×


«Ապագայի կինը» մրցույթի հաղթողները հայտնի են:)

BRAVO.am-ն ու “Կոնվերս բանկը” ամփոփում են կանանց տոներին նվիրված «Ապագայի կինը» մրցույթը:

Մրցույթի պայմաններով, դրան մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է գրեին էսսե (շարադրություն) «Ապագայի կինը» թեմայով, որի ծավալը չպետք է գերազանցեր 300 բառը:

“Կոնվերս բանկը”


Ամփոփելով մրցույթը՝ հայտնում ենք, որ ներկայացվել էր մոտ 40 աշխատանք, որից Մեդիամաքս-ի եւ “Կոնվերս բանկի”-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին ընտրել է 3 հաղթողներին: Ընտրություն կատարելիս հաշվի են առնվել հետեւյալ չափանիշները. աշխատանքի գաղափարը, այն ստեղծագործական կերպով ներկայացնելու ունակությունը եւ ոճը:

Եվ այսպես, մրցույթի հաղթող է ճանաչվում Սաթինե Սմբատյանը, ով “Կոնվերս բանկից” կստանա Կանանց քարտ` 50.000 դրամ մնացորդով: Երկրորդ տեղը գրավում է Էլեոնորա Բեգոյանը, ով կարժանանա Կանանց քարտի 30.000 դրամ մնացորդով: Եռյակը եզրափակում է Հասմիկ Թարզյանը, որը կստանա “Կոնվերս բանկի” Կանանց քարտ՝ 20.000 դրամ մնացորդով:

«Ապագայի կինը» մրցույթի հաղթողները հայտնի են:)


Ստորեւ ներկայացնում ենք բոլոր երեք հաղթողների էսսեները:

Սաթինե Սմբաթյան

Մտաբերեք, թե որն է շախմատում ամենաուժեղ ֆիգուրը: Շատ ճիշտ եք՝ թագուհին: Մինչ թագավորը՝ կծկված իր գահին, վախվորած, անդյուրաշարժ ու սահմանափակ շարժումներ է անում, որոնք նման են իր առանցքի շուրջը պտույտների, նրա կինը տիեզերական տարածություններն է չափչփում: Բայց այս քմահաճ տիկինն անհայտ հորիզոններում զբոսանքի չի դուրս եկել: Նա ոտքի է ելել պաշտպանելու իր երկիրը, իր տունը, իր տիեզերքը եւ, ամենակարեւորը, իր ամուսնուն: Հընթացս նա կատարում է երկու ամենաբարդ գործերը. կազմակերպում է պաշտպանական ու հարձակողական աշխատանքը եւ ճիշտ որոշումներ է ընդունում: Սովորաբար թագուհին ստվերից դուրս է գալիս խաղի միջնամասում, երբ թագավորությունը վտանգված է:

Շախմատում թագուհու ֆիգուր չի եղել: Այն երկրներում, որտեղ ենթադրաբար ստեղծվել է այդ խաղը, կանանց դերը նվազագույնի էր հասցված: Հետագայում խաղի մեջ մտցրին ֆերզ անունով ֆիգուրը, որը պարսկերենից թարգմանած նշանակում է վեզիր կամ զորավար: Բայց քանի որ շախմատը լայն տարածում ուներ կանանց դերը գնահատող քաղաքակիրթ Եվրոպայում, այնտեղ ֆերզին տվեցին նաեւ թագուհի անվանումը: Ֆիգուրի կարգավիճակն էլ ամրապնդելու համար գլխին թագ ամրացրին:

Թագուհին, ի տարբերություն մյուս ֆիգուրների, կարող էր տեղաշարժվել եւ հորիզոնական, եւ ուղղահայաց, եւ շեղակի: Այսինքն՝ ազատ էր իր գործողություններում: Սկզբում թագուհին տեղաշարժվում էր միայն իր դաշտում: Բայց… հետո տեսան, որ նրա բնատուր խելքի, ինտելեկտի, կանխազգացումի, անձնուրաց նվիրումի եւ հուսահատ քայլերի համար կես դաշտը քիչ է: Նրան “թույլատրեցին” (ավելի ճիշտ՝ նա իր համար “մուտքի վիզա” նվաճեց) գործել նաեւ մրցակցի դաշտում, եւ այդ ժամանակ թագուհին լիարժեք դրսեւորվեց իր ողջ շուքով, հմայքով, իմաստնությամբ, նաեւ՝ անկանխատեսելի քայլերով:

…Տեսնես ի՞նչ է անում թագուհու ամուսինը, մինչ կինը զբաղված է թագավորությունը փրկելով: Հա, երեխաներին է խնամում: Իհարկե՝ շատ անկազմակերպ: Նաեւ այն մտայնությամբ է տառապում, թե ինքն ամեն ինչ է, իսկ կինը՝ առանձնապես ոչինչ: Թող շարունակի այդպես կարծել: Դա ձեռնտու է կնոջը:

Ինչպիսին կլինի ապագայի կի՞նը. ինչպես միշտ՝ ամեն ինչ: Ծնկաչոք հատակ լվացողից մինչեւ աստվածակերպ փարավոն ու Հռոմի Պապ: Ճիշտ է, վերջինը եզակի դեպք է, բայց թե կինն այդ “գործում” էլ է իրեն փորձել:

Էլեոնորա Բեգոյան

Կարծրացած, մութ ու աղճատված, խեղված, հավասարության պայքարից քշված, հավերժ բքախեղդ Ես: Նայում ես ինձ` ու…. Ու ոչինչ: Ոչինչ չի փոխվել: Կարծես թե նույնն եմ` կին` նուրբ, գեղեցիկ, աչքերիդ համար քնքուշ: Բայց…. Բայց դու էլ չես ուզում պահպանել ինձ: Ես հիմա քեզ համար շատ ուժեղ եմ, շատ ինքնուրույն, շատ ազատ, շատ ամբողջական, շատ արժեւորված, շատ գործնական,  ու շատ առնական, շատ, շատ, շատ…. Ես քեզ համար Շատ եմ: Այնքան Շատ, որ էլ չես նկատում, որ ես կին եմ: Տեսնում ես կամք՝ ամուր, անհողդողդ, անտոկուն կամք: Տեսնում ես միտք` սուր, պայծառ ու մթին նաեւ, խորն ընդհատակից ու ծանծաղ, ծանծաղ: Տեսնում թռիչք անավարտ, վերելք, աստղեր, արեւներ, պայքար, ու պատերազմ անվերջ…. Ու՞մ դեմ եւ ինչու՞:

Նայում ես աչքերիս, նայում ուշադիր, նայում անթարթ, նայում…. Ու տեսնում հուր, կրակ, կայծ, բոց, հրավառություն, մի հրեղեն էակ: Ոչ, դու դա չես տեսնում, դու դա հիշում ես: Ես հիմա մի անաստված ռազմիկ եմ միայն իմ իսկ պայքարում: Չես տեսնում խորքը, չես տեսնում քողարկված մութն իմ հոգու: Քեզ համար ես հիմա  ստեղծող եմ, արարիչ: Ու չես պայքարում, չես  դիմադրում: Համակերպվել ես:

Ձեռք տուր, հպվիր, շոշափիր դու ինձ: Տեսնու՞մ ես, զգու՞մ: Ես քո հիշողությունների կնոջ սառն արտացոլումն եմ միայն: Ձեռքերդ սահում են մարմնիս վրա: Սահու՞մ, թե սառու՞մ: Չեմ արձագանքում, քեզ չեմ զգում ես: Ու շոշափում ես սառնություն, մահվան սառնություն: Չկա արյուն, արյան շարժ, չկա շունչ, թեկուզ եւ սառը: Չկա: Չկա սիրտ, սրտի բաբախյուն: Տեսնում ես կին, ոչ` կնոջ արտացոլանք միայն, ում էլ չես զգում, ում չես շոշափում: Սառույց, քար սառույց` անշունչ, անսեր, անկյանք  մահաբույր:

Ու վախենում ես, ու երկրպագում դողով, ու չգիտես ում….

Դու սա՞ ես ուզել: Ես, որ ուզել եմ սեր, հոգատար սեր: Ուզել եմ լինել, լինել ուղղակի կողքիդ, ուղղակի քեզ հետ:
Դու դեռ կարող ես: Կարող ես փրկել, վերջ տալ սառցակալմանը, վերջ տալ խեղաթյուրմանը:

Ուզում եմ մնալ, լինել, ոչ թե վերածվել ու դառնալ հիշողություն:

Դու դեռ կարող ես դառնալ Ներկա:

Հասմիկ Թերզյան

- Քա´ հլը աշե Վարդուշի հարսը ինչխ ժիր է, տղամարդու պես գործ կենե, Ամալի հարսը գիշերը չի քնի, լավաշ կթխե, բա չէ, մեր «ուսումով» հարսի պես` դպրոց-տուն, դպրոց-տուն, մեր ծով հողերը վե՞վ պիտի մշակե…
Մինչ «ուսումով» հարս ունենալը քո ամենամեծ դժբախտությունն էիր համարում, իմ «անուսու´մ» սկեսուր, հարսդ աղոթում էր.
- Տե´ր, զորությու´ն տուր, որ լույս արարեմ:
 Միայն երեք անգամ այս լուսե աղոթքը հզոր ու ստեղծագործ պոռթկում դարձավ, ու արարվեցին երեք լույս զավակներ, եռակի լույս բռնկվեց  օջախումդ:
…Ուսումով հարսդ շարունակում էր աղոթել.
- Տե՛ր իմ, ես էլ եմ քո ստեղծածը,
Այն էլ ինչպիսի տքնանքով, ջանքով,
Եվ ի՜նչ բերկրանքով կկոցել ես դու,
Աչքերը քո լուրթ ու աստվածային`
Տեսնելով քո դեմ քո իսկ ստեղծած կինն աստվածային,
Այդ կինը ես եմ:
Իմ դժբա´խտ սկեսուր, ուսումով հարսը չէր դժբախտությունդ. ավա՜ղ, հասկացար որդուդ կորստից հետո, չէ´, չհասկացար:
Ուսերդ ճկվեցին վշտի բեռից, դու պատրաստ չէիր դրան, որովհետեւ ուսումով հարս չէիր եղել, որ գիտակցությունդ հաղթեր, կանգնեիր հարսիդ կողքին ու մեծացնեիք «ապագայի մարդկանց»: Իսկ ուսումով հարսիդ մեջ ծնվել էր արդեն ապագայի կինը, ով գիտեր սեղմել ատամներն ու աղոթելով տանել իր լույսերին առաջ.
- Այդ կինը ես եմ, որ ցանկացել է միշտ լույս արարել,
Բայց ավա՜ղ, միշտ էլ նա չի հասցրել:
Հասցնում էր ուսումով հարսը աշխատել` ուսումով հաց բերել տուն, համակարգչի հետ կռիվ տալ իննսունականների մռայլ տարիներին ու…աղոթել ապագայի կնոջ աղոթքը.
- Այդ կինը ես եմ ու կրկնվելով`հասել եմ ես ինձ,
Եվ եթե հիմա մերժելու ես ինձ,
Գեթ այնպես արա, որ հոգեվարքիս վերջին շնչի հետ լույս արտաշնչեմ,
Այդ կինը ես եմ:
Ուսումով հարսդ էլի նույնն է, ի´մ սկեսուր, որովհետեւ ուսումն է օգնում, որ կինը բոլոր ժամանակներում լինի էմանսիպացված, լայն աշխարհայացքով ու ընդունակ ուսումով երեխաներ պատրաստելու ընտանիքի ու հասարակության համար:
Իսկ ավելի հեռու ապագայից ժպտում է ուսումով սկեսուրը ու հպարտորեն իր հարսին մատնացույց անելով` ասում.
- Քա´ հլը աշե, ինչխ կաղոթե իմ սորվցրած աղոթքը.
«Տե´ր, զորությու´ն տուր…»

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW