“Մեր դրոշը Աֆրիկայի Նուբա սարն եմ բարձրացրել”
Ալեքսանդր Կարախանյանը` So-Lo-ն, Հոլանդիայում ռեփ է կարդում: 27 տարեկան է, հայուհու հետ է ամուսնացել ու ոչ մեկին խորհուրդ չի տալիս այլազգի հետ ամուսնանալ. “Հայից լավը չկա”: Հայերեն, անգլերեն լեզուներով էլ է ստեղծագործում, բայց երգերի մեծամասնությունը հոլանդերեն է: Հիմա հայերեն լեզվով ալբոմ է պատրաստվում թողարկել: So-Lo-ի “Հայ եմ ես” երգը սիրվել է Սփյուռքում, իսկ Ալեքսանդրը Աֆրիկայում տեսահոլովակ է նկարահանել ու մեր դրոշը Սուդանի Նուբա սարն է բարձրացրել:
- Ե՞րբ գրելուդ մուսան եկավ:
- 2004 թվականին սիրահարվեցի մի հայուհու, որ արդեն կինս է: Չէի կարողանում զգացմունքներս արտահայտել, որոշեցի երգի խոսքեր գրեմ ու դրա միջոցով սերս արտահայտեմ: Դա դարձավ իմ առաջին երգը. անգլերեն է, ինչ սիրտս թելադրել է, գրել եմ:
- Մինչ սիրահարվելդ ի՞նչ էիր անում:
- Ֆուտբոլիստ էի ուզում դառնալ: Մորաքրոջս տղան ՀՀ հավաքականի եւ “Փյունիկի” ավագ Սարգիս Հովսեփյանն է, ցանկանում էի իր նման լինել, բայց այնպես ստացվեց, որ վնասվածք ստացա, հետո հանդիպեցի Գայանեին ու նոր ուղի ընտրեցի:
- Որտե՞ղ ես ապրում:
- Այսօր Հերենվեն քաղաքում եմ ապրում: Երեւանին նման է շատ, անգամ` անունով: Նիդեռլանդների հարավային Ֆրիսլենդ պրովինցիայի քաղաքներից է:
- Ինչպիսի՞ն ես հիշում Երեւանը:
- Շատ լավ եմ հիշում, 14 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք: Պետք է գամ, տեսնեմ Երեւանը: Մեր բակում ֆուտբոլի դաշտ չունեինք, ասֆալտի վրա էինք խաղում, քար էինք դնում, դա էլ մեր դարպասն էր դառնում:
- Դու՞ էլ ես շատերի նման առաջին անգամ մանկապարտեզում “տաղանդդ” ցույց տվել:
- Գնալուս առաջին օրը մեղու էր մտել մանկապարտեզ, փախչեցի ու հետո լացում էի, խնդրում, որ ինձ այնտեղ չտանեն:
- Ես էլ եմ առաջին օրը փախել մանկապարտեզից :): Իսկ դպրոցում ի՞նչ հաջողություններ ես գրանցել:
- Ներկայացումներ էինք պատրաստում: Շատ եմ ցանկանում թատրոնում խաղալ: Երաժշտական դպրոց եմ հաճախել:
- Ռեփերին մշակված ձայն պետք չի՞:
- Ռեփի մեջ երգելն այդքան կարեւոր չի, բայց ես երգում էլ եմ: Ինձ թվում է` նորմալ է ստացվում:
- Ի՞նչ ոճերում ես հանդես գալիս:
- Ռեփ ու R&B: Շատ էի լսում ռեփ կատարումներ ու սիրում 2 Pac, 50 cent: Հոլանդիայում մի 10 տարի է` ինչ նորաձեւ է դարձել ռեփ կատարելը, բայց հայտնի արտիստները շատ չեն ու ամերիկյան ռեփերներին չեն հասնի:
- Քանի՞ երգ ունես:
- 4 տարվա աշխատանք, մոտ 80 երգ: Հեղինակը ես եմ. տեքստերն էլ եմ ինքս գրում, իմ մտքերն եմ արտահայտում երգերումս: Մի հայ երիտասարդ կա` Masterbeatz-ը, իր հետ եմ համագործակցում: Ինձ համար մի քանի անգամ ագրեսիվ երաժշտություն է գրել: Իմ գրածներն ավելի մեղեդային են ստացվում:
- Ռոմանտիկ ռեփեր ե՞ս:
- Չեմ կարծում, բայց սիրո մասին շատ եմ գրում: Հենց առաջին երգս` “Սիրահարված եմ”-ը այդ թեմայով էր: Կյանքից վերցրած երգեր են. չեմ սիրում ավտոմեքենայի, հարստության մասին ռեփ կարդալ: Ինչ տեսել եմ կյանքումս, ինչ ապրումներ եմ ունեցել, դրանք եմ ներկայացնում:
- Կյանքդ պատմիր :):
- Եկանք այստեղ, մարդիկ այնքան սառն էին, մեզ դժվար էին ընդունում, տեղ չէին տալիս: Այդ պատճառով շատ խնդիրներ ունեի:
- Շատ ե՞ս կռիվ արել դպրոցում:
- Սկզբից շատ: Հայկական մենթալիտետից էր: Հետո կամաց-կամաց հասկացա` կռվելով ոչնչի չեմ հասնի: Սկսեցի բանի տեղ չդնել, անցավ-գնաց:
- Հայ ընկերներ շատ ունե՞ս:
- Հայ համայնքը գնալով մեծանում է: Բոլորն ինձ ճանաչում են որպես հայ արտիստ: Բելգիայից էլ են շատերը ճանաչում:
- Որտե՞ղ ես երգում:
- Միջոցառումների ժամանակ եմ երգում, հրավիրում են հաճախ:
- Ձայնասկավառակ ունե՞ս:
- Անցյալ տարի առաջին CD-ս թողարկեցի: Քանի որ բեմական անունս So-Lo է` ամեն ինչ ինքս եմ անում` “սոլիստ” եմ: Սկզբում խումբ ունեի, հետո որ մենակ էի ստեղծագործում, սկավառակս անվանեցի “So-Lo gaat solo” ` “Սո-լո-ն ամեն ինչ մենակ է անում”: Անտուն մարդկանց մասին երգ ունեմ CD-ում, հայերեն ու անգլերեն լեզուներով մորս ու բոլոր մայրերին նվիրված երգ ունեմ: Մայրս հուզվում ու լացում է այն լսելիս: Ցեղասպանության մասին էլ երգ ունեմ: Հոլանդիայի Ասսեն քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան-խաչքար են տեղադրել անցյալ տարի ապրիլին, հենց այդտեղ էլ տեսահոլովակն եմ նկարահանել:
- Երգերդ հեռարաձակո՞ւմ են:
- Մարզերում ռադիոներով հնչում է, հեռուստատեսությամբ էլ ցուցադրում են, բայց ամբողջ պետությունում դեռ հայտնի չեմ: Բայց…
- Ի՞նչ` բայց:
- Աղքատության եւ դժվարության մեջ ապրող երեխաների մասին երգ էի գրել` “Kinderen in nood”: Երաժշտության որոշ հատվածներ վերցրել եմ Քրիստինե Պեպելյանի “Մայրիկ” երգից: Հոլանդիայի բարեգործական ընկերություններից մեկն երգս լսեց եւ առաջարկեց մեկնել Սուդան` Դարֆուրի կոնֆլիկտի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներին մասնակցելու: Որպես լրագրող եմ հանդես գալիս այդ ֆիլմում. հարցազրույցներ էի անցկացնում բնակիչների հետ:
- Դա ե՞րբ էր:
- 2007 թվականի մայիսին եմ Աֆրիկա մեկնել: Տեսահոլովակս էլ այնտեղ նկարահանեցի: Երեւի առաջին հայերից մեկն էի Դարֆուրում: Երկու շաբաթ մնացինք, շատ դժվար էր, դպրոցներ, մանկատներ էինք այցելում: Այդ վավերագրական ֆիլմը, որի ընթացքում իմ երգն էր հնչում, ցուցադրեցին Հոլանդիայի Հանրային հեռուստատեսությամբ: Բայց տեսահոլովակս շատ չեն ցուցադրում, ասում են` կոմերցիոն չի:
- Ինչո՞ւ քեզ ընտրեցին:
- Երգս էր հուզել: Շատ էին հավանել` խոսքերը, երաժշտությունը: Միշտ հեռուստատեսությամբ ասում են, որ օգնենք երեխաներին` փող փոխանցելով, ես էլ ազդվեցի ու այդ երգը գրեցի:
- Շապիկներիդ հայկական դրոշ է նկարած:
- Բա մեր դրոշը բարձրացրել եմ Սուդանի Նուբա սարի գագաթը:
- Հայ ռեփերներին հավանո՞ւմ ես:
- Հ.Տ. Հայկոն, Միշոն լավ երգեր ունեն:
- Դաջվածքներ, ծանր վզնոցներ չունե՞ս:
- Չէ, ես համեստ եմ, դաջվածք չունեմ, մի խաչ ունեմ: Համեստ ռեփեր եմ ես: Ինձ համար ավտոմեքենան, հարստությունը նշանակություն չունեն, ես գտել եմ իմ հարստությունը, շուտով երեխա եմ ունենալու:
- Ռեփերությամբ կարողանո՞ւմ ես գումար վաստակել:
- Հա, ստացվում է: Ձայնասկավառակս էլ է վաճառվում:
- Այլ բիզնես ունե՞ս:
- Չէ, հիմա պրոդյուսերություն եմ սովորում, ցանկանում եմ նաեւ իրավաբանություն ուսումնասիրել, որ երաշխիք ունենամ: Եթե երաժշտական կարիերաս չստացվի, այլ գործ կունենամ: Ցանկանում եմ Հայաստան գալ ու հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալ:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` So-Lo-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: