×


«Ոտաբոբիկ»՝ Սառա Թիլքյանի հետ

Նա հայուհի է, այն էլ՝ «մաքուր», անգամ Երեւանում է ծնվել։ «Ինստագրամ»-ում արդեն 50 000-ից ավելի հետեւորդ ունի, ճիշտ է՝ հիմնականում այլազգի, բայց, որ ամենակարեւորն է, օրգանական։ Չնայած՝ հայկական իրականության մեջ տարածված չէ «ծագող աստղ» հասկացությունը, նրան ավելի լավ պարզապես հնարավոր չէ բնութագրել։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը որքան արտաքուստ «բաց», նույնքան էլ ներքուստ «փակ» մոդել, ապագա հագուստի դիզայներ Սառա Թիլքյանն է։

«Ոտաբոբիկ»՝ Սառա Թիլքյանի հետ


-Չնայած՝ ծավալում ես մոդելային քիչ թե շատ ակտիվ գործունեություն, մարդիկ ամենաշատը քեզ «հանդիպում» են սոցիալական ցանցերի քո էջերում։ Ինչպիսի՞ կարծիք է ձեւավորվել վիրտուալ Սառայի վերաբերյալ։

-Կարծում եմ՝ ազատ, բաց, չափից շատ բաց աղջկա տպավորություն եմ թողնում։ Այդպես։ Գուցե կարծիք կա, որ միշտ փարթիների եմ մասնակցում, խմում եմ, ծխում եւ այլն։

-Իսկ որքանո՞վ ես դու հենց այդպիսին։

-Դե, որոշ չափով այդպիսին եմ, շատ չէ։ Բայց ես էլ չգիտեմ, թե ինչպիսին է իսկական Սառան, քանի որ շատ փոփոխական եմ, չափից շատ։

-Ամեն դեպքում, եթե փորձես քեզ բնութագրել, ի՞նչ կասես։

-Մի բառով՝ տարօրինակ։ Ինձ շատ են ասում, որ տարօրինակ եմ։ Սկզբում նեղվում էի այդ փաստից, բայց հետո հասկացա, որ տարօրինակ լինելը լավ բան է, քանի որ տարբերվում եմ, նման չեմ բոլորին։

-Այն պահին, երբ համակերպվեցիր տարօրինակ լինելուդ հետ, արդյոք «տիտղոսդ» պահպանելու համար սկսեցիր հատուկ մտածված քայլերի դիմել։

-Չէ՛, ընդհանրապես, հակառակը. սկզբում անգամ փորձում էի նորմալ մարդ դառնալ, բայց չստացվեց։

-Փաստորեն ներքինդ տարօրինակ է, իսկ արտաքինդ՝ մոդելային։ Վերջինիս հետ կապված բացահայտումները ե՞րբ եղան։

-Նախ՝ ասեմ, որ ես երբեք ինձ «wow» դեմք չեմ համարել։ Իսկ այն, որ մոդելային արտաքին ունեմ, հիմնականում լսել եմ կողքից. դեռ 15-16 տարեկան երեխա էի, Թերլեմեզյանում էի սովորում, սկզբում պարզապես մարդիկ էին նկատում, հետո սկսեցին լուսանկարիչներն էլ նկատել, առաջարկներով դիմել… Ոմանց չէի մերժում, ոմանց մերժում էի։ Հետո մտածեցի՝ բայց ինչո՞ւ ոչ, հատկապես, եթե կարելի է գումար աշխատել, ու այդպես սկսեցի առիթից օգտվել։

Սառա Թիլքյանը


-Արտաքինիդ վերաբերող կարծիքները մի՞շտ են դրական։

-Ինձ նաեւ շատ են ասում, որ գեշ եմ… Ու միշտ ասել են։ Պահ է եղել, որ անգամ դեպրեսիայի մեջ եմ ընկել, հիմնականում՝ դպրոցական տարիքում: Նեղվել եմ, բայց քանի որ «փակ» մարդ եմ, ցույց չեմ տվել, պարզապես ինքս ինձ ասել եմ՝ «ոչինչ, դուք դեռ կտեսնեք, ես ձեզ դեռ ցույց կտամ» ու ցույց եմ տվել…

-Արդեն ցո՞ւյց ես տվել, թե՞ դեռ ճանապարհին ես։

-Դեռ ճանապարհին եմ։

-Շա՞տ ես պայքարել մոդելային կառուցվածքիդ ու կեցվածքիդ հասնելու համար։

-Ինչ վերաբերում է նիհարությանը, այսպես եմ ծնվել. շատ-շատ եմ ուտում, բայց ինչքան էլ ուտում եմ, չեմ չաղանում, իսկ կեցվածքի հետ կապված, գլուխ գովել չլինի, բայց տեսախցիկի հետ աշխատել մի տեսակ ստացվում է։

-Ընտրել ես հագուստի դիզայնի ուղին. երբեւէ մտքովդ անցե՞լ էր, որ մոդելային ոլորտում եւս հանդես կգաս։

-Չէ, ընդհանրապես։ Ես ոչինչ չեմ արել մոդել դառնալու համար։ Չեմ մասնակցել քասթինգների, չեմ պայքարել… Հիմա չեմ ուզում մի տեսակ հնչի, բայց ես ինձ վեր եմ դասում նմանատիպ բաներից. չեմ համարում, որ այն մարդն եմ, ով պետք է գնա ու այլ աղջիկների հետ մրցակցի։

-Ինչո՞ւ։ Որովհետեւ դու շատ ավելի լա՞վն ես, քան նրանք։

-Չէ՛, գուցե իրենք շատ ավելի սիրուն են, բայց ես ուրիշ եմ. իմը չէ։

«Ոտաբոբիկ»՝ Սառա Թիլքյանի հետ


-Բազմիցս ապացուցել ես, որ մերկանալը քեզ համար խաղուպար է։ Իսկ կա՞ որեւէ բան, որ երբեք չես անի տեսախցիկի առջեւ։

-Ինձ թվում է՝ չկա… Բայց պոռնոյում չեմ նկարահանվի։

Իսկ էքսպերիմենտներ, նոր զգացողություններ շատ եմ սիրում։ Օրինակ, վերջերս մի տիպիկ հայկական տեսահոլովակում եմ նկարահանվել, ընդհանրապես իմը չէր այն, ինչ անում էին, բայց զուտ հաճույքի համար մասնակցեցի։ 

-Ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում ծավալածդ գործունեությանը։

-Արդեն սովորել են։ Սկզբնական շրջանում հագուկապս էր խնդիրը, հետո արդեն՝ նկարահանումներս։ Հիմա արդեն խնդիրներ չկան։

-Երբ ստանում ես մերկության հասնող բացության նկարահանման առաջարկ, այն նախօրոք ծնողներիդ հետ քննարկո՞ւմ ես։

-Չէ՛, գնում, նկարվում եմ, հետո ենք խոսում։

-Փաստորեն ամեն դեպքում հետո արդյունքը տեսնում են։ Դո՞ւ ես ցույց տալիս։

-Չէ՛, հիմա ասեմ… Նախ` ծնողներս տարիքով մեծ են, սոցիալական ցանցերում գրանցված չեն, բայց սա չի նշանակում, որ տեղյակ չեն իմ գործունեությանը։ Եթե անգամ ես էլ ցույց չեմ տալիս, կողքից իմանում են՝ բարեկամներից հիմնականում. մեկ էլ զանգում են՝ «Սառան կլիպում ա նկարվել, հա՞»։

-Մեծ քրոջդ ու քո հարաբերություններից ի՞նչ կպատմես։

-Դե, ինքն էլ չի սիրում այն, ինչ անում եմ, ասում է՝ անվանս մասին պետք է մտածեմ, բայց արդեն ինքն էլ է համակերպվել։ Քույրս իմ խելքն է։ Խելացի է։ Տարբեր ենք էլի։

-Փաստորեն դու քեզ խելացի չե՞ս համարում։

-Համարում եմ, բայց ոչ այնքան, որքան՝ քույրս։ Ինքը շատ բան գիտի։

Սառա Թիլքյանը


-Իսկ երջանիկ քեզ համարո՞ւմ ես։

-Հա՛։ Օրինակ՝ վերջերս քնելուց առաջ մտածում էի՝ ինչքան լավ է, որ ես չեմ աշխատում, որ ծնողներս կան ու ինձ պահում են, գլխիս տանիք կա, տաք անկողին ունեմ... Ձմռանն էի մտածում, դեպրեսիա էր մոտս։ Այդպես հասկացա, որ լավ է ամեն ինչ, վատ չէ։ 

-Փաստորեն, երբ դեպրեսիաների մեջ ես ընկնում, սկսում ես գնահատել այն ամենը, ինչ ունես, ու հասկանում ես, որ մտահոգվելու առիթ ընդհանրապես չունես։

-Հասկանում եմ, որ չունեմ ու չեմ ուզում ունենալ։ Չեմ ուզում մեծանալ, վախենում եմ մեծական կյանքից...

- ... Ուզում ես միշտ ծնողներդ քեզ պահեն, դու էլ շարունակես մերկ նկարվել ու նկարահանվել։

-Հա՜...

-Լավ, իսկ քո սիրային հարաբերությունների վրա «մերկությունդ» չի՞ անդրադառնում։

-Չէ՛, քանի որ իմ կողքին եղած բոլոր մարդիկ էլ ինձ ճանաչել են։

-Ինչպիսի՞ն պետք է լինի քո ընկերը. խելացի՞, հայտնի՞, կայացա՞ծ…

-Չկա կոնկրետ բնութագիր։ Սիրտս կպավ, կպավ… Իսկ իմ սիրտը չի կպնում։ Երբե՛ք։ Ես լուրջ հարաբերություններ երբեք չեմ ունեցել, միշտ մի շաբաթ, մեկ-երկու ամիս են տեւել ամենաշատը։

-Իսկ լուրջ հարաբերությունների արդյո՞ք պատրաստ ես։

-Չեմ կարծում, քանի որ չեմ կարող մի մարդու հետ երկար շփվել, կհոգնեմ։ 

Կարծում եմ՝ աղջիկներ կան, որ ծնվում են ամուսնանալու, երեխաներ ունենալու համար. դա է իրենց առաքելությունն այս կյանքում։ Ինձ թվում է, որ ես շատ հեռու եմ այդ ամենից ու չեմ ամուսնանալու։ 

Բայց շատ կուզեի, որ ուժեղ մեկը լիներ, հոգ տաներ իմ մասին, գնար, կռվեր մարդկանց հետ, որոնք իմ մասին վատ բաներ են խոսում։

Սառա Թիլքյանը եւ Դիանա Հովհաննիսյանը(Bravo.am)


-Անվանդ շուրջ բամբասանքներ էլ փաստորեն կան։ Արի թոփ եռյակին անդրադառնանք։

-Վա՜յ… Այնպիսի բաներ են, որ ասելու չեն։ Հիմնականում ինտիմ, անձնական բնույթի են։ Երբ լսում եմ, շոկ եմ ապրում։ 

-Դրանցից մեկն անգամ ես եմ հասցրել լսել, թե իբր ամուսնացած ես, երեխաներ ունես։

-Չէ՛, այդպես չէր. ամուսնացած չեմ, բայց երեխաներ ունեմ… Բայց ամուսնացած չեմ։ Բայց երեխաներ ունեմ։ 

-Ինչ խոսք, հետաքրքիր է։ Իսկ կա՞ որեւէ բան, որ շատ կուզես՝ քո մասին իմանան։

-Չէ՛, ուզում եմ հանելուկ մնալ։

-Բայց այս զրույցից հետո մարդիկ բավական ինֆորմացիա ձեռք բերեցին քո անձի վերաբերյալ, այնպես որ, այլեւս այնքան էլ հանելուկ չես։

-Այսքանը՝ ոչինչ։

-Փաստորեն քեզ ոչ թե ոտաբոբիկացնել, այլ մերկացնել էր պետք… Ոտաբոբիկ լինելու հետ կապված ի՞նչ կասես։

-Ընդհանրապես, երբ սենյակումս նկարում եմ, կարում եմ, այդ ամենն անում եմ միայն կիսավարտիքով, բնականաբար՝ ոտաբոբիկ, դա է իմ ազատ վիճակը։ Ես երբ շոր եմ հագնում, ոչինչ չեմ կարողանում անել։ Ինձ թվում է՝ մեր բոլոր հարեւաններն ինձ տկլոր տեսել են։ Այնպես որ, մերկ ու ոտաբոբիկ լինելն իմ մուսան է, այսպես կասեմ։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Դիմահարդարումը՝ Էլեն Զոհրաբյանի
Հագուստները տրամադրել է «5concept» խանութ-սրահը
Լուսանկարահանումն իրականացրել ենք «MG Studio»-ում 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին