×


«Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերայի ուշագրավ դրվագներն ու հյուրերը

Հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմը երեկվանից մեծ էկրաններին է։ Պրեմիերային «Սինեմա Սթար» կինոթատրոնում էին հավաքվել ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, այդ թվում՝ ռուս դերասանները, եւ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Միքայել Պողոսյանը եւ Սարիկ Անդրեասյանը


Ֆիլմի գործողություններն ընթանում են Գյումրիում, աղետի առաջին օրերին ծավալվում է հերոսներից 45-ամյա Կոնստանտին Բերեժնիի եւ 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում՝ վերադառնալով Գյումրի հենց երկրաշարժի օրը, որտեղ նրան սպասում են կինը, դուստրը, որդին… եւ  Ռոբերտը, ով վերջինիս այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Հերոսները հայտնվում են միեւնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում: 

«Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, օպերատորը՝ Յուրի Կորոբեյնիկովը, պրոդյուսերները՝ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը, Հրանտ Բարսեղյանը։

Նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերից՝ տեւելով 41 օր: Աշխատանքները տարվել են Ռուսաստանում եւ Հայաստանում: Գյումրիում նկարահանվող զանգվածային տեսարաններին մասնակցել են հենց գյումրեցիները: Դերերում են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Վիկտոր Ստեփանյանը, Տաթեւ Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Իրինա Բեզրուկովան, Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Ջանիբեկյանը, Արմեն Մարգարյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հասմիկ Ալեքսանյանը, Արեւիկ Մարտիրոսյանը եւ ուրիշներ։

Հայկոն, Արմեն Մարգարյանը եւ Սարգիս Գրիգորյանը


ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված առաջին դիտմանը հաջորդել է ասուլիսը։ Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատմել է, թե ինչու է սյուժեի հիմքում ռուս տղամարդու եւ հայ տղայի պատմությունը.«Լսել եմ բազմաթիվ պատմություններ եւ միշտ ասում եմ, որ 25 հազար մարդու կյանքի մասին այնքան պատմություն կա, որ անհնար է բոլորը մեկ ֆիլմով պատմել: Սցենարիստների հետ այս սյուժեն ընտրեցինք»։

Հրանտ Թոխատյանը 1988 թվականի երկրաշարժի ականատեսներից է, նա պատմել է նկարահանման առաջին օրը ունեցած զգացողությունների մասին.«Մոտ երեք ազատ ժամ ունեի, փորձեցի պտտվել նկարահանման տարածքում, երկրորդ րոպեից ինձ մոտ տպավորություն էր, որ դեկտեմբերի 8-ի Լենինականում եմ։ Երկրաշարժի օրը Կամերային թատրոնի կազմի հետ եղել եմ այնտեղ, դեկորատորներն ու նկարիչները ստացել էին այդ պատկերը, հուզիչ էր, որովհետեւ հասկանում ես՝ դու հիմա պետք է այդ տարածքում աշխատես ու խաղաս, շատ դժվար էր։ Ինձ վրա մեծ ազդեցություն թողեց այն փաստը, որ ամեն նկարահանման օր ավարտվում էր մեկ րոպե լռությամբ։ Երկրաշարժի ժամանակ յուրաքանչյուր ժամը մեկ փրկարարները մեկ րոպե լռություն էին պահպանում, որ փլատակներում մնացած ողջերի ձայնը լսեն»։

«Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերային


Մարիա Միրոնովան մարմնավորում է ռուս ընտանիքի մոր կերպարը.«Արդեն մեկ տարի է անցել մեր նկարահանումից, հուզմունքով եմ հիշում այդ օրերը։ Հոգով արված ֆիլմ է, ինքս ուզում էի նկարահանվել։ Մինչ իմ նկարահանվելը Սարիկը ցույց տվեց որոշ դրվագներ, այնքան էի հուզվել, որ ինձ հարկավոր չէր խաղալ, այլ պետք էր զգալ այդ միջավայրը։ Ուշ երեկոյան երբ եկանք Գյումրի, մտածում էի՝ Աստված իմ, ինչպես մեկ րոպեում այդքան մարդու կյանք խլվեց։ Սա հերթական նախագիծ չէ»։

Ֆիլմում ակնհայտ է ռուս դերասանների առանցքային դերն ու Ռուսաստանից ստացած հումանիտար օգնությունը, թե ինչու են շեշտել, Ռուբեն Դիշդիշյանը պատասխանել է.«Այդ օրերին ամբողջ աշխարհից հումանիտար օգնություն էին ուղարկում, բայց մեր ֆիլմը հենց առաջին օրերի նկարագիրն է, իսկ սկզբում Ռուսաստանից եկավ օգնություն»։ 

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Գյումրիում, պրոդյուսերի խոսքով՝ ամենից կարեւորը երկրաշարժը վերապրած գյումրեցիների արձագանքն էր.«Եթե նրանք չընդունեին, հնարավոր է, ընդհանրապես չցուցադրեինք։ Հիմա մենք ունենք հայերեն ու ռուսերեն լեզուներով երկու մոնտաժված տարբերակ: ռուսական տարբերակում եզրափակիչ կադրերը բացակայում են. երբ գլխավոր հերոսները ռուս փոքրիկի հետ մտնում են եկեղեցի, այդ մասը միայն հայկական տարբերակում է»։

Սոս Ջանիբեկյանը


Ուկրաինացի դերասանուհի Իրինա Բեզրուկովայի խոսքով՝ իր համար պատիվ էր տաղանդավոր արտիստների հետ նկարահանվել, հիացել է հայ երիտասարդ դերասանների խաղով.«Ես հիշում եմ երկրաշարժի օրերը, երբ լուրերով լսում էինք աղետի մասին: Այս ֆիլմը մարդկանց համախմբման մասին է։ Չնայած՝ սցենարը կարդացել էի, առաջին դիտումից հետո անդադար լացում էի, ինձ հանգստացնում էի, որ բոլորս հիմա ողջ ենք։ Հույզերն ու ցավը շատ ուժեղ են, միգուցե իմ կյանքում կորուստներ եմ ունեցել, դրա համար ցավոտ ընդունեցի։ Մենք չգիտենք՝ մեր կյանքի վերջին օրն է, թե՝ ոչ, շատ եմ կարեւորում, որ սիրելի մարդկանց լավ խոսքեր ասենք, որովհետեւ կարող է վաղը չգալ»։

Միքայել Պողոսյանը գյումրեցի հոր կերպարում է, որի դստեր եւ ընտանիքի պատմությունն առանցքում է.«Ֆիլմի վերաբերյալ տարբեր կարծիքներ կլինեն, բայց գիտեմ մի բան՝ նման ֆիլմերը դերասանների խաղացանկում ընդմիշտ մնում են կարեւոր: Սա կդառնա հիշատակի ֆիլմ։ Մենք դարձել ենք մի ընտանիք, շնորհակալ եմ գործընկերներիս»։

Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից «Երկրաշարժ»-ն առաջադրվել էր Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, սակայն չի ընդգրկվել այն ֆիլմերի շարքում, որոնք պետք է պայքարեն բաղձալի մրցանակի համար: Ստեղծագործական կազմը դա բացատրել է նրանով, որ չեն հասցրել պատշաճ կերպով ներկայացնել հայտը.«Շատ ցավալի է ինձ համար, որովհետեւ չգիտեմ՝ էլ երբ նման ֆիլմ կնկարեմ, երեւի տասը տարի հետ, առաջիկայում ժամանցային կինոներ կնկարենք: Հուսով եմ՝ քաղաքական որոշում չէ, կարծում եմ՝ անփութության հետեւանք է։ Իհարկե, ներքուստ ուզում ենք, որ մրցանակ ստանա, բայց առաջին հերթին նկարել ենք հանդիսատեսի համար։ Ֆիլմն առաջիկայում կցուցադրվի Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում»,-նշեց Սարիկ Անդրեասյանը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW