×


“Եվրատեսիլ-2010”

“Եվրատեսիլ-2010”

Նախընտրական փուլը սկսված է :) Փետրվարի 1-ը “Եվրատեսիլ”-ի հայաստանյան մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Bravo.am-ը փորձեց պարզել, թե քանի մասնակից է հայտ ներկայացրել եւ ինչպիսին կլինի մրցույթի հետագա ընթացքը: Այդ հարցում մեզ օգնեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը: Bravo.am-ի հետ զրույցում Դիանա Մնացականյանն ասաց, որ դեկտեմբերի 15-ից սկսվել է հայտերի ընդունումը, որի մասին հայտարարությունները պարբերաբար հնչել են Հանրային հեռուստատեսությամբ: Diana Mnacakanyan Դիանան նշեց, որ մասնակիցը պետք է լինի 16 տարեկանից մեծ, ոճային սահմանափակում չկա. “Այս տարի մենք ընդունեցինք նաեւ արտերկրից մասնակիցների հայտեր. մրցույթի կանոնները դա թույլ են տալիս”: Փետրվարի 1-ին ավարտվեց հայտերի ընդունումը: “Ժամկետը եղել է մինչեւ փետրվարի 1-ը` ժամը 12.00-ը, սակայն խորհուրդը ավելացրել է ժամանակը մինչեւ 17.30-ն, որից հետո Հանրային հեռուստատեսության աշխատանքային բաժինը նոր փոստ չի ընդունում: Եղան մասնակիցներ, ովքեր ներկայացան 18.00-ին, սակայն հայտը չընդունվեց”,-ասաց Դիանա Մնացականյանն ու հավելեց, որ 1,5 ամիս ժամանակ ունենալու պարագայում ուշանալն առնվազն անպատասխանատվություն է սեփական անձի նկատմամբ: Մասնակիցների վերջնական թիվը 30-ն է` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից եւ, իհարկե, Հայաստանից: Յուրաքանչյուր հայտ ընդգրկում է 1 երգ` 3 րոպե տեւողությամբ, տարբեր լեզուներով եւ տարբեր ոճերով: Eurovision 2010 Խոսելով 30 մասնակիցների մասին` Դիանա Մնացականյանն ասաց, որ դրանց թվում են Ռազմիկ Ամյանը, Եվա Ռիվասը, Էմմին եւ Միհրանը, Հայկ Կասպարովը, ազգությամբ ֆին, բայց հայի ազգանունով Մարիա Քիզիրյանը (ամուսինը հայ է) եւ շատ մասնակիցներ, որոնց ինքն էլ չի ճանաչում: Մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մինչեւ փետրվարի 10-ը Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը կընտրի 30 մասնակիցներից 10 լավագույններին, իսկ փետրվարի 14-ին` մրցութային համերգի օրը, ժյուրիի (կազմը դեռ հայտնի չէ) եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի այն մասնակիցը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2010»-ին: Դիանան նշեց, որ 30 երգից 10-ի ընտրությունը բարդ, բայց հետաքրքիր է լինելու. “Դիտելու տեսանկայունից այն չի ձանձրացնի. կան տարբեր ոճի եւ լեզվի ստեղծագործություններ` ռոք, ջազ եւ այլն”: Fornebu Arena Մրցութային համերգից հետո, երբ պարզ կդառնա մասնակցի անունը, կազմակերպիչները կսկսեն մտածել շոուի, հագուստի եւ մասնագիտական այլ խնդիրների մասին: Նմանօրինակ խնդիրները պետք է լուծվեն մինչեւ մարտի 20-ը. “Օսլոյում կկայանա պատվիրակությունների ղեկավարների բանակցային գործընթացը, որտեղ ես պետք է ներկայացնեմ մեր երգը, շոուն եւ մեր պահանջները բեմի դիզայնի, լուսավորության վերաբերյալ”: Դիանա Մնացականյանն ասաց, որ հրավերներ են ստացել մինչ «Եվրատեսիլը» տարբեր երկրներում ներկայացնելու մեր երգը. “Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ մեզ հրավիրել են իրենց մոտ”: Հայաստանը նույնպես նմանատիպ հրավերներ է կատարել` առաջարկելով իր աջակցությունը երգի ներկայացման հարցում: Նշենք, որ Հայաստանյանի պատվիրակությունը Օսլո կմեկնի մայիսի 15-ին եւ կմնա այնտեղ մինչեւ մայիսի 30-ը: Bravo.am-ը հաջողություն է մաղթում հայաստանյան փուլի բոլոր մասնակիցներին ու խոստնում , որ շատ շուտով կանդրադառնա հաղթողին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Դիանա Մնացականյանի եւ Bravo.am-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW