×


Կուբա & Մեքսիկա

Կուբա & Մեքսիկա

“Կուբան շշի մեջ” & “Աստվածների նեկտարը” Ոգելից խմիչքների սիրահարների համար Աշոտ Փարսյանն ու Հովհաննես Հակոբյանը Կուբայից ու Մեքսիկայից ոչ խմելու համար նախատեսված, բայց ոգելից ու “գրադուսով” երկու ֆիլմ են բերել: “Կուբան շշի մեջ” եւ “Աստվածների նեկտարը” 26 եւ 24 րոպե տեւողությամբ կարճամետրաժ փաստագրական ֆիլմեր են: 2010-ի հունվար ամսին երկու շաբաթ ռոմով ու տեկիլայով են ապրել ֆիլմերի հեղինակ եւ պրոդյուսեր, Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Փարսյանն ու այս նախագծերի ռեժիսոր, “Zoom Production”-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը: Նախագծի հովանավորը “Պերնո Ռիկար Արմենիա” ընկերությունն է: “Կուբան շշի մեջ” & “Աստվածների նեկտարը” “Կուբան շշի մեջ” ֆիլմը Կուբայի խորհրդանիշ հանդիսացող ռոմի մասին է, “Աստվածների նեկտարը” Մեքսիկայի ազգային խմիչքը` տեկիլան է ներկայացնում: Աշոտ Փարսյանը նաեւ ֆիլմերում գործող անձն ու պատմողն է, նա նշում է` իսպաներենին, Կուբայի սլենգին տիրապետելը շատ է օգնել նախագծի իրականացմանը, ամենադժվարը նկարահանումների համար թույլտվություններ ստանալն է եղել, Մեքսիկայում հոմոսեքսուալիստների թաղամասում գտնվող հյուրանոցում մնալն ու մեքսիկացի հանցագործների թիրախ դառնալուց խուսափելը : ) : Էքստրիմի սիրահար տղերքի Երեւան բերած Կուբայի ու Մեքսիկայի մասին ֆիլմերի պրեմիերաները շուտով կլինեն ոգելից խմիչքներով լի ակումբներում, կհայտնվեն նաեւ եթերում: - Ֆիլմերի անվանումները կմեկնաբանե՞ք: Ի՞նչ էիք փնտրում Կուբայում եւ Մեքսիկայում:): Աշոտ Փարսյան. - “Կուբան շշի մեջ” ենք անվանել, որովհետեւ “Havana Club” ռոմը հենց Կուբան է` իր ամեն ինչով, կոլորիտով, մայրաքաղաքի անունն էլ է մեջը կրում, ամեն ինչ ներդրված է շշի մեջ: “Աստվածների նեկտարը” այլ ոճով է նկարահանված. տեկիլայի ծագումնաբանությունն ու խմիչքի էքսկլյուզիվությունն ենք ներկայացնում: Կուբան, Մեքսիկան եւ այլ իսպանախոս երկրները մեր հետաքրքրությունների երկրներն են. նրանց մշակույթն ենք ներկայացնում: Կուբա երկրորդ անգամ էի այցելում: Ֆիլմի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Աշոտ Փարսյանը - Ռոմ եւ տեկիլա եք գովազդում փաստորեն: - Ֆիլմերը միայն խմիչքների մասին չեն: Ներկայացնում ենք` ինչպիսին են այդ  երկրները իրենց ավանդույթներով, եւ ազգային խմիչքի դերն այդ երկրներում: Ճանաչողական ֆիլմեր են: Շատ քիչ ինֆորմացիայի են տիրապետում հայերը, թե տեկիլան ինչ խմիչք է, ինչից են ստանում, կակտուս է, կակտուս չի: Մեքսիկայում էլ ոչ բոլորին է տրված տեսնել` իրականում ինչպես է տեկիլան պատրաստվում: Շատ դժվար է եղել նկարահանումներ իրականացնելը, մի շարք թույլտվություններ ենք ստացել: - Մի շաբաթը հերի՞ք էր Կուբան նկարահանելու եւ ներկայացնելու համար: - Հունվարի 17-ին արդեն Կուբայում էինք: Հիմնականում Հավանայում ենք նկարահանումներն իրականացրել, մեր նպատակն էլ հենց Հավանայի կյանքը ներկայացնելն էր: Առաջին երկու օրը մնացինք առանց նկարահանման, որովհետեւ այդ ակումբները պատկանում էին մշակույթի եւ տուրիզմի նախարարություններին, յուրաքանչյուրից թույլտվություն էր պետք... Ամեն ինչ պետական է, պետք է ամեն նկարահանման համար ցանկ կազմես: “Havana Club International”-ն էր մեզ աջակցեց, քանի որ ռոմի մասին էինք ֆիլմ նկարահանում: Հավանան հայտնի է իր գիշերային ակումբներով - Կուբայում ակումբային կյանքը  ներկայացնելուց բացի ի՞նչ հետաքրքիր կադրեր եք ստացել:): - Շատ էինք ուզում Կուբայի ռոմի գործարանը նկարահանել, բայց արգելվում է: Մենք էլ փորձեցինք բացահայտել, թե ունենալով 150 տեսակի ռոմ, ինչո՞ւ է hենց “Havana Club”-ն իրենց մոտ այդքան հանրահայտ: Կուբացիները սիգարին ու ռոմին մի այլ կերպ են վերաբերվում, իրենց պարծանքն ու խորհրդանիշերն են: Ասում են` “Havana Club”-ը Կուբայի միակ ռոմը չէ, բայց դա Կուբայի ռոմն է: Ֆիլմում տեսնում ենք մարդկանց նիստուկացը: - Կուբայում մատչելի՞ է ռոմը: - Բավական, ջրի տեղ խմում են, համատարած ամեն տեղ խմում են: Բայց հարբած մարդ չեմ տեսել, որ անջատված վիճակում լիներ. տրամադրության համար են խմում, երեւի սովորական է դարձել իրենց համար, չեն հարբում: Մայաների քաղաքակրթության բացառիկ նմուշը - Դու՞ք Էիք չարաշահում ռոմը:): - : ) Ֆիլմում թվում է` անընդհատ խմում եմ, բայց համտեսում էի ընդամենը: Աշխատանքի մեջ էինք, սթափ էինք մնում, բայց աշխատանքային օրվա վերջի համար մեր մեկ շիշն ունեինք: Կուբայում գտնվել ու ռոմ չխմել կամ սիգար չծխել, թեեւ ծխող չեմ, աններելի կլիներ: - Բնակիչները ինչպե՞ս էին վերաբերվում ձեզ: - Շատ են սիրում զբոսաշրջիկներին. ամեն մեկն իր մի աննշան արարքի համար գումար էր ակնկալում, հարցազրույց տալու, լուսանկարվելու համար նվազագույնը մի պեսո էին վերցնում, որ մեկ-երկու դոլար է կազմում: Կուբայում նկարահանումներ կատարելը այդքան էլ մատչելի չէ, տաքսիներից օգտվելն էլ մոտ չորս անգամ թանկ արժի, քան Երեւանում: Ռետրո մեքենաները Կուբայի այցեքարտերից են - Երկրորդ անգամ էիր Կուբայում, նոր բացահայտումներ եղա՞ն: - Բավական շատ բան էր փոխվել, Ռաուլ Կաստրոն Ֆիդելի համեմատ շատ ազատություններ է տվել ժողովրդին: Առաջին այցելությունս երկու տարի առաջ էր. այդ ժամանակ ժողովուրդը շատ վախեցած էր: Հիմա մարդիկ ավելի ազատ են իրենց զգում, հնարավորություն ունեն համակարգիչ ձեռք բերել, որ թանկության պատճառով չէին կարողանում ունենալ, ինտերնետից օգտվողների թիվն էր մեծացել, թեեւ ինտերնետը ահավոր էր: Բջջային հեռախոս օգտագործելու իրավունք են ստացել, բայց ընդհանուր առմամբ նույն գլոբալ մեռած վիճակն է, ես միշտ հակասոցիալիստ եմ եղել... : ) - Իսկ հայացքներիդ պատճառով խնդիրներ չունեցա՞ր, թե՞ քեզ համեստ էիր պահում: - Այնտեղ ոչ մեկ չի խոսում. կասկածի առիթ կտաս ու ուշադրություն կգրավես: Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս Կուբայում հեղափոխություն անել, որովհետեւ դա անիմաստ է: Ոստիկաններն էլ այնտեղ զբոսաշրջիկներին կուբացիներից պաշտպանելու համար են: Իրականում տեկիլան պատրաստում են կապույտ ագավայից, այլ ոչ թե կակտուսից - Մեքսիկայում իրականացրած նկարահանումներից պատմիր: - Մեխիկոն եւ Գուադալախարն ենք ֆիլմում ներկայացնում: Վերջինը այն տարածքն է, ուր թորում են տեկիլան: Խմիչքի պատմությունն ենք ներկայացնում: “Աստվածների նեկտարը” սկսվում է ացտեկների, մայաների մասին պատմությամբ, իրենցից մոտ երեք հազար տարի առաջ օլմեկներն են եղել, ովքեր ագավան են բացահայտել: Ըստ լեգենդի` աստվածներն են այն շնորհել օլմեկներին, տեկիլա էլ կա, որ կոչվում է “Olmeca”: Մեքսիկայում նկարահանված ֆիլմից կիմանաք` ինչպես են պատրաստում տեկիլան, ագավան իրենից ինչ է ներկայացնում: Այն, ինչ իրականում տեսա, գաղափար չունեի: Ագավան նկարահանել ենք կտրտելուց մինչեւ շշալցումը: Երկու օր էլ Մեխիկոյում նկարահանումներ կատարեցինք: Մեխիկոյում շատ քաոսային վիճակ է. առեւտուր, կրիմինալ, վտանգ… Նկարելն էլ շատ վտանգավոր էր, խոզագրիպով վարակվելու վտանգ էլ կար: Ես կասկադյոր եմ, էքստրիմի երկրպագու, շատ չէի անհանգստանում: Չէինք կարող պարզապես փողոցում քայլել. տեխնիկան կգողանային իրենց թմրանյութի համար: Անգամ փոքր դանակ էի պահում ինձ մոտ տաքսիստներից պաշտպանվելու համար ու  ագրեսիվ դեմք էինք ընդունում, որ մարդիկ մտածեին` ահաբեկիչներ ենք ու չփորձեին կպնել: Հանցագործներին, գողերին չհաշված` ժողովուրդը շատ սիրալիր էր: Ինձ թվում է` բավական ուսուցողական ֆիլմ է ստացվել: Մեքսիկան հարուստ է ացտեկների եւ մայաների քաղաքակրթության հնագույն նմուշներով - Կուբացիները, մեքսիկացիները Հայաստանի մասին լսե՞լ էին:): - Մեքսիկայում գաղափար չունեն հայերի մասին: Կուբայում մեր երկիրը գիտեն ավելի շատ որպես սոցիալիստական երկիր, Անաստաս Միկոյանի, Շառլ Ազնավուրի երկիր: Բայց երիտասարդությունը գաղափար չունի. մտածում էին հույն կամ արաբ ենք: Վերցնում են բաժակներն  ու “կլկլկլ…”:) “Կուբան շշի մեջ” եւ “Աստվածների նեկտարը” ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Հակոբյանը առաջին անգամ էր այցելում Կուբա եւ Մեքսիկա. “լիքը բացահայտումներ է արել”: Նշում է, որ Կուբան աղքատ վիճակում գտնվող դրախտային երկիր է, բայց նման դրախտներ շատ կան Երկիր մոլորակի վրա:): Մեխիկոյի փողոցները միշտ մարդաշատ են - Ֆիլմ նկարահանելու համար դժվար չէ՞ր երկու հոգով աշխատել: - Դժվար էր, բայց ամեն ինչ արվել է, որ դրա պատճառով ֆիլմը չտուժի: Ստացել ենք այն, ինչ ցանկանում էինք: Ինձ Մեքսիկայի մասին ֆիլմն ավելի է դուր գալիս, ուրիշ ոգի կա մեջը: Կուբայում էլ սովորական զբոսաշրջիկը հինգ րոպե փողոցներով քայլի, կհասկանա` “Havana Club”-ն իրենց խորհրդանիշն է: Էռնեստ Հեմինգուեյն է ժամանակին PR արել այդ բրենդը:), բայց գովազդի կարիք էլ չկա. շնչում ու ապրում են այդ խմիչքով, ամեն ինչի վրա դա է պատկերված: Իրականում, իսկապես, շատ լավ խմիչք է: “Կուբան շշի մեջ”-ն անիմացիոն մուլտով ենք սկսում. Կոլումբոսը լաստանավով գալիս հայտնաբերում է Կուբան, բացականչում. “Սա ամենագեղեցիկ երկիրն է, որ երբեւիցե տեսել են մարդկային աչքերը”: Այդ պահին ափին Ֆիդել Կաստրոն է սիգար ծխում ու կիթառով կուբայական ինչ-որ երգ կատարում, Էռնեստ Հեմինգուեյը ձուկ է բռնում, Չէ Գեւարան էլ մեքենայով գալիս, բոլորին վերցնում, քշում-գնում է... Հետո նույն գույնի մեքենայով Աշոտն է ֆիլմում երեւում: “Աստվածների նեկտար”-ն էլ վերջացրել ենք մուլտով. մեքսիկացիները հավաքվում են տեկիլա խմելու, վերցնում են բաժակներն, ասում` դեպի վերեւ, դեպի ներքեւ, դեպի առաջ ու “կլկլկլ…”` դեպի ներս:): Ի դեպ, Աշոտ Փարսյանն ու Հովհաննես Հակոբյանը նպատակ ունեն շարունակել ոգելից խմիչքների մասին պատմող ֆիլմերի շարքը: : ) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` նկարահանման խմբի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին