×


Ջոն ՄքԼաֆլին

Ջոն ՄքԼաֆլին

«Անկրկնելի երեկո է լինելու» Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը: Bravo.am-ը զրուցել է համերգի կազմակերպիչ` «Վիբրոգրաֆուս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ: - Ինչպե՞ս ծագեց Ջոն ՄքԼաֆլինին Երեւան հրավիրելու գաղափարը: - Այդ գաղափարն առաջացել էր դեռեւս 2007 թվականին` Երեւանում Ալ Դի Մեոլայի հիասքանչ համերգից հետո, սակայն ես ոչ մի կերպ չէի կարողանում վճռական որոշում կայացնել: Gagik Gyulbudaghyan Լավ հասկանալով, որ ՄքԼաֆլինն երաժշտության լեգենդ է, եւ նրա ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գլուխգործոցներ են, միաժամանակ, ես գիտակցում էի, որ նրա երաժշտությունը բավականին բարդ է եւ «հասարակ» ունկնդիրների համար չէ: Բայց ողջ հմայքը հենց դրանում է. նրա երաժշտությունն աստվածային է, եւ այդ երաժշտության միջոցով նա ունկնդրի հետ խոսում է հարատեւի, Աստծո, սիրո, երկրի եւ այն մասին, թե ինչպես պետք է ապրել ու դառնալ երջանիկ… Իսկ հիմա ես կարծում եմ, որ եկել է հենց այն ժամանակը, երբ մեր ունկնդիրներին հետաքրքիր կլինի այդ երաժշտությունը: Նրանց համար, ովքեր գիտեն ու սիրում են ՄքԼաֆլինին, դա տոն կլինի, իսկ ովքեր առաջին անգամ պետք է տեսնեն ու լսեն այդ հանճարեղ կիթառահարին, այդ օրը նրանց հիշողության մեջ կմնա որպես մեծ արվեստին հաղորդակից լինելու օր: - Որքա՞ն են շարունակվել բանակցությունները, եւ ինչպե՞ս է ձեզ հաջողվել հետաքրքրել ՄքԼաֆլինին: - Պրոդյուսեր Նիկա Բաբայանի շնորհիվ ես ստացա Ջոնի մենեջերի տվյալները: Բանակցությունները դյուրին էին, քանի որ Ջոնն ինքն էլ էր ցանկանում անպայման լինել Երեւանում: Հայաստանի մասին նա շատ էր լսել, սակայն ոչ մի անգամ չէր հաջողվել համերգ ունենալ այստեղ: Միակ խնդիրը համերգի օրվա ընտրությունն էր, քանի որ ՄքԼաֆլինի համերգների ժամանակացույցը կազմվում է 2 տարի առաջ: Սակայն մենք «պատուհան» գտանք այդ ժամանակացույցում: Ապրիլի 27-ին նա համերգ ունի Թբիլիսիում, իսկ ապրիլի 29-ին` Ֆրանկֆուրտում: Եվ մենք կարողացանք նրան համոզել Երեւանում համերգ նշանակել ապրիլի 28-ին: John McLaughlin - Ո՞վ է Արտո Թունջբոյաջյանին համերգին որպես հատուկ հյուր հրավիրելու գաղափարի հեղինակը: - Ջոնը վաղուց է ծանոթ Արտոյի հետ, նրանք տարբեր ժամանակներում միասին նվագել են տարբեր խմբերում: Հենց Արտոն իմացավ, որ ՄքԼաֆլինը եւ նրա 4th Dimension խումբը հանդես են գալու Երեւանում, նրա մոտ միանգամից միասին նվագելու գաղափար ծագեց: Մենք դիմեցինք Ջոնին եւ դրական պատասխան ստացանք: Ջոնն ասաց, որ իր համար պատիվ կլինի հանդես գալ այնպիսի հիանալի մարդու եւ երաժշտի հետ, ինչպիսին մեր Արտոն է: Վստահ եմ, որ անմոռանալի երեկո է լինելու, քանի որ Արտոյի խառնվածքն ու հիանալի երաժշտական հոտառությունն աննկարագրելի մթնոլորտ կստեղծեն դահլիճում, իսկ ՄքԼաֆլինի երաժշտությունը միայն ավելի կհարստանա մեկ այլ մեծ երաժշտի` Արտոյի մասնակցությամբ: - Կարծիք կա, որ հայ հանդիսատեսի համար դժվար է «մարսել» համաշխարհային աստղերի այն հոսքը, որն առկա է վերջին ժամանակներս: Դուք ի՞նչ եք կարծում: - Ֆինանսական իմաստով «մարսել»` այո, դժվար է: Սակայն, ոչ հոգեւոր իմաստով. հայ հանդիսատեսը մինչեւ վերջին տարիները հնարավորություն չի ունեցել տեսնել համաշխարհային երաժշտության այնպիսի «հերոսների» կենդանի համերգները, ինչպիսիք են Jethro Tull-ը, Uriah Heep-ը, Ջորջ Բենսոնը, Իէն Գիլանը, իսկ շուտով նաեւ`Deep Purple-ը: Սակայն ես վստահ եմ, որ անհրաժեշտ է կազմակերպել այդպիսի համերգներ եւ Հայաստանին հնարավորություն տալ դառնալ երաժշտական եւ հոգեւոր աշխարհի մի մասը, որտեղ համաշխարհային աստղերը կձգտեն ծրագրել իրենց հյուրախաղերը: John McLaughlin - Որքա՞ն արժեն Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension խմբի համերգի տոմսերը, եւ որտեղի՞ց կարելի է դրանք ձեռք բերել: - Տոմսերի գները սահմանելիս պետք է հաշվի առնել բոլոր ծախսերը եւ անել այնպես, որ համերգի արդյունքում կազմակերպիչները վնաս չկրեն: Նման համերգների շահութաբերության մասին խոսք անգամ լինել չի կարող: Տոմսերն արժեն 10 000 դրամից մինչեւ 50 000 դրամ եւ վաճառվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Ի դեպ, խորհուրդ եմ տալիս շտապել: - Քանի՞ օր է Ջոն ՄքԼաֆլինը մնալու Հայաստանում, նախատեսվա՞ծ է արդյոք նրա համար ինչ-որ մշակութային ծրագիր: - Ցավոք, ինչպես արդեն ասացի, Ջոն ՄքԼաֆլինը Երեւանում կլինի շատ կարճ ժամանակով: Մենք անպայման այնպես կանենք, որ այդ ժամերը միշտ մնան նրա հիշողության մեջ, եւ նա գնա հիասքանչ հիշողություններով Հայաստանի` այն երկրի մասին, որտեղ նրան տասնամյակներ շարունակ գիտեն եւ սիրում են:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին