Նոր ներկայացում Տիկնիկային թատրոնում:)
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Շատ ծեր մարդը` հսկայական թեւերով» պատմվածքի հիման վրա բեմադրվել է «Թեւավորը» ներկայացումը: Բեմադրության ու երաժշտական ձեւավորման հեղինակը տիկնիկավար, մնջախաղաց, բեմադրիչ Զարուհի Անտոնյանն է, նկարչական ձեւավորումն արել է Ալինա Ալեքսանյանը:
Ներկայացման պրեմիերան հունվարի 26-ին էր` Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ի դեպ, այն արդեն ընդգրկվել է թատրոնի խաղացանկում:
Զարուհու խոսքերով` ներկայացումը մարդու եւ տիկնիկի յուրահատուկ սինթեզ է:). «Փորձել եմ ժեստերի ու տիկնիկների լեզվով ցույց տալ ասելիքս, այսինքն` առանց խոսքի ներկայացնել սյուժեն: Ինձ համար կարեւորը դերասանի ձեռքերը, ոտքերն ու միմիկան են, սիրում եմ շեշտը դրանց վրա դնել: Այս դեպքում դերասանները տիկնիկների դեմքով են, կամ հակառակը` սարդը մարդու դեմքով է, բայց հինգ ոտքերը տիկնիկավարն է շարժում»:
Այս ներկայացումը երիտասարդ բեմադրիչի երկրորդ փորձն է: Նշում է, որ բեմադրելիս չի մտածում հանդիսատեսի ճաշակի ու տարիքային առանձնահատկությունների մասին. «Որպես բեմադրիչ ի սկզբանե չեմ որոշում, իսկ հետո իմ մտածածը պարտադրում հանդիսատեսին, որ ինձ պես ընկալի ու հասկանա: Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրն իր ձեւով հասկանա, կարողանա իրեն հարազատ մասնիկներ գտնել»,- ասում է Զարուհին ու շարունակում. «Չեմ էլ ուզում մտածել այսօրվա հեռուստատեսության, սերիալների մասին, կենտրոնանալ մարդկանց ճաշակի վրա, անել մասսայականություն վայելող թեմաների մասին ներկայացում»:
Մինչ պրեմիերան ներկայացումը մի փոքր երկար է եղել, եւ գեղարվեստական ղեկավարի խորհրդով այն խտացվել ու կրճատվել է. «Թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը բեմադրելիս ազատություն է տալիս, որ աշխատելիս իմ ձեռագիրը, ոճը, ճանապարհը գտնեմ: Ինձ համար նրա կարծիքը կարեւոր է, երբ որոշակիորեն պատրաստ էր, նայեց, խորհուրդներ ու նկատողություններ արեց:)»:
Կոլումբիացի գրող Մարկեսի ստեղծագործությունը առանց հեղինակին հարազատ երաժշտության չէր մնացել: Ներկայացման մեջ հնչում էր կոլումբիական ազգային երաժշտություն, երգն էլ կատարում էին դերասանները. «Անպայման հաշվի են առնված դերասանների ձայնային տվյալները, որովհետեւ դերասանը պետք է կարողանա երգել, ի դեպ, նախապես ձայնագրված երգեր չեն, ամեն անգամ կենդանի երգելու են»:
Ներկայացման կերպարները` բժիշկը, հրեշտակը, մայրը, երեխան, սարդը, ժողովուրդը արդյոք ներկայացման տեսքով կլինեն թատերական փառատոններում, Զարուհին դեռ չգիտի, միայն հստակ գիտի, որ փառատոններին մասնակցելու մտադրությամբ չի բեմադրել «Թեւավորը». «Երբեւէ չեմ մտածել հատուկ փառատոնի համար ներկայացում ստեղծեմ, իհարկե, շատ հաճելի է, երբ փառատոններին հաջողություններ ես գրանցում, բայց ինձ համար դա ստեղծագործելու կարեւոր հանգամանք չէ»:
Առաջիկայում Զարուհին մեկնելու է Մոսկվա` սովորելու թատերական ռեժիսուրա, մոտ երկու տարի նորություններ չի ներկայացնի Երեւանում, բայց հույս ունի, որ «Թեւավորը» առանց իրեն երկար «կյանք» կունենա::)
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: