×


Լիլի Սարգսյանը

«Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ «Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը Չինաստանում է». Գոհար Հարությունյան

«Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանն այսօր մեկնել է Չինաստան։ Նա նոյեմբերի 18-ին Սանյա քաղաքում կմասնակցի «Միսս աշխարհ 2017» միջազգային մրցույթին, որին Հայաստանը պաշտոնապես ներկայանում է առաջին անգամ։ Նախքան եզրափակիչը բոլոր մասնակիցները մեկ ամիս նախապատրաստվելու են։

«Միսս Արմենիա 2017»-ի շուրջ ստեղծված աղմուկի եւ «Միսս աշխարհ 2017»-ում Հայաստանի մասնակցության թեմայով BRAVO.am-ը զրուցել է «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Արմենիա 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի հետ։

Լիլի Սարգսյանը


Նա հայտնել է, որ հաղթող Լիլի Սարգսյանի թագը հետ վերցնելու աղմուկից հետո նրան Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել, որով էլ մեկնել է Չինաստան։ Գոհարի փոխանցմամբ՝ ոսկերչական ընկերությունը «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամին առաջարկել է հրավիրել մամուլի ասուլիս, որի ժամանակ թագը պաշտոնապես կհանձնեին Լիլիին.«Բայց մենք որոշում կայացրինք մերժել այդ առաջարկը, գովազդի գերի չդառնալ ու հրաժարվել ընկերության թագից: Հետո իմանալով տեղի ունեցածի մասին՝ գեղեցկուհուն թանկարժեք թագ են ուղարկել ֆրանսահայ բարերարները, ովքեր չեն ցանկանում բարձրաձայնել իրենց անունը։ Լիլին կկրի հենց այդ թագը։ Այս մեկ ամսվա ընթացքում նախատեսված են տարբեր հանդիպումներ, այցելություններ, որքան գիտեմ՝ ծանրաբեռնված օրակարգ ունեն։ Ըստ մրցույթի կանոնների՝ մասնակիցները մեկ ամիս միայնակ են լինում, միայն վերջում կարող են տեսնել հարազատներին»։

Գոհարը նշել է, որ թեպետ «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը բազմիցս փորձել է խանգարել մրցույթի իրականացմանը, այդուհանդերձ այն կայացավ, իսկ հաղթողը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ 2017» մրցույթին.«Փորձում էր խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել, բայց միայն տհաճություն պատճառեց։ Ես գիտեի, որ Կարեն Արիստակեսյանի հետ նման խնդիրներ կարող են լինել: Պարզապես նա չի ուզում, որ մրցույթներ կազմակերպվեն, ինչն ուղղակի չեմ հասկանում։ «Միսս աշխարհ»-ին նամակներ էր գրել, որ մեր կազմակերպությունն իրավական դաշտում չի գործել, ինչը ծայրահեղ քայլ է նրա կողմից: Մենք գրանցված ենք պետական ռեգիստրում եւ իրավունք ունենք օգտագործելու մեր հիմնադրամի անվանումը։ Կարեւորն այն է, որ Հայաստանն առաջին անգամ ներկայանալու է այդ մրցույթին, նույնիսկ առանց անդամավճարի թույլ տվեցին, որ մասնակցենք: Կարեն Արիստակեսյանը չհասավ իր նպատակին, անտեղի շահարկում է իմ անունը։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանը մասնակցի նաեւ միջազգային հեղինակավոր այլ մրցույթների»։

Լիլի Սարգսյանը


ՀՀ քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերեւույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հկ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

«Այդ կազմակերպության ղեկավար Կարեն Արիստակեսյանի հետ սկզբում բանակցություններ ունեցել ենք, բայց ընդհանուր համաձայնության չեկանք։ Նա հայցեր է ներկայացրել եւ հայտարարում է, որ խախտվել է իրենց իրավունքը, բայց բոլոր մեղադրանքներն անհիմն են։ Նրա նպատակը իմ անձի եւ մրցույթի շուրջ բացասական կարծիք ձեւավորելն էր»,-նշում է Գոհարը։

Նրա խոսքով՝ մրցույթի շուրջ աղմուկը վնասեց իրենց, խանգարեց գործընկերներին, արտասահմանից մասնակիցներին եւ հովանավորներին.«Կարծում էին, թե մրցույթը չի կայանա: Չնայած խոչընդոտներին` այն կայացավ, Լիլին արդեն Չինաստանում է: Նա առաջին անգամ է արտերկրում, փորձառու չէ, բայց հանգիստ բնավորություն ունի, սառնասիրտ է։ Հուսով եմ՝  լավագույն կերպով կներկայացնի Հայաստանը»:

BRAVO.am
Լուսանկարները` Ավետ Ավագյանի, Գագիկ Սարատիկյանի եւ BRAVO-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին