ED World եւ Մուխ բեմական անուններով երիտասարդ ռեփերները նոր տեսահոլովակներով ու առաջին ալբոմով ներկայանում են հայ լսարանին։ Տղաները միմյանց ճանաչում են շուրջ հինգ տարի, հաճախ դուետներ են կատարում, երեկ էլ տեղի է ունեցել նրանց համատեղ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Մայթ» ալբոմի շնորհանդեսին
Երեկույթին նրանք ներկայացրել են ալբոմի պարունակությունը` կատարելով երգերից մի քանիսը։ CD-ում տեղ են գտել զուգերգեր` Գրիշա Աղախանյանի եւ Գագսոյի հետ «Ավլեմ-թափեմ փոշին» հայտնի երգի նոր ռեմիքսը, Անի Քրիստիի հետ «Ո՞վ եմ ես» երգի ռիմեյքը, «Մեծ Հայք»-ի ռեփեր Նարեկի հետ էլ «Օրը կգա, բարին էլ հետը» նոր երգը։
ED World-ը եւ Գագսոն
Ալբոմը կոչվում է երգերից մեկի անվամբ՝ «Մայթ», սկավառակի ստեղծման վրա աշխատել են մոտ 1,5 տարի՝ ընդգրկելով 14 երգ.«Մայթն այն ճանապարհն է, որով մարդիկ քայլում են իրենց առօրյայում։ Այս դեպքում մայթը խորհրդանշում է մեր ճանապարհը հայկական հիփ-հոփում։ Չնայած` հիմա CD թողարկելն ակտուալ չէ, տեղը զիջել է ինտերնետին, բայց հաճելի ավանդույթ է, որ շոշափելի դարձնես քո աշխատանքը»,-BRAVO.am-ին հայտնել է Էդվարդը։
ED World-ը եւ Մուխը
Ալբոմը ձայնագրվել է «PlayBack» ստուդիայում, որի համահիմնադիրը «Մեծ Հայք»-ի Նարեկն է: Նա եւս ներկա էր շնորհանդեսին.«Գործի բերումով ծանոթացանք, երբ եկել էին մեր ստուդիայում ձայնագրվելու։ Հավանելով իրենց ստեղծագործություններն ու ոճը՝ ինչ-որ չափով աջակցում եմ։ Ուզում եմ՝ հիփ-հոփը Հայաստանում զարգանա», - մեզ հետ զրույցում ասել է ռեփերը։
Էդվարդի խոսքով՝ չեն ցանկանում խումբ դառնալ, կշարունակեն որպես դուետ ներկայանալ.«Խմբի կարգավիճակից խուսափում ենք, որովհետեւ ավելորդ լարվածություն է առաջանալու։ Մուխն ու Գագսոն էլ պատրաստվում են նոր ալբոմ թողարկել։ Հաճախ նոր գործեր կներկայացնենք, նաեւ կան երաժիշտներ, որոնց հետ ուզում ենք աշխատել»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: