«Երազի տուն»՝ այսպես է կոչվում «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած վերականգնողական կենտրոնը, որը նախատեսված է մանկական ուղեղային կաթված/ՄՈՒԿ/ ունեցող երեխաների համար։ Երեկ տեղի ունեցած բացման արարողությանը «Հայ մայրեր»-ի հիմնադիր-նախագահ Նարինե Մանուկյանը կտրել է կարմիր ժապավենը՝ ներկաներին հրավիրելով ծանոթանալու գունեղ կենտրոնի ծառայություններին ու անկյուններին։
«Երազի տուն» կենտրոնը գործում է Հալաբյան 59 հասցեում
Նորաբաց վերականգնողական կենտրոնը վերակառուցվել է «Հայ մայրեր» ՀԿ-ի, մի շարք կազմակերպությունների եւ անհատների ջանքերով: Հալաբյան 59 հասցեում գտնվող տարածքում կգործի ջրային թերապիա, արտ-թերապիա, մերսում, կինեզիոթերապիա, երեխաների տրամադրության տակ կլինեն հատուկ լողավազանն ու մարզասարքերը։ Օգնություն կցուցաբերվի ոչ միայն երեխաներին, այլեւ նրանց ծնողներին, որոնք կստանան հոգեբանի խորհրդատվություն եւ կմասնակցեն տարբեր դասընթացների։
«Երազի տուն» վերականգնողական կենտրոնի բացմանը
Բացումը վարում էր «Հայ մայրեր» ՀԿ խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը, որի խոսքով՝ «Երազի տունը» ինչպես հիմնադիր Նարինե Մանուկյանի, այնպես էլ շատերի համար երազանք էր, որն արդեն իրականություն է։ Բացմանը ներկա էին կազմակերպության շահառու երեխաներն իրենց ծնողների հետ, բազմաթիվ հյուրեր՝ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, քույրեր Իրինա եւ Լուսինե Թովմասյանները, Արեւիկ եւ Հելեն Ուդումյանները, Սոֆի Մխեյանը եւ շատ ուրիշներ։
«Հայ մայրեր»-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը հայտնել է` ի սկզբանե նպատակ ունեին ստեղծել հարմարավետ տան մթնոլորտ, որ ոչ ոք հիվանդանոցում գտնվելու զգացողություն չունենա եւ ցանկանա երկար մնալ.««Երազի տան» վերակառուցման աշխատանքները սկսել էինք դեռ մեկ տարի առաջ, վերջապես այն բաց է, մեզ համար շատ կարեւոր ու երջանիկ օր է։ Այստեղ երեխաները լավ ժամանակ կանցկացնեն, ծնողներն էլ կկարողանան շփվել ու հանգստանալ»։
Իրինա Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Նարինե Մանուկյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Լուսինե Թովմասյանը
Նարինեն հայտնել է, որ ՄՈՒԿ-ով երեխաների համար «Երազի տուն» կենտրոնը Երեւանում արդեն մի քանի տարի գործում էր, սակայն տարածքը փոքր էր, ջրային բուժում անցկացնելու հնարավորություն չկար, թեքահարթակի բացակայության պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներին բարձրացնելը խոչընդոտ էր, իսկ այստեղ անհրաժեշտ ամեն ինչ գտնվում է մեկ տանիքի ներքո։
«Երազանք, որ դարձավ տուն՝ Երազի տուն» կարգախոսով կենտրոնի պատերը նկարազարդված են, պատերից մեկին գրված են աջակիցների ու մեկենասների անունները, մյուսներին փակցված են լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով ֆոտոշարքի կադրերը։ Հաշվառու երախաներն ու ծնողները վերականգնողական թերապիաների վերաբերյալ արդեն ստացել են մասնագետների խորհրդատվությունը, այսուհետեւ կհաճախեն կենտրոն՝ ստանալու անհրաժեշտ բուժումը։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: