×


«Արամ Խաչատրյան» տրիոյի փառատոնային ելույթը, առաջիկա շնորհանդեսն ու շրջագայությունը

Հուլիսի 4-ից 12-ը Երեւանում երեկոները հագեցած են դասական երաժշտությամբ: «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի շրջանակում յուրաքանչյուր օր տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ՝  հայ եւ այլազգի երաժիշտների մասնակցությամբ։

Արամ Խաչատրյանի տրիոյի համերգին


Փառատոնի իրադարձային համերգներից մեկը կայացել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ելույթ է ունեցել Խաչատրյանի անվան տրիոն։ Ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնահարուհի Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը համերգի նվագացանկում ներառել էին Լյուդվիգ Վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի եւ Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։

Տրիոյի դաշնակահարուհի, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը BRAVO.am-ին հայտնել է, որ փառատոնի շրջանակում կարեւորում է ոչ միայն ելույթը, այլեւ շփումն ու փորձի փոխանակումն արտերկրի գործընկերների հետ եւ նոր հանդիսականների ներկայությունը.«Ի ուրախություն մեզ՝ ներկա էին միջազգային հյուրեր, հանդիսատեսի շարքերում տեսա նաեւ նոր դեմքերի: Միշտ ուրախալի է, որ երիտասարդները հաճախում են մեր համերգներին: Ի դեպ, մեզ մոտ երիտասարդներն ավելի հաճախ են ներկա լինում դասական համերգներին, քան՝ արտերկրում»:

Արամ Խաչատրյանի տրիոյի համերգին


«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Մշակույթի աջակցության եվրոպական
հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։

Թանգարանում տեղի է ունենում նաեւ դաշնակահարների միջազգային մրցույթը, որի մրցանակային ֆոնդը մոտ 200 000 եվրո է. առաջին մրցանակակիրը կստանա 100 000 եվրո։ Երկու փուլով անցկացվող մրցույթին մասնակցում են 14 երկրի (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան) մինչեւ 34 տարեկան երիտասարդ դաշնակահարներ։ Ժյուրիի անդամներն են՝ Պաոլո Բալիերի (Իտալիա), Ռատկո Դելորկո (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկով (Ռուսաստան), Վալերիան Շուիկաշվիլի (Վրաստան)։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մրցույթի ժյուրիի կազմում չէ, քանի որ բացակայում էր Հայաստանից:

Արամ Խաչատրյանի տրիոյի համերգին


Եռյակը պատրաստվում է նոր սկավառակի շնորհանդեսին, որը տեղի կունենա օգոստոսին՝ Ղազախստանում: Համերգից օրեր առաջ նրանք ձայնագրության են մասնակցել Մոսկվայում.«Աստանայում կայանալիք փառատոնին զուգահեռ տեղի կունենա մեր ելույթն ու սկավառակի շնորհանդեսը: Ձայներիզում ընդգրկված են հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի, նաեւ Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից, որը ներկայացնում է Մալթայի կոմպոզիտորական դպրոցը: Որոշումն արագ ընդունեցինք, ձայնագրել ենք երկու օրում՝ Մոսկվայի «Կուլտուրա» ալիքի ստուդիաներից մեկում: Ուրախ ենք, որ դժվարին ընթացքը պրոֆեսիոնալ մակարդակով անցավ: Ժամանակը սուղ էր, քանի որ այս համերգի համար պետք է շուտ վերադառնայինք»:

BRAVO.am-ի հետ զրույցում Արմինե Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ տրիոն առաջիկայում ելույթներ ունի Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ռուսաստանում եւ Կանարյան կղզիներում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW