շրջանականերում ցուցադրվող բոլոր ֆիլմերը դիտելու համար: Ինչպես հիշում եք, մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր գրանցվել Bravo.am կայքում, մուտք գործել ՇԱՀԻՐ բաժին, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, ճիշտ պատասխանել մեր 5 հարցերին եւ այդ պատասխանները մինչեւ մարտի 20-ը ուղարկել մեզ: Նախ ներկայացնենք այդ հարցերը եւ դրանց ճիշտ պատասխանները. 1. THE DUCHESS (2008) Ո՞ւմ կերպարն է մարմնավորում հայտնի բրիտանացի դերասանուհի Կիռա Նայթլին այս ֆիլմում եւ ո՞ր դարում են տեղի ունենում ֆիլմի իրադարձությունները: Կիռա Նայթլին այս ֆիլմում խաղում է կոմսուհի Ջորջինա Քավենդիշի դերը, իսկ ֆիլմի իրադարձությունները վերաբերում են 18-րդ դարին: 2. BLOODY SUNDAY (2001) Ո՞ր իրադարձությունների մասին է այս ֆիլմը եւ ո՞ր հայտնի ռոք-խումբն է երգ նվիրել այդ իրադարձություններին: Ֆիլմը պատմում է «Արյունալի կիրակիի» մասին, որը տեղի է ունեցել 1972թ. հունվարի 30-ին Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում, երբ բրիտանացի զինվորականները բռնի ուժով ցրեցին բողոքի խաղաղ ցույցը: Հետագայում այդ դեպքերին իր Sunday, Bloody Sunday (1983) երգում անդրադարձավ իռլանդական աշխարհահռչակ U2 ռոք-խումբը: 3. AGE OF STUPID (2009) Այս ֆիլմը անսովոր է ամեն ինչով` թե ժանրով, թե նկարահանման ոճով, արտասովոր է ձեւավորվել նաեւ ֆիլմի բյուջեն: Կարո՞ղ եք պատասխանել` ի՞նչ գումարներով է նկարահանվել ֆիլմը: Կլիմայի գլոբալ փոփոխության մասին պատմող այս ֆիլմի բյուջեն ձեւավորվել է սովորական բրիտանացիների հանգանակությունների շնորհիվ, որոնք դարձել են կինոնկարի բաժնետերերը: 620 քաղաքացիների վճարումների շնորհիվ կուտակվել է 450 հազար ֆունտ սթերլինգ, որի շնորհիվ ֆիլմը նկարահանվել է 7 տարբեր երկրներում: 4. HOW TO BE (2008) Ֆիլմն երիտասարդների մասին է. ո՞ր հայտնի դերասանն է խաղում գլխավոր դերում եւ ի՞նչն է միավորում դերասանին ու հերոսին: Ֆիլմի գլխավոր դերակատարը երիտասարդ, բայց արդեն հայտնի դերասան Ռոբերտ Պատիսոնն է, որն իր հերոսի նման կիթառ է նվագում ու ժամանակ առ ժամանակ հանդես գալիս փոքրիկ համերգներով: 5. FIVE MINUTES OF HEAVEN (2008) Ով է ֆիլմի ռեժիսորը եւ ուրիշ ի՞նչ ֆիլմով է հայտնի նա: Ֆիլմի ռեժիսորը Օլիվեր Հիրշբիգելն է, որը 2005 թվականին նկարահանել էր Ադոլֆ Հիտլերի վերջին օրերի մասին պատմող «Բունկեր» կինոնկարը: Այդ ֆիլմը ժամանակին հավակնում էր «Օսկար» մրցանակի որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: Այսպիսով, առաջին ճիշտ պատասխանները մեզ ուղարկել են. 1. Աստղիկ Հարությունյանը 2. Արաքս Պողոսյանը (Araxik) 3. Նունե Արդուխանյանը (Nune_Guy) Հիշեցնենք, որ նախապատվությունը տրվել է ավելի շուտ պատասխանողներին: Հաղթողները տոմսերը կարող են ստանալ մարտի 22-ի առավոտյան Bravo.am նախագծի եւ «Մեդիամաքս» գործակալության խմբագրությունից` նախապես զանգահարելով 54-54-37 հեռախոսահամարով: Իսկ նրանց, ում այս անգամ ինչ-ինչ պատճառով չհաջողվեց հաղթել մրցույթում, հիշեցնում ենք, որ “Դիտիր Առաջինը” ակցիան պարբերական բնույթ է կրում: Չի շահում նա, ով չի փորձում: Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Բրիտանական խորհրդի հաղորդագրությունը փառատոնի վերաբերյալ: Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոն Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում տեղեկացնում են, որ երկուշաբթի` մարտի 22-ին, ժ. 17.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որին կհետեւի օսկարակիր «Դքսուհի» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա Բրիտանական Ֆիլմերի փառատոնը կոչված է Ֆիլմարվեստի միջոցով հայ հանդիսատեսին ներկայացնել Միացյալ Թագավորությունը, երկրի անցյալն ու ներկան, մշակույթը, կենցաղն ու սովորույթները, ինչպես նաեւ Ֆիլմերի օգնությամբ նպաստել անգլերենի տարածմանը եւ ստեղծագործ մտքի զարգացմանը: Ավանդաբար փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը: Հերթական 8-րդ փառատոնի շրջանակում, որն անց է կացվում 2010թ մարտի 22-ից 26-ը, ցուցադրվելու են բրիտանական արտադրության` բազմաթիվ մրցանակների արժանացած 6 ֆիլմեր, նախատեսված են բաց ցուցադրություններ, որոնցից մեկին` “Արյունոտ կիրակի”-ին կհաջորդի քննարկում ֆիլմի համապրոդյուսեր, Միացյալ Թագավորությունից ժամանած հատուկ հյուր Դան Մալանի հետ: Փառատոնի օրերին “Արձագանքներ”. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից” ծրագրի շրջանակում կազմակերպվելու են ցուցադրություններ եւ քննարկումներ նաեւ Վանաձորում (մարտի 24-25): Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցն ու ֆիլմերի համառոտ նկարագրությունները կարող եք գտնել www.britfilms.am կայքէջում: Երեւանում ֆիլմերի ցուցադրությունները կլինեն ժամը 18.00-ին` անգլերենով ժամը 20.00-ին` ռուսերեն կամ հայերեն ենթագրերով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: