×


Դարթսի մրցաշար

Դարթսի մրցաշար

Հաղթեց հավասարությունը “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների” խորագիրը կրող մրցաշարերն արդեն ավանդական են դարձել: Ապրիլի 10-ին “No Problem” ժամանցի կենտրոնում կայացավ այդ շարքի դարթսի 3-րդ մրցաշարը: Կազմակերպիչներն էին “Հույսի կամուրջ” եւ “Առաքելություն Արեւելք” կազմակերպությունները` Դանիայի միջազգային զարգացման գործակալության (DANIDA) ֆինանսավորմամբ: Մրցաշարի մասնակիցները Հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափար քարոզող միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ, ներառական դպրոցների մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր: Դարթսի մրցաշար “Սպորտն օգտագործենք որպես գործիք` բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար: Ոչ թե միջոցառումից միջոցառում, այլ ամենօրյա աշխատանքային պրոցեսում փորձենք նպաստել եւ առաջ տանել հավասար հնարավորությունների գաղափարը: Դարթսի մրցաշարը Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնին մոտ օրերին է կազմակերպվում` նպատակ ունենալով տոնական միջոցառումների ժամանակ եւս այս ուղերձը հասանելի դարձնել հասարակությանը` բոլորը հավասար են, կին-տղամարդ, հաշմանդամ-ոչ հաշմանդամ: Հանուն հավասար հնարավորությունների…”,- ասաց “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը: Մրցաշարի հաղթող, Մեդիամաքս ինտերնետ հոլդինգի ղեկավար Կարեն Անտոնյանը Տիկին Սուսաննան չմասնակցեց խաղին, բայց ոչ թե նրա համար, որ չի սիրում: “Ուղղակի չեմ կարողանում խփել: Շատ փորձել եմ, բայց անիմաստ է:): Մրցաշարի գաղափարը Արամ Մանուկյանինն է` մեր կամավոր երիտասարդինը: Առաջին տարում ավելի շատ մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այսօր` հիմանականում մեր լրատվամիջոցներն են: Ակնկալում եմ, որ հաջորդ  տարի  նախարարություններ ու մեծ թվով լրագրողներ կմասնակցեն”,- նշեց “Հույսի կամուրջ” հ/կ-ի նախագահը: Դարթսի մրցաշարի հաղթողները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը միջոցառմանը եկել էր ոչ միայն ողջունելու, այլեւ խաղին մասնակցելու: Իրեն լրագրողների մեծ բարեկամ համարող տիկին Հասմիկը անհամբեր հերթին էր սպասում:): “Տնային պայմաններում երեխաներիս հետ ժամանակին խաղացել եմ, բայ դա շուտ է եղել, հիմա ցանկանում եմ տեսնել` բախտը ոնց կժպտա”,-նշեց նա: Դարթսի մրցաշար Հասմիկ Խաչատրյանը մրցաշարը “չտեսնված միջոցառում” որակեց. “Նախարարության անունից եմ ասում` պատրաստ եմ անել ամեն ինչ, որ այս միջոցառումը դառնա ավանդական: Մտադիր եմ մյուս տարի “Հույսի կամուրջի” եւ “Առաքելություն Արեւելքի” հետ մի քիչ ավելի մեծ իրազեկում իրականացնել, որ մասնակիցների թիվն էլ մեծանա: Հրաշալի առիթ է, որ տեսնենք` ինչ է նշանակում հավասար հնարավորություններ”: Դարթս խաղաց նաեւ “Սկարպ առողջարարական կենտրոն” հասարակական կազմակերպության  նախագահ Աշոտ Մկրտչյանը: Նա առաջին մրցաշարի հաղթողն է: “Ընդհանրապես ուժեղ սպորտաձեւերի կողմնակից եմ, բայց սա էլ շատ ազարտային է, ավելի պրակտիկ ձեւ է,  լավ կլինի, որ զարգացում ապրի: Հաճույքով եմ խաղում, պարտվելիս էլ, ճիշտն ասած, ոգեւորվածությունս մեծանում է: “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների” խորագրով միջոցառումը հետաքրքիր է.  հավաքվում ենք, շփվում ենք: Բոլորը ընկերներ են դարձել, բայց դա չի խանգարում, որ լուրջ մրցում անցկացնենք”,- ասաց Աշոտ Մկրտչյանը: “Առաքելություն Արեւելք” դանիական կազմակերպության “Առողջ սկիզբ” ծրագրի ղեկավար Աննա Ավետիսյանը նշեց, որ նման միջոցառումները շատ սովորական է տեսնել արտասահմանում: “Դանիայում վաղուց են ստեղծված հավասար հնարավորություններ եւ խոչընդոտները վերացված են: Լավ կլիներ, որ այստեղ էլ գոնե շաբաթը մեկ անգամ բաց դռների օրեր լինեն, միջոցառումներ կազմակերպվեն, մուտքը հարմար լինի, որպեսզի նաեւ խնդիր ունեցող մարդիկ կարողանային հանգիստ այցելել, իրենց առօրյան անցկացնել: “Սպորտը`  հանուն հավասար հնարավորությունների”  գաղափարի շրջանակներում քաջալերում ենք, որ շատերը միանան մեզ եւ նմանատիպ միջոցառումներ կազմակերպեն”,- նշեց Աննա Ավետիսյանը: Նա եւս դարթս խաղաց, բայց նախորդ անգամ ավելի լավ ցուցանիշի էր հասել:) <b>Bravo.am</b>-ի համակարգող Լիլիթ Բաբայանը նույնպես մասնակցում էր մրցաշարին Միջոցառման ընթացքում կազմակերպիչներն երկու ուրախալի լուր հայտնեցին: Մագա Հովակիմյանը հաշմանդամային սպորտի Ռուսաստանի առաջնությունում ապրիլի 9-ին լողի արծաթե մեդալ է նվաճել: Իսկ դարթսի մրցաշարին զուգահեռ մասնակիցները դիտում էին  Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: “Տարին մեկ անգամ դարթսի մրցումն ենք անցկացնում, ինչպես նաեւ “Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների” մրցաշար ունենք: Դարթսը մեկօրյա միջոցառում է, ֆուտբոլը` մեկշաբաթյա”,- պատմեց “Արեւածաղիկ” ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարա Բաթոյանը: IMG_0746 Նա առաջին մրցաշարին դարթս խաղացել է, դուրն էլ շատ է եկել: “Անցյալ տարի ընկա, ոտքս կոտրեցի, դրա համար չեմ մասնակցում: Խաղալուց մեծ հաճույք եմ ստանում: Օրինակ, ֆուտբոլը հաճելի է նաեւ նայել, մենք բոլոր խաղերին գնում ենք, ոգեւորում թիմերին, սիրելի թիմեր ունենք: Դարթսում միայն վերջին հատվածն է, որ կրքերը ավելի են բորբոքվում ու “բալետ” անելը շատ հետաքրքիր է դառնում, ես ֆուտբոլի սիրահար եմ:): Մոլի հետեւող չեմ, սիրում եմ հետաքրքիր խաղերը նայել, իհարկե, նախապես տրամադրում եմ ինձ, որովհետեւ շատ սրտացավ եմ վերաբերվում: Մեր ֆուտբոլի թիմին էլ շատ են փնովում, բայց ես չեմ համարում, որ այդպես է:)”, - նշեց  Զարան: Հասմիկ Խաչատրյանը մտածում էր` բախտը կժպտա՞:): Այո, ժպտաց: Դարթսի կանանց մրցաշարում առաջին մրցանակային տեղին արժանացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, երկրորդ տեղը զբաղեցրեց “Հույսի կամուրջ” հ/կ-ի հատուկ մանկավարժ Սոնա Ավետիսյանը: Երրորդը Հանրային ռադիոյի “Մարզական խաչմերուկ” հաղորդաշարի լրագրող Գոհար Նալբանդյանն էր: Դարթսի մրցաշարի մասնակիցները Տղամարդկանց խմբում առաջին եւ երկրորդ տեղերը “ՄԵԴԻԱՄԱՔՍ”–ինն են` Կարեն Անտոնյան եւ Դավիթ Ալավերդյան: Երրորդ մրցանակային տեղը գրավեց Հանրային ռադիոյի “Լյունսե” երիտասարդական ծրագրի լրագրող Սերգեյ Կիրակոսյանը: Հաղթողներին շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեցին: Մրցանակի վրա խնձոր կա. միշտ նշանակետին խփել է պետք:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW