Bravo.am-ի հարցազրույցը Ռոլանդ Գասպարյանի հետ համերգի նախօրեին
“Ռեինկարնացիան” ծնունդը համերգով կնշի
Հոկտեմբերի 30-ին “Ռեինկարնացիա” խումբը Fashion ակումբում տոնելու է 9-ամյակը: Խմբի հիմնադիր, երգերի հեղինակ եւ վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը “լավ քեֆ” է խոստանում: Մեր զրույցը կայացավ անմիջապես ձայնագրման ստուդիայում, ուր թողարկմանն է պատրաստվում խմբի նոր ձայնասկավառակը:
- Bravo.am-ը շնորհավորում է հայկական միակ ռեգգի խմբի տարեդարձը: Էլ ի՞նչ ծնունդ առանց ռեգգի երգելու ու երկրպագուների :)
- Ավանդույթ է դարձել խմբի ծնունդը համերգով նշելը: 20:00-ից մինչեւ կեսգիշեր շատ-շատ հետաքրքիր կլինի: Նոր ալբոմի երգերից էլ ենք երգելու: Տորթային վիճակներ… Բայց մանրամասները չգիտեմ. surprise են անելու ընկերներս: Մեզ շնորհավորելու են Dorians եւ Another story ռոք-խմբերը: www.reincarnation.am կայքի բացման մասին կհայտարարենք: Այն վերափոխել ենք, ավելի պրոֆեսիոնալ դարձրել: Տարբեր դեմքեր են գալու, չեմ ուզում ասել հայկական շոու-բիզնեսից, որովհետեւ “խնդալու” է:
- Դրա համար ե՞ս շոու-ֆիտնես անվանում:
- Հա: Լավ մարդիկ են գալու, խմբի երկրպագուները: Հաստատ գիտեմ` լավ քեֆ ենք անելու:
- Հիմա “Ռենիկարնացիան” շոու-բիզնեսում կա՞, թե ոչ:
- Շատերը մեզ էլ են համարում էդ շատ վատ բանից. չեմ ուզում բերանս կեղտոտել: Դու կարող ես լինել դրա մեջ, բայց էդ կեղտի հետ կապ չունենաս:
Նոր ալբոմը լույս է` “Մի գդալ սեր”
“Ռեինկարնացիա” խմբի նոր` “Մի գդալ սեր” կոչվող ձայնասկավառակը լույս կտեսնի դեկտեմբերին: Համանուն երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Ռեժիսորը Ռոլանդն է:
- Մի գդալ սեր բոլորիցս պակասել է: Քաղաքից մի գդալ գույն էլ է պակասել, մի գդալ հարգանք: Էնքան են սեւ-սեւ ջիպեր քշում, որ Երեւանի գույները խամրել են: Բայց հաստատ գիտեմ` ամեն ինչ դեպի լավն է փոխվելու, 100 տոկոս: Առաջին փոխողները մենք ենք:
- Ինչպիսի լավատեսություն :)
- Չէ, պարտիզան եմ պարզապես :) 11 երգ ենք ուզում դնել, բայց դեռ մտորումների մեջ եմ: Չի բացառվում, որ տեսահոլովակի պրեմիերան ամսի 30-ին անենք: Տեսահոլովակում մենք չկանք: Այսօր բոլոր հայկական clip-երում միայն դեմքեր են երեւում` ռեժիսորի, կամերան վարձով տվողի… ”Մի գդալ սերը” հայկական, իմ Երեւանի, իմ իդեալ Երեւանի տեսահոլովակն է:
- Քո Երեւանը էլ չկա՞:
- Չէ, ցավոք սրտի էլ չկա: Էդ Էրեւանից մենք ենք մնացել. դրա արդյունքն ենք:
Հայկական հոտով ռեգգին
- Այսօր ի՞նչն ես ռեինկարնացիայի ենթարկում` վերամարմնավորում, վերափոխում:
- Ամենակարեւորը` ուզում եմ իմ մի տարվա աշխատանքը նոր CD-ի մեջ ռեինկարնացիա դառնա, ու բոլորը իմանան` ինչ է մեջս փոխվել: Նախկին ալբոմը հասարակ ռեգգի է հայերեն լեզվով, այս մեկը հայկական ռեգգի է: Հայկական հոտ կա մեջը, էթնիկ է: Ինձ համար շատ կարեւոր է դա: Բայց լավ music-ը մնում է լավ music: Երաժշտությունը միակն է, որ սահմաններ ու ազգ չգիտի: Ազգերի ախպերություն կա, մենք մերն ունենք, ուրիշինն էլ ենք հարգում, mix ենք անում:
Ռոլանդը ուրիշի կնոջը իր տուն չի բերի
- Քեզ երգ նվիրեն, չե՞ս ընդունի:
- Չէ, չեմ կարող, երգերս ես եմ գրում, պետք է զգամ: Ոնց որ գնաս ուրիշի կնոջը բերես քո տունը պահես: Ուրիշի կինն է, հա, կսիրես, կփայփայես, բայց մեկ է քոնը չի: Իմը չի:
- Խմբիդ անդամների՞ն էլ ուրիշին չես տա:
- Հա :) Հիմա 8 հոգի ենք, բայց շատանալու ենք: Շուտով 12-ը կդառնանք: Հայկ Ղազարյան` շեփոր, Դավիթ Մինասյան` տրամբոն, Մարեկ Զաբորսկի` թմբուկներ, Արթուր Հովակիմյան` ստեղնաշարային գործիքներ, Դավիթ Եսայան` բաս կիթառ, Արթուր Գրիգորյան` սաքսոֆոն: Ռաֆիկ Ավագյանն է միացել բլուլ, դուդուկ, զուռնայով:
- Ռոքից ռեգգի անցար: Վերջնակա՞ն ընտրությունդ է:
- Այո, չեմ կարող ինձ ծրագրավորել. ռեգգին է իմը: Լավ ռոք-խմբեր ունենք, պարզապես պրոդյուսերները “սպիտակցիների” են նախընտրում:
- Կարո՞ղ է ուրիշ մասնագիտություն էլ ունես:
- Գինեկոլոգ եմ /կատակում է/: Բարձրագույն կրթություն չունեմ, դպրոցից հետո Ամերիկա գնացինք, բայց սփյուռքային վիճակներ մոտս չկա, 11 տարի է Հայաստանում եմ: Հետո գիտեի, որ ուրիշ ուղիով եմ գնալու, զգում էի:
“Ռեինկարնացիայի” Ռոլանդը 5 տարում 10 երեխա է ունենալու
- Թեւիդ` հույս, սեր, հավատ…Դաջվածքներդ ավելացե՞լ են:
- Տատուները կյանքի մեծ գիրք են: Մեկ-մեկ հին տատուներիս եմ նայում ու շատ եմ ուրախանում: Ինչերի միջով եմ անցել, ամենատարբեր կերպ եմ մտածել, հավատ չեմ ունեցել… Բայց այդքանից հետո այսօր ինձ համարում եմ 99 տոկոսով երջանիկ մարդ: Մի տոկոսն էլ կավելանա, երբ պապա դառնամ:
- 5 տարում 10 երեխա ունենալու նպատակդ ի՞նչ փուլում է :)
- Կունենամ, արդեն 6 տարի է ընկերուհուս` Արմինեի հետ եմ: Ամուսնացած ենք էլի, հարսանիքային վիճակները չեն լինի: Հաջորդ տարի ուզում ենք գնալ Աֆրիկա ման գալու: Հաստատ եմ ասում, արդեն օրագրիս մեջ գրել եմ:
- Հնդկաստան էիր ուզում գնալ:
- Արմինեն Հնդկաստան է ուզում, ես ասում եմ` Աֆրիկա: Խառը վիճակների, բանակցությունների մեջ ենք: Ամեն կերպ ուզում եմ համոզել, որ գնանք Աֆրիկա:
- Էլի Բոբ Մարլիի նկարով շապիկ ես հագել:
- Պոզիտիվի մեջ եմ, Բոբ Մարլիի նկարով շապիկների հավաքածու ունեմ, ընկերներս են նվիրում. արտասահմանից առանց գլխարկի ու շապիկի չեն վերադառնում:
- Նոյեմբերին օվկիանոս ես անցնելո՞ւ:
- Fashion ակումբում համերգից մի 6 օր հետո մեկնելու եմ Ամերիկա` մրցանակաբաշխությունների եւ թելեթոնին մասնակցելու: Վերջինը ինձ համար շատ կարեւոր է: Հեսա “Մի գթալ սեր” ալբոմը լույս կտեսնի, հաջորդ տարի էլ մեծ մենահամերգ ենք նախատեսում:
Հ.Գ. Bravo-ն առաջինն է, ով լսեց “հայկական հոտով” ռեգգին: Հրաշալի էր: Շուտով ինքներդ կհամոզվեք :)
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
7,544






