Երեւանը կդառնա հումորի մայրաքաղաք : )
Comedy Club-ի ռեզիդենտները ելույթ ունեցան “Mezzo”-ում
Comedy Club-ի ռեզիդենտներ Գարիկ Մարտիրոսյանը, Տիմուր “Կաշտան” Բատրուտդինովը, Զուրաբ Մատուան, Վիկտոր Վասիլեւը, Անդրեյ Ավերինը մայիսի 3-ին ելույթ ունեցան “Mezzo Classic House”-ում: Հումորով տղաները հայտարարեցին “Հայկական ռադիո” ծիծաղի առաջին համաշխարհային փառատոնի մեկնարկի մասին: Շուտով Երեւանը պաշտոնապես դառնալու է հումորի մայրաքաղաքը: : )
“Հայկական ռադիո” ծիծաղի առաջին համաշխարհային փառատոնը Երեւանում կանցկացվի սեպտեմբերի 23-ից 26-ը: Այսօր հայկական հումորը նույնպիսի բրենդ ու լավ ճաշակի նշան է, ինչպես հայկական կոնյակը: Հայերն էլ անմահ են դառնալու:). ծիծաղը կյանք է երկարացնում, իսկ Երեւանում անցկացվելիք ծիծաղի փառատոնն ամենամյա է լինելու: Փառատոնի շրջանակներում մայրաքաղաքը կհյուրընկալի ավելի քան հինգ հազար արտասահմանցու: Ծիծաղի տոնին ներկա են լինելու Ռուսաստանից եւ այլ երկրներից անվանի արտիստներ: Ի դեպ, «Հայկական ռադիո»-ի պաշտոնական լեզուն ռուսերենն է. կազմակերպիչները նշում են` դեռ ժամանակ կա սովորելու:):
Երեկոն վարեց Գարիկ Մարտիրոսյանը: “Փառատոնի վարողը կլինի ոչ թե ինձ պես կիսապրոֆեսիոնալ, այլ Էդի Մերֆին կամ այլ հեղինակավոր հումորիստ:
“Հայկական ռադիոն” Ռուսաստանի առաջին ալիքով ուղիղ եթեր է հեռարձակվելու: Այս իրադարձությամբ կսկսվի Երեւանի հաղթարշավը որպես համաշխարհային հումորի մայրաքաղաք: Մենք ցանկանում ենք մի քիչ նեղել Օդեսային եւ մի քանի այլ քաղաքների, որ արդեն օծվել են որպես հումորի մայրաքաղաք:)”,- ասաց Գարիկ Մարտիրոսյանը:
Comedy Club-ի ռեզիդենտների ելույթը դիտելու ու զվարճանալու էին եկել հայկական քաղաքական, հասարակական, ԶԼՄ-ների, բիզնեսի եւ շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հրանտ Թոխատյանը, երբ Մոսկվայում է լինում, Comedy Club-ի ելույթները բաց չի թողնում: “Երեւանը տեղով հումորի բուն է, ինչին նայում ես, հումոր է, 20 տարի է մեր Երեւանը հումորով է ապրում: Սա ուղղակի ավանդույթի վերականգնում է, որովհետեւ Հայաստանը միշտ էլ ունեցել է այդ ավանդույթը, սկսած 60-ականների վերջից, երբ հայկական ՈւՀԱ թիմը դուրս եկավ միջազգային ասպարեզ, միշտ եղել է հումորի քաղաքականություն վարող հանրապետություններից մեկը: Շատ ուրախ եմ, որ ավանդույթը վերականգնվում է, վաղուց էր պետք”,- ասաց նա:
Նազենի Հովհաննիսյանն էլ է ողջունում “Հայկական ռադիո”-ին: “Երեւանը վաղուց շատ հումորով է վերաբերվում շատ տարօրինակ, վատ, երբեմն բավական տխուր երեւույթների, գուցե դրա մեջ է փրկությունը: Նույն օրինակը կարող եմ տանել Երեւանից մի քիչ հեռու` դեպի Գյումրի, թե ինչպես իրենց հումորի զգացումը փրկեց բազում դժվարին իրադրություններում: Որ օրինականապես ֆիքսում են` Երեւանը հումորի մայրաքաղաքն է, չի նշանակում, որ նոր է այդ երեւույթը: Փառք Աստծո, որ ուրախությունը դառնում է դոմինանտ մեր շատ սիրելի մայրաքաղաք Երեւանում: Իսկ Comedy Club-ի տղաներն ինձ համար հարյուր տոկոսով աշխատող մարդիկ են, իսկ հարյուր տոկոս նվիրումով մարդիկ չեն կարող առաջատար չլինել”,- նշեց Նազենի Հովհաննիսյանը:
“Հայկական ռադիո” ծիծաղի առաջին համաշխարհային փառատոնի կազմակերպիչներն են “Comedy Club Production”-ը եւ “Vent Factory” ռուսաստանյան ընկերությունը: “Vent Factory” ընկերության ներկայացուցիչ Տատյանա Դվորնիկովան կարծում է, որ հայկական հումորը շաաատ ծիծաղելի է, դինամիկ, էներգետիկ եւ ժամանակակից:):
“Հումորի, ծիծաղի համաշխարհային փառատոն է, որ պլանավորում ենք ամենամյա դարձնել: “Հայկական ռադիո” արտահայտությունը բրենդ է, որ գիտեն բոլորը Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում: Հիմա ռուսական բոլոր հեռուստաալիքներով հայերն են կատակում, առաջին գծում հայկական հումորն է: Այս փառատոնը պետք էր կազմակերպել, հրավիրելու ենք միջազգային հայտնի աստղերի, հիմա բանակցություններ են ընթանում”,- նշեց Տատյանա Դվորնիկովան:
“Հայկական ռադիո” ծիծաղի առաջին համաշխարհային փառատոնի նպատակն է հումորի փառատոնի նոր ֆորմատ ստեղծել, երիտասարդ տաղանդներին բացահայտել, միջազգային հարաբերություններն ամրապնդել ու մշակութային ավանդույթներով փոխանակվել: “Ամեն սեպտեմբեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլ պետություններից կգան Հայաստան` վայելելու այս հրաշալի երկիրը: Կենտրոն է դառնալու, որ ձգելու է զվարճանալ ցանկացողներին”,- ասաց Տատյանա Դվորնիկովան:
Ի դեպ, նախատեսվում է “Հայկական ռադիոյի” երկու գալա–համերգ անցկացնել, որոնք տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել են “Հայկական ռադիո” նախագծի կազմակերպիչները


×
11,446






