Շվեդ դիմահարդարի Master-class-ը Երեւանում Մայիսի կեսին Երեւան էր ժամանել միջազգային մակարդակի դիմահարդար, ազգությամբ շվեդ Յոնաս Վրամելը (Jonas Wramell): Նա հայ աղջիկների ու կանանց համար վարպետության երկու դաս անցկացրեց` ներկայացնելով դիմահարդարման նրբությունները: «Մոսկվայի տանը» կայացած առաջին մաստեր կլասին հետեւել է նաեւ Bravo.am-ը: Հանդիպման սկզբում Յոնասը ողջունեց ներկաներին, ասելով, որ հայազգի մի քանի ընկերներ ունի Նյու-Յորքում, Լոնդոնում, որոնք իրեն պատմել են Հայաստանի մասին. «Ուրախ եմ, որ այստեղ անձամբ կարող եմ տեսնել ձեզ ու կիսվել մասնագիտական խորհուրդներով: Յուրաքանչյուր եղանակ իր հետ բերում է նորաձեւության միտումներ, այդպես էլ դիմահարդարման մեջ է: Ճանապարհորդելով տարբեր երկրներով` ես միշտ նայում եմ, թե ինչպես են հարդարվում կանայք առօրյայում, դիտում եմ ֆիլմեր, սերիալներ, որ ավելի լավ հասկանամ կանանց: Եթե նայենք այժմյան միտումներին, ապա գլխավորը բնական լինելն է. գերիշխողը վայրի բնությունն է: Դիմահարդարման գույներն էլ բնությանը մոտ են` շագանակագույն, կանաչ, երկնագույն»: Յոնաս Վրամելի խոսքերով, կանանց համար դժվար է իրենց անընդհատ փոփոխել եւ ինքնուրույն տարբեր էքսպերիմենտների դիմել. «Ավելի գեղեցիկ ու ինքնավստահ լինելու համար շատ կարեւոր է փորձարկել տարբեր տենդենցներն ու համապատասխան դիմահարդարում գտնել: Կփորձեմ նորաձեւ տենդենցներով առօրյա դիմահարդարում անել»,- ասաց Յոնասը: Նա բեմ հրավիրեց մոդելին ու գործի անցավ: :) Շվեդ վիզաժիստը խորհուրդ տվեց երկու տոնային քսուկ գնել, դրանք խառնել, որ սեփական մաշկի գույնին լիարժեք համապատասխանի: Այնուհետեւ նշեց, որ թարթչաներկը քսելիս աչքը պետք է պայմանականորեն երեք մասի բաժանել` ավելի լավ արդյունք ստանալու համար. «Սկզբում քթի կողմում գտնվող թարթիչները ներկեք դեպի ներս, մեջտեղի հատվածը` դեպի վերեւ, ծայրի թարթիչները` դեպի դուրս: Հետո սեւ մատիտով ներկեք` խիտ տեսք տալու համար»: Դիմահարդարը նշեց, որ գեղեցիկ շրթունքներ կարելի է ստանալ կորեկտոր մատիտի օգնությամբ. «Շպարն ամբողջական դարձնելու համար պետք է ընդգծել նաեւ շրթունքները: Անջելինա Ջոլիի ոճի շրթունքներ ունենալու համար կա մի փոքրիկ հնարք. վերցրեք բաց ու մուգ երանգներով երկու մատիտ, մուգ մատիտով ընդգծեք բերանի ծայրամասերը, իսկ ավելի բաց երանգով մեջտեղի հատվածը: Այնուհետեւ նույն գույնի ավելի անփայլ շրթներկը քսեք»,- ասաց Յոնասն ու ավելացրեց, որ առանց խնամված ձեռքերի ու մազերի դիմահարդարումը չի կարող իդեալական լինել»: Յոնաս Վրամելն այժմ «Օրիֆլեյմ» ընկերության պաշտոնական դիմահարդարն է, հայաստանյան մասնաճյուղի հրավերով է եկել Երեւան: Մոտ 12 տարի զբաղվում է make-up-ով, համագործակցել է մի շարք հայտնի կոսմետիկ բրենդերի հետ, աշխատել եվրոպական ամսագրերի, մոդելների ու աստղերի հետ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: