×


Սոնա Ազարյանը եւ Տիգրան Հարությունյանը

«Մենք ենք» բարեգործական հարթակի շնորհանդեսն ու աճուրդը

Բարեգործական հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները համախմբվել են մեկ հարթակում։ BRAVO.am-ը ներկա էր «Մենք ենք» կոալիցիայի շնորհանդեսին, որը միավորել է բարեգործական խոշոր ֆոնդերի, նաեւ Հայաստանից ու Ռուսաստանից հասարակական ակտիվ գործիչների։ Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել բարեգործների պարգեւատրումն ու հեղինակային դիզայներական իրերի բարեգործական աճուրդը։

«Մենք ենք» բարեգործական հարթակի հիմնադիր Սոնա Ազարյանը նշել է, որ մեկ կոալիցիայում միավորվել են դրական հեղինակություն ունեցող ֆոնդերի հիմնադիրները։ Մեծ մասամբ օգնություն է ցուցաբերվելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, նախատեսվում է նաեւ սոցիալական խնդիրներ ունեցող խմբերի օժանդակություն։ Նա հույս ունի՝ Հայաստանում բարեգործության նոր մշակույթ կձեւավորվի.«Կարծում եմ՝ մեծ քայլ է դեպի առաջ, ավելի շատ մարդկանց պիտի ներգրավենք, որ բարի գործեր անեն, իսկ բարությունը հասկանալու համար հարկավոր է սկսել բարի քայլեր անել։ Այսօր հավաքված մարդկանց միավորում է բարեգործությունը: Ուրիշներին տալով՝ մենք երջանկանում ենք»։

«Մենք ենք» բարեգործական հարթակի շնորհանդեսին


Ջութակահար Սոնա Ազարյանի փոխանցմամբ՝ գրեթե բոլորը սիրով միացել են նախաձեռնությանը, սակայն եղել են բացառություններ.«Միակը Նարինե Դավթյանն էր, որին համոզում էինք՝ միանա։ Նա մեծ գործ է անում, աջակցում է Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին, ինչը նրա ակտիվ գործունեության մի մասն է»։

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայտնել է, որ հարթակը կգործարկի նոր կայք, մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջի միջոցով.«Յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա օգնության ձեռք մեկնել, միանգամից կկարողանա գտնել համապատասխան հիմնադրամը։ Գումար փոխանցելով՝  կայքում կտեսնի, թե ինչպես են ծախսվում հավաքված գումարները»:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը


Երեկոյին ներկա էին նաեւ Ֆինլանդիայի «Խաղաղության աղավնիներ» բարեգործական կազմակերպության հիմնադիրները։ Ամուսիններն ակտիվ մասնակցում էին աճուրդին, ինչպես պատմեցին, նպատակ ունեն Հայաստանում բացել ֆինլանդական հիմնադրամի մասնաճյուղը։ Նրանք պարգեւատրեցին Հայաստանում բարեգործությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին երկնագույնի եւ սպիտակի համադրությամբ թիկնոցով։ Բարեգործական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար այս կոչմանն արժանացան Արմեն Արմոս Մարտիրոսյանը, Նարինե Մանուկյանը, Նարինե Դավթյանը եւ այլք։

Միջոցառման ընթացքում «Մենք ենք» հիմնադրամի կողմից նաեւ պարգեւատրվեցին այն մարդիկ, որոնք երկար տարիներ զբաղվում են բարեգործական աշխատանքով։  «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը եւս նրանց շարքում է.«Չքնաղ գեղեցկուհի Սոնան մեծ ու բարի սիրտ ունի: Երբ որոշեց ստեղծել վստահելի կազմակերպություններին միավորող հարթակ, քչերին առաջարկեց իրեն միանալ։ Շնորհակալ ենք, որ «Բարի մամա»-ն եւս ընդգրկված է։ Կարծում եմ՝ նման կոալիցիա վաղուց անհրաժեշտ էր։ Միասին փորձելու ենք առաջ տանել մեր ընդհանուր գաղափարները, կապեր կստեղծենք Հայաստանից դուրս, միգուցե սփյուռքի հայերն էլ ցանկանան միանալ»,-նշել է Մարինան՝ հավելելով՝ աճուրդից ստացված գումարն ուղղվելու է Բարի տնակի կառուցմանը.«Կառուցում ենք ներառական եզակի մեծ կենտրոն, որտեղ կբնակվեն մանկատան երեխաները, բուժում կստանան։ Տարածքը ձեռք են բերել, հիմա ունենք շինանյութի կարիք, որը փորձում ենք հայթայթել»։

Մարինա Ադուլյանը


«Մենք ենք» հարթակի շնորհանդեսի երկրորդ հատվածում բարեգործական աճուրդն էր, որտեղ ներկայացված էին անհատների ձեռքի աշխատանքներ, արվեստի գործեր եւ բազմաբնույթ ընկերությունների ծառայություններ։ Վիճակահանության միջոցով որոշվեց՝ լոտերից յուրաքանչյուրը «Մենք ենք» հարթակի կազմակերպություններից ում է տրվում, աճուրդի արդյունքում ստացված գումարն էլ փոխանցվեց տվյալ կազմակերպությանը:
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/    
Լուսանկարները` Անգին Ասատրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին