×


Շառլ Ազնավուրի փարիզյան համերգին

«Հուսով եմ բեմում լինել առնվազն մինչեւ 100-ամյակս»՝ Ազնավուրը համերգներ է տալիս Ֆրանսիայում

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն արձակուրդ չի սիրում. իր համերգային միջազգային շրջագայությունից հետո սկսել է եւս մեկը՝ այս անգամ Ֆրանսիայում, որի բացումն արեց Փարիզի ամենամեծ «Bercy, Accorhotels Arena» համերգասրահում։

Ազնավուրի մասին երկար կարելի է խոսել, նրա արվեստը բոլորին է ծանոթ, սակայն լիովին բացահայտել Շառլին, դեռ ոչ ոքի չի հաջողվել... Անմար էներգիայի տեր այս լեգենդար երգիչն 93 տարեկանում ապշեցնում է, նրա համերգից հետո էմոցիաների տարափ է տեղում։

Շառլ Ազնավուրի փարիզյան համերգին © Le Figaro


Բացվում է առանց դեկորների բեմը, իրենց գործիքներին են մոտենում ինը երաժիշտները, եւ ներս է մտնում փոքրամարմին Շառլը՝ սեւ հագուստով։ Նա բեմում գրեթե չի պարում, շոու չկա, թվում է, թե զարմացնող ոչինչ չի սպասվում, բայց առաջին իսկ րոպեներից բազմահազարանոց դահլիճը թնդում է։

«Ես ձեզ այդքան էլ լավ չեմ տեսնում, դե, տեսողությունս մի քիչ վատացել է, լավ էլ չեմ լսում, տարիքիցս է, հիշողությունս էլ լավ չի, բայց ձայնս փոքրուց էլ այսպես խզված է, ինձ ճանաչողները գիտեն, որ ձայնս չի փոխվել, միշտ էլ նույնն է»,-կատակում է Շառլ Ազնավուրն ու իր մեղեդիներով լցնում դահլիճն ու մարդկանց սրտերը։

Հումորով ու երգերի մեկնաբանություններով համեմելով համերգը՝ երգի վարպետն իր ստեղծագործությունները կատարեց երկու ժամ անընդմեջ։ Ամեն երգի հետ նա կարծես ավելի էր երիտասարդանում, լցվում էներգիայով եւ մեզ փոխանցում այն։ Համերգի սկզբում մտածում ես՝ որտեղ է թողնում նա իր տարիքը բեմ բարձրանալիս, հետո ինքդ քեզ պատասխանում, լեգենդը տարիք ունենալ չի կարող, Ազնավուրի արվեստում տարիք չկա, նա հավերժ երիտասարդ է, երգն իրեն է ուժ տալիս, ինքը` երգին։

Շառլ Ազնավուրի փարիզյան համերգին © Sipa


Ինչպես հաճախ, Ազնավուրը ասաց, որ երգի մեջ առաջինը գնահատում է տեքստը, որից հետո միայն երաժշտությունը։ «Կարծում եմ՝ ցանկացած երգ պետք է այնքան լավ տեքստ ունենա, որ առանց երաժշտության էլ կարողանաս որպես բանաստեղծություն արտասանել։ Ես երջանիկ կլինեի, եթե որեւէ դերասան բեմից իմ երգի տեքստերից արտասաներ»,- նշեց նա եւ ասմունքեց երգելուց առաջ։

Անկեղծ զրուցելով հանդիսատեսի հետ՝ նա եռանդով կատարում էր նոր եւ իր արդեն իսկ սիրված երգերը։ «Համերգներին, սովորաբար, մարդիկ նոր երգեր են սպասում, իմ դեպքում հակառակն է` ուզում են՝ հին երգերս երգեմ, ես էլ երգում եմ»,- ժպտալով ասաց հարյուրավոր ալբոմներ ձայնագրած երգիչ-հեղինակը։

Աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչը դեռ մի շարք ֆրանսիական քաղաքներում է հանդես գալու, իսկ այդ առիթով տված հարցազրույցներում շեշտել է, որ ուրախ է լինել ամենատարեց երգիչը, ով դեռ շարունակում է բեմ բարձրանալ։ Նա նաեւ նշել է, որ հուսով է բեմում լինել առնվազն մինչեւ իր 100-ամյակը։

Շառլ Ազնավուրի փարիզյան համերգին © Paris Match


Չնայած իր երկար համերգային գործունեությանը, մեր հայրենակիցն այս դահլիճում առաջին անգամ էր ելույթ ունենում, ինչը, սակայն, չէր խանգարել մի տեղում համախմբել ավելին քան 10 000 հանդիսատեսի։ Լեփ-լեցուն դահլիճն իր երախտագիտությունը հայտնեց ծաղիկներով եւ, իհարկե, հոտնկայս ծափահարություններով։

Տեքստը՝ Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին