×


Երեւանում մեծ էկրան է բարձրացել «Գողություն հայկական ձեւով» ֆիլմը

Հայաստանում նկարահանված ամենամասշտաբային արկածային մարտաֆիլմ-կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է։ Սեպտեմբերի 4-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Գողություն հայկական ձեւով» ֆիլմի պրեմիերան։


«Cascade Pictures» ֆիլմարտադրող ընկերությունը իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Գողություն հայկական ձեւով»-ի նկարահանումների մեկնարկը տվել էր երկու տարի առաջ։ Հեղինակները խոստովանում են՝ չնայած մտավախություններին, վստահությունն ավելի մեծ է եղել, որ կյանքի են կոչելու աննախադեպ նախագիծ՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Ռեժիսոր Դավիթ Գրիգորյանը


«Նկարահանումներն ամբողջությամբ իրականացվել են Հայաստանում, սակայն ռեժիսորական եւ օպերատորական այնպիսի լուծումներ են տրվել, որ մի շարք տեսարաններում կինոդիտողին կարող է թվալ, թե դրանք նկարահանվել են արտերկրում: Վստահ եմ՝ արդյունքը կգոհացնի ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ նորություն կլինի միջազգային հարթակներում»,- նշել է Cascade Pictures-ի գործադիր պրոդյուսեր Լուսինե Հարությունյանը։


Մի քանի հետաքրքիր փաստ ֆիլմի մասին՝
• Միակ ֆիլմն է տարածաշրջանում, որի համար 7000 քմ տարածքով տաղավար է կառուցվել զրոյից։
• Հատուկ մետաղական կոնստրուկցիայից 1400 քմ տարածքում կառուցվել է 3 հարկանի բանտի դեկորացիա։
• Տաղավարների շինարարությունը տեւել է ավելի քան մեկ տարի, ներգրավվել է 400-ից ավելի շինարար։
• Նկարահանումների ժամանակ օգտագործվել են բացառիկ ARRI լույսեր, որոնք Cascade Pictures-ը գնել եւ ԱՄՆ-ից բերել է Հայաստան։
• Սցենարը գրվել ու մշակվել է 2.5 տարվա ընթացքում։
• Ընդհանուր՝ 50 օր նկարահանումներ եւ 3 օր թեստային նկարահանում։
• Մասշտաբային տեսարաններ․ միայն ֆուտբոլի մարզադաշտի դրվագում նկարահանվել է շուրջ 2000 մարդ։


Արկածախնդիր ընկերների խումբը Հնդկաստանում իրականացնում է վերջին հանձնարարությունը՝ հույսով մեկընդմիշտ հեռանալ հանցավոր կյանքից։ Սակայն անսպասելի հանգամանքները ստիպում են նրանց բացառիկ համարձակությամբ ու հնարամտությամբ ավարտին հասցնել եւս մեկ գործ՝ հենց Երեւանի սրտում։ Հետապնդումներով, վտանգներով ու զվարճալի արկածներով լի այս ուղին հագեցած է ապշեցուցիչ բացահայտումներով եւ անսպասելի շրջադարձերով։


Ռեժիսորը Դավիթ Գրիգորյանն է, սցենարը գրել են Նարեկ Մարգարյանը, Արտյոմ Վաղարշյանը եւ Դավիթ Գրիգորյանը: Դերերում հանդես են գալիս Խորեն Լեւոնյանը, Արսեն Լեւոնյանը, Արթուր Հարությունյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը եւ Ջեդի Գիլլը։


«Այն, ինչ կտեսնեք էկրաններին, երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Շատ տարբերվող նախագիծ է, եւ վերջապես մենք կարող ենք պարզ ճակատով միջազգային շուկայում ներկայանալ՝ ֆիլմը ցուցադրելով թարգմանությամբ կամ ենթագրերով, քանի որ այն համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Սա նաեւ այն երջանիկ դեպքերից է, որ բախտ է վիճակվել եղբորս՝ Արսենի հետ խաղալ։ Լավ ժամանակ ենք անցկացրել, հետաքրքիր ու միաժամանակ շատ լուրջ նկարահանումներ ենք ունեցել»,- մեզ հետ զրույցում պատմել է Խորեն Լեւոնյանը։


Արսեն Լեւոնյանն էլ խոստովանել է, որ իրեն էլ է շատ ուրախացրել առաջարկը. «Հայաստանում դեռ այսպիսի արկածային մարտաֆիլմ չէր նկարահանվել, եւ մեծ հաճույքով համաձայնեցի։ Աշխատանքը ֆիզիկապես էր շատ բարդ, բայց դե, ամեն ինչ հաղթահարելի է, երբ կա ընկերական պարզ ու ջերմ մթնոլորտ։ Նկարահանումների ընթացքում ձեռք բերեցինք նոր ընկերներ, հների հետ էլ նորից մտերմացանք»։


Ռեժիսոր Դավիթ Գրիգորյանի համար «Գողություն հայկական ձեւով» լիամետրաժ ֆիլմը դեբյուտային է։ Հպարտ է իր եւ թիմի կատարած աշխատանքով եւ վստահ է՝ այն նոր ասելիք է հայկական կինոյում։ Ռեժիսորը հավելեց, որ նախատեսում են ֆիլմը ներկայացնել միջազգային կինոփառատոներում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW