Bravo.am-ի հարցազրույցը «ղարաբաղցի բաժանորդ»-ի հետ :)
Հեռուստահաղորդավար Մանե Գրիգորյանին արդեն մի քանի տարի է` տեսնում ենք եթերում` սկզբում ճանաչելով որպես Արթուր Գրիգորյանի դուստր, իսկ այժմ` նաեւ հաղորդավար: Ինչպիսի՞ն է Մանեն իրականում, ի՞նչ բնավորություն ու նախասիրություններ ունի: Հարցեր, որոնց պատասխանները փորձեցինք ճշտել հենց Մանե Գրիգորյանից:
«Բաժանորդը ղարաբաղցի է, խնդրում ենք խոսել մի փոքր զգույշ» :),- սա Մանեի բջջայինի զանգն է, ինչը մեզ շատ հետաքրքրեց:): Երբ հանդիպեցինք Մանեին, նա ասաց, որ այն ուղղակի հումոր է, եւ ինքը շատ է սիրում: Պարզվում է` Մանեն արդեն մեկ տարուց ավել է` իրեն զանգահարողներին փորձում է «վախեցնել» այդ հաղորդագրությամբ: :)
- Ի՞նչ արձագանքներ ես ստանում քեզ զանգահարողներից:
- Նախ ասեմ, որ այն ընտրել եմ “32”-ի հումորային զանգերից: Հենց լսեցի` ասացի. «Սա իմ համար է»: Բայց ընկերներ ունեմ , ովքեր հատուկ զանգում են, որ ասեն` զանգս փոխեմ, իսկ ես էլ ասում եմ. «Եթե ձեզ դուր չի գալիս, մի զանգեք» (ծիծաղում է):
- Ինչպե՞ս կներկայացնես քեզ, բնավորությունդ:
- Ես շատ հանգիստ, բայց, միեւնույն ժամանակ, ակտիվ մարդ եմ: Բնավորությունս մի փոքր ծանր է, եթե ինչ-որ հարցում ասում եմ «այո» կամ «ոչ», դա անփոփոխ է:
-Մի՞շտ ես այդպիսին:
- Կենդանակերպով կշեռք եմ. մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում եմ, որ հետո չսխալվեմ, չափսոսամ:
- Եվ ի՞նչ, հաջողվու՞մ է:
- Միայն հորս հետ կապված հարցերում դա այդպես չէ: Սկզբում պնդում եմ, որ ճիշտ եմ, բայց բավական է գիշերը մտածեմ, ու առավոտյան կանեմ այնպես, ինչպես նա է ցանկանում: Հետո պապան ասում է. «Որ գիտես` ճիշտ եմ, ինչի՞ ես հակառակվում»: Մենք շատ լավ ընկերներ ենք, մեկ-մեկ, երբ միմյանց հակասում ենք, ասում է. «Մեր ընկերությունը վտանգի տակ ես ուզում դնես» (ծիծաղում է): :)
- Հայրդ արգելքներ դնու՞մ է քո առջեւ:
- Վայ, շատ խիստ է :), իմ ամեն քայլի մասին նրան պետք է տեղյակ պահեմ: Երեկոյան էլ ժամը 19.00-ին պետք է տանը լինեմ:
- Իսկ դա պատճառաբանություն ունի՞:
- Պապան ասում ա, որ վախենում ա մեր քաղաքից, շատ բաներ մարդիկ կարող են սխալ տեսնել ու ընկալել:
- Իսկ մա՞յրդ:
- Մայրս ինձ համար կնոջ իդեալ է: Լինելով տնային տնտեսուհի` նա միեւնույն ժամանակ շատ կանացի է, կարծում եմ, ոչ բոլորին է դա հաջողվում: Մասնագիտությամբ նյարդաբան է, շատ մեղմ ու հանգիստ մարդ է: Երբ մենք երեկոյան հոգնած տուն ենք մտնում, նա մեզ է փոխանցում իր հանգստությունը: :)
- Ի՞նչ դեր ունի մայրդ քո մասնագիտական ընտրության հարցում:
- Մորս չլսելով` ես սխալ ընտրություն կատարեցի: 15 տարեկանում ավարտեցի դպրոցն ու մինչ այդ պարապում էի իրավաբանական ֆակուլտետ դիմելու համար, բայց հետո հորս ասացի, որ ուզում եմ մեկ տարի ուշ դիմել: Պապան ասաց` ոչ եւ երեք օր ժամանակ տվեց, որ որոշեմ, ուր եմ դիմելու: Ես էլ ընտրեցի լեզուներն ու դիմեցի Բրյուսով: Չորս տարի անիմաստ ժամանակ վատնեցի, քանի որ լեզուն մասնագիտություն չի, այն պետք է ուղղակի լավ իմանաս, որ այս կամ այն մասնագիտության հետ համատեղես:
- Իսկ հիմա շարունակու՞մ ես ուսումդ:
- Հիմա սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
- Հեռուստատեսություն մուտքդ ո՞նց եղավ:
- Մանկուց եղել եմ այդ աշխարհում: Դրա մեջ լինել ու չվարակվել այդ «հիվանդությամբ», կարծում եմ, անհնար է: Երբ փոքր էի, ուզում էի երգչուհի դառնալ, ու դրա համար տվյալներ էլ կային, բայց հայրս կտրականապես դեմ էր, ասում էր, որ իրեն մաքսիմալ լավ ձայն եւ ժամանակ է պետք: Հիմա շատ ուրախ եմ, որ երգչուհի չդարձա: Հետո եղավ այնպես, որ մրցանակաբաշխության ժամանակ Հրաչ Քեշիշյանի հետ ես պետք է պապային մրցանակ հանձնեի: Այդ ժամանակ էլ Հրաչը հավանեց իմ ձայնն ու առաջարկեց զբաղվեմ հաղորդավարությամբ: Առաջին անգամ Ավետի հետ վարեցի «Կանաչ գոտին», հետո եղան տարբեր համերգներ, «Ընծան», «Ռուբիկոնը» եւ այլն:
- Վերջերս ԱՄՆ–ում վարեցիր Armenian Music Awards մրցանակաբաշխությունը, դրա մասին ի՞նչ կասես:
- Սկզբում ինձ հրավիրեցին երեկոն վարելու, հետո տեղում առաջարկեցին, որ Կարմիր գորգ վարեմ, ես էլ համաձայնեցի. միջոցառումը շատ լավ էր կազմակերպված: Այլ հրավերներ էլ կան, որոնց մասին դեռ մտածում եմ:
- Հաղորդավարի մասնագիտական կրթություն ունե՞ս:
- Իհարկե, ես եղել եմ Երգի թատրոնի հաղորդավարական բաժնի առաջին սաներից: Ես էի, Ավետ Բարսեղյանը ... Հայրս էլ այն ժամանակ ասում էր . «Երեխուս ձեռս չի հասնում» :):
- Հիմա ի՞նչ է ասում հայրդ քո հաղորդման` «Ռուբիկոնի» մասին:
- Միշտ հետուստադիտողի աչքով է նայում ու ինչ-որ բան տեսնելու դեպքում իր նկատողությունն անում: Ես էլ սկզբում պաշտպանվում եմ, հետո ընդունում, որ նա ճիշտ է: :)
- Արթուր Գրիգորյանի անունն ի՞նչ դեր ունեցավ քո առաջընթացի համար:
- Բնականաբար, Արթուր Գրիգորյանի անունն իր դերը խաղաց: Մարդիկ ինձ ճանաչել են նախ որպես Արթուր Գրիգորյանի աղջիկ ու տեղ են տվել, բայց հիմա, կարծում եմ, ես կայացել եմ որպես հաղորդավար, ու ինձ ճանաչում են որպես Մանե Գրիգորյան:
- Ի՞նչ կասի Մանե Գրիգորյանն իր անձնական կյանքի մասին:
- Անձնական դեռ չունեմ ու դրա համար կոնկրետ ժամանակ չեմ նախատեսել:
- Տղամարդու իդեալ ունե՞ս:
- Արտաքինը չեմ պատկերացնում` ինչպիսին պետք է լինի. սիրում եմ եւ շիկահերների, եւ սեւահերների: Բայց բնավորությամբ ուզում եմ, որ հասկացող լինի, ընտանիքին նվիրված, աշխատող ու հումորով մարդ:
- Ի՞նչն ես կարեւորում` արտաքին, թե՞ ներքին գեղեցկությունը:
- Ներքին: Առաջնություն եմ տալիս մարդու բնավորությանը:
- Եթե ընտանիքի ու աշխատանքի մեջ երկընտրանքի առջեւ կանգնես, ո՞րը կընտրես:
- Ընտանիքը: Բայց չեմ կարծում, որ նա, ում կսիրեմ, իմ առջեւ նման խնդիր կդնի: Չնայած ընտանիք կազմելուց հետո չեմ պատրաստվում ժամանցային ծրագիր վարել, իմ մասնագիտության հետ կապված ավելի լուրջ ծրագրեր կան, որոնք կարող ենք հեռուստատեսությունում իրագործել:
- Քո ընտանիքի կարծիքը հաշվի կառնե՞ս ընտրություն կատարելիս:
-Այո, շատ եմ ուզում, որ իմ ընտրությունը նրանց համար էլ ճիշտ լինի, հատկապես հորս: Չնայած պապան ասում ա, որ իմ հարսանիքին չի գա, կտխրի. ինձ չի պատկերացնում այդ դերում: Անգամ հարսանյաց ժուռնալի համար նկարվել եմ, ժուռնալը տանն ա, ու մինչ հիմա չի նայել: Բայց հարսանիքիս գալու է, իմ ձեռքից չի փախչի: :)
- Հարսանյաց զգեստդ ի՞նչ գույն կլինի:
- Սպիտակ: :)
- Առօրյայում ի՞նչ գույներ ես նախընտրում:
- Շատ եմ սիրում կանաչն ու կապույտը: Հագնում եմ տարբեր գույնի շորեր, նայած տրամադրության, ինչպես որ երաժշտության մեջ է: Տրամադրությունից է նաեւ կախված` ինչ գույներով կնայեմ կյանքին:
- Ի՞նչը կարող է բարձրացնել տրամադրությունդ:
- Տարբեր բաներ, օրինակ, ընկերներիս հետ շփումը, նրանց շատ եմ սիրում, աշխատում ենք ամեն օր հանդիպել ու զրուցել:
- Իսկ նվերներ սիրու՞մ ես:
- Շատ, անկախ արժեքից այն շատ գեղեցիկ է դիտվում: Հայրս տարբեր առիթներով մորս նվերներ է տալիս, եւ դա շատ սիրուն է:): Հատկապես շատ եմ սիրում ծաղիկներ:
- Ո՞ր ծաղիկն է քո ամենասիրելին:
- Վարդը, սպիտակ վարդը:
- Մեր ընթերցողներին ի՞նչ կմաղթես:
- Թող միշտ ժպտան:) :
- Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում անել:
- Ապրիլին թեզի պաշտպանություն ունեմ, հիմա դրանով եմ զբաղված:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Մանե Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: