«Իմ կուռքը Հրանտ Թոխատյանն է...» :) Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն արդեն տասը տարի է` աշխատում է Երեւանի Կամերային թատրոնում: Նրան շատերը ճանաչում են դեռեւս «Պահմտոցի +» հաղորդումից, շատերն էլ` արդեն սիրված ներկայացումներից` «Փնտրվում է տղամարդ», «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» եւ շատ այլ բեմադրություններից, որոնք ստացել են մի շարք մրցանակներ թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս: Որպես անհատ դերասանուհի Լուիզան կարեւորում է որակյալ աշխատանքը: Իր մարմնավորած բազմաթիվ դերերից խոսելով` ասում է, որ դերասանը ոչ թե խաղում է դերը, այլ ակտիվացնում է իր մեջ եղած տեսակները. «Դերասանն իր մեջ ունի տարբեր տեսակներ, բնավորության գծեր, որոնք պետք է ակտիվացնի իրեն տրված դերը կերտելիս, այսինքն, ակտիվացնելով տվյալ պահին անհրաժեշտ տեսակը, պասիվ պահի մյուսները»: Bravo.am-ի այն հարցին, թե ինչ դեր ունի Հրանտ Թոխատյանը նրա ստեղծագործական կյանքում, Լուիզա Ներսիսյանը պատասխանում է. «Իմ կյանքում մեծ տեղ ու դեր ունի. ստեղծագործական կյանքում եւս...»: Իսկ այն հարցին, թե կուռքեր ունի, ժպիտով ասում է. «Իմ կուռքը Հրանտ Թոխատյանն է... :)»: Ընտանիքի մասին խոսելով` Լուիզան պատմում է, որ, չնայած զբաղվածությանը, փորձում են օրվա ընթացքում ազատ ժամանակ գտնել, ընտանիքով հեռուստացույց դիտել, զրուցել կամ ինչ-որ բան քննարկել. «Ինչպես բոլոր նորմալ ընտանիքներում, մեզ մոտ եւս բոլոր անդամները խոսելու իրավունք ունեն` սկսած Լիլիթիկից եւ իմ մայրիկից»: Լուիզան ասում է, որ սիրում են հյուրեր ընդունել. «Այդ ժամանակ քեզ լավ ես զգում, լիցքաթափվում ես, ասես ամրոցում լինես...:)»: Փոքրիկ Լիլիթիկի մասին խոսելիս` դերասանուհին նշում է. «Ուրախ եմ, որ նրա մեջ արդեն նստել է թատրոն կոչվող «հիվանդությունը»` անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրի հետագայում, դա նրա մեջ ձեւավորում է նուրբ հոգի, գեղեցիկն ու բարին»: Դերասանուհին տնային գործերից փորձում է ամեն ինչ անել. «Զբաղվածության հետ մեկտեղ սովորում ես ժամանակը ճիշտ օգտագործել: Երբ վազում ես, ամեն ինչ հասցնում ես...»: Իսկ վազքն ու աշխատանքային զբաղվածությունը կշարունակվի մինչ ամառային հանգիստը, ինչը, դերասանուհու խոսքերով, շատ կարեւոր է հետագայում ավելի լավ աշխատելու համար: Լուիզա Ներսիսյանն ասում է, որ Կամերային թատրոնում նոր ներկայացման ծրագրեր կան Լուսինե Երնջակյանի հետ կապված. «Նա նոր շունչ բերեց թատրոն: Ուրախալի է, որ վերջին տարիներին թատրոնում հոգեբանական ներկայացումներ են ավելացել...»: «Մեր բակ»-ի եւ այնտեղ իր կերտած դերի մասին դերասանուհին ասում է. «Իր տեսակով այն խաղի է նման: Ինձ համար շատ հաճելի է, որ աշխատում եմ այդ միջավայրում եւ թեթեւությամբ մարդկանց ժպիտներ պարգեւում:)»: Մեր այն հարցին, թե Հրանտ Թոխատյանը «Մեր բակում» այլեւս հանդես չի գալիս, ինչպե՞ս է վերաբերում ձեր մասնակցությանը ֆիլմին, Լուիզան պատասխանեց. «Մենք երկուսս էլ հասուն մարդիկ ենք եւ որոշել ենք ստեղծագործական առումով միմյանց չխանգարել. յուրաքանչյուրս կարող է ինքնուրույն կայացնել իր որոշումը»: «Ձեր մարմնավորած դերերից ո՞րն է ամենասիրելին Հրանտի համար» հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. «Ինչ ես անում եմ, Հրանտը սիրում է... :)» Լուիզա Ներսիսյանն իր համար հասարակություն է համարում այն մարդկանց, որոնց հետ շփվում է. «Փառք Աստծո, ես շփվում եմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ համար հաճելի են: Դրանք իմ ընկերներն են, ընտանիքն ու մտերիմները. նրանք էլ ինձ համար հասարակություն են, նրանց կարծիքը ինձ համար ընդունելի է ու հետաքրքիր...»: Լուիզան իրեն հաջողված կին է համարում. «Ես կարողանում եմ համատեղել ընտանիքն ու սիրած աշխատանքը եւ ամեն տեղ հասցնում եմ լինել լիարժեք»::) Իրեն 100% երջանիկ համարող դերասանուհին ասում է, որ պետք է երջանկությունը գնահատել իմանալ. «Նայած` ինչ տեսանկյունից ես նայում երջանկությանը եւ ինչն ես տեսնում...»: Լուիզան իրեն համարում է բարի, բայց էգոիստ մարդ, խնդիրներին թեթեւ է նայում, սիրում է հումորով մարդկանց. «Ինքս անկեղծ եմ, ուստի շփման մեջ ազատ եմ. ունեմ լավ ընկերներ, որոնց շնորհակալ եմ, շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ ծնողներին...:)»: Իսկ զրույցի վերջում դերասանուհին հասարակությանը խորհուրդ է տալիս հաճախ թատրոն գնալ. «Թատրոնը մարդուն կտրում է կենցաղային կյանքից, օգնում տեսնել գեղեցիկն ու բարին...»: Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: