87 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: AFP-ը հայտնում է, որ նա մահացել է Փարիզին մերձակա Նեմուր քաղաքում գտնվող իր տանը՝ շրջապատված իր երեխաներով:
Ավելի քան 150 ֆիլմում նկարահանված Կարդինալեն եղել է Ֆեդերիկո Ֆելինիի եւ Լուկինո Վիսկոնտիի մուսան, 1960-ականների սեքս խորհրդանիշը:
Կլաուդիա Կարդինալեն ծնվել է Թունիսում: 17 տարեկանում հաղթել է գեղեցկության մրցույթում ու Թունիսի ամենագեղեցիկ իտալուհին ճանաչվել: Այդ կոչման շնորհիվ իրավունք է ստացել մեկնել Վենետիկի կինոփառատոն, որտեղ էլ իր վրա սեւեռել է հայտնի ռեժիսորների ուշադրությունը:
Կարդինալեն նկարահանվել է Ալբերտո Կավալկանտիի «Վենետիկյան ամուսնություններ» (1958), Պիետրո Ջերմիի «Սպանություն իտալական ձեւով» (1959), Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ եւ կես» (1962), Ֆիլիպ դը Բրուկայի «Կարտուշ» (1962), Լուիջի Կոմենչինիի «Բուբեի հարսնացուն» (1963), Լուկինո Վիսկոնտիի «Հովազը» (1963), Ռիչարդ Բրուկսի «Պրոֆեսիոնալները» (1966), Ֆրանկո Ձեֆիրելիի «Հիսուս Նազովրեցին» (1977) եւ բազմաթիվ այլ ֆիլմերում:
Հայ կինոսերների համար խորհրդանշական է նրա կերպարը Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում (1991), որը Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիա գաղթած Զաքարյանների ընտանիքի մասին է: Դերասանուհին մարմնավորել է Արաքսին՝ Ազատի մորը:
2010 թվականին Կլաուդիա Կարդինալեն հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ համաշխարհային կինոյում իր վաստակի համար հատուկ մրցանակի արժանացել:
«Անրի Վեռնոյի հետ աշխատել եմ մեծ հաճույքով, իսկ Հայոց ցեղասպանության մասին տեղյակ էի մինչեւ ֆիլմում նկարահանվելը: Առհասարակ իմ բախտը բերել է՝ ամբողջ կյանքում աշխատել եմ լավագույն կինոռեժիսորների հետ: Իմ գործունեությունը ծավալել եմ իտալական կինոյի ոսկե տարիներին»,- Երեւանում ասել է Կարդինալեն:
Դերասանուհին իր լավագույն ֆիլմերը համարում էր Ֆեդերիկո Ֆելինիի «8,5»-ը եւ Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծը», իսկ լավագույն խաղընկերներ՝ Ալեն Դելոնին եւ Մարչելո Մաստրոյանիին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: