Արաբական աշխարհի հայ աստղը
Ներկայացնում է WOW ամսագիրը
Արաբական աշխարհի ամենահայտնի երգչուհիներից Nourhanne-ն ազգությամբ հայ է: Նրա փառքը անցել է Արաբական աշխարհի սահմաններն ու հասել նույնիսկ Եվրոպայի մի մասն ու ԱՄՆ: Նրա “Taa habibi” երգը միակ արաբական կատարումն էր, որն ընդգրկվեց Euro Dance երգի մրցույթում եւ քվեարկությամբ հավաքեց ընդհանուր ձայների 43%-ը: Նրա առաջին ալբոմի “Habibi ya einy” երգը միջազգային հիթ է համարվում եւ մասնակցել է 12 միջազգային մրցույթների: Nourhanne-ն Կահիրեյում Oscar Video Clips festival-ին արժանացել է “Կնոջ լավագույն վոկալ” մրցանակին: Այս ամենի հետ մեկտեղ Nourhanne-ն նաեւ պարծենում է իր հայ արմատներով ու հիանում հայ տղամարդկանցով:
- Կարդալով կայքումդ զետեղված կենսագրությունդ` տեղեկացանք, որ մանկուց երազել ես փայլել բեմում: Ինչո՞ւ այլ երեխաների պես մանկական երազանքներ չունեիր:
- Ես ի ծնե տարբերվում էի մյուսներից: Ես պաշտում էի տեսախցիկները, հագնում էի մայրիկիս զգեստները եւ դիմահարդարվում նրա պարագաներով, հարդարում մազերս աստղերի պես: Ես չէի խաղում ընկերներիս հետ, ինչպես իմ մյուս հասակակիցները… Ես ուզում էի բեմի լուսարձակների տակ լինել:
- Մենք նաեւ գիտենք, որ քո երակներում հայի արյուն է հոսում: Կպատմե՞ս արմատներիդ մասին:
- Մայրս հայուհի է: Հայրս նրանից սովորել է հայերեն խոսել: Մենք տանը հաճախ հենց հայերեն ենք խոսում: Քեռակինս նույնպես հայուհի է:
- Վերջին անգամ ե՞րբ ես Հայաստանում եղել: Մտածո՞ւմ ես Հայաստան այցելության մասին:
- Մայրիկիս հետ երեք տարի առաջ այցելեցինք Հայաստան եւ հանդիպեցինք մեր զարմիկներին: Հույս ունեմ եւ ցանկանում եմ կրկին Հայաստանում լինել:
- Հետաքրքրվա՞ծ ես հայկական մշակույթով: Արդյո՞ք դու էլ հայկական մշակույթի կրողն ես:
- Ես պաշտում եմ հայկական մշակույթը: Տանը հայկական սպասք ունեմ, որը տատիկս է Հայաստանից բերել: Ինձ շատ է դուր գալիս հայկական մշակույթը, այդ իսկ պատճառով այժմ հայ կատարողներից մեկի հետ զուգերգ եմ պատրաստում: Անակնկալ է…
- Կյանքդ եւ կարիերադ պատկերացնո՞ւմ ես Հայաստանում:
- Ինչո՞ւ ոչ, պատկերացնում եմ: Հայաստանը գեղեցիկ երկիր է, եւ մարդիկ էլ չափազանց բարեկիրթ են:
- Արաբական աշխարհում աստղ ես, հաջողությունների ես հասել նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, բայց ձայնագրություններդ Հայաստանում չեն տարածվել: Ինչո՞ւ չես աշխատում հայկական շուկայի համար:
- Այդ մասին մտածել եմ… Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի իմ նոր սինգլից հետո: Ամեն ինչ դեռ առջեւում է:
- Ծանո՞թ ես հայ կատարողներին:
- Շատ եմ սիրում Գի Մանուկյանի երաժշտությունը: Նա նույնիսկ աշխատել է ինձ հետ “Habibi ya einy” երգի շրջանակներում:
- Հավանո՞ւմ ես հայ տղաներին:
- Այոոոոոոոոո~, հատկապես այն հայ տղամարդկանց, ովքեր նման են պապիկիս:
Հարցազրույցը` Մհեր Բաղդասարյանի
Նյութը եւ լուսանկարները` WOW ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: