Մրցույթի նախընտրական փուլի հայտերն արդեն ընդունվում են :)
Կարծում եմ` շատերին է հայտնի, որ այս տարի Հայաստանը հաջողություն գրանցեց Յուրմալայում կայացած` էստրադային երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» եւ Արտեկում կայացած «Մանկական Նոր ալիք» մրցույթներում` ճանաչվելով հաղթող:
«Նոր ալիք 2010»-ում Սոնա Շահգելդյանը, իսկ «Մանկական Նոր ալիք 2010»-ում «Ռազմիկը եւ ընկերները» խումբը սիրվեցին միջազգային հանդիսատեսի կողմից, արժանացան պրոֆեսիոնալ ժյուրիի բարձր գնահատականին: Հաղթանակից ոգեւորված` կազմակերպիչներն այսօր ուրախությամբ հայտնում են, որ արդեն ընդունում են «Նոր ալիք 2011»-ի եւ «Մանկական Նոր ալիք 2011»-ի հայաստանյան նախընտրական փուլերի մասնակցության հայտերը: Մրցույթներին կարող են մասնակցել 8-13 եւ16-30 տարեկանները` ներկայացնելով իրենց երաժշտական կատարումները ազգային նախընտրական փուլերի համար: Կազմակերպիչները հարկ են համարում նշել, որ «Նոր ալիք»-ը միջազգային մրցույթ է, հետեւաբար երգը պետք է լինի փոփ ոճում, իսկ երգի տեւողության նախնական սահմանափակում չեն դնում`ասելով, որ բուն մրցույթների ժամանակ, որոնք կլինեն Յուրմալայում եւ Արտեկում, երգի տեւողությունը պետք է լինի 3 րոպե:
Հայաստանյան հայտերն ընդունում է «Արմենիա» հեռուստատեսությունը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը գալիք տարվա փետրվարի 20-ն է, որից հետո` մարտին, կլինի հայաստանյան նախընտրական փուլը: Ազգային նախընտրական փուլի ժյուրիի կազմում կլինեն «ԱՌՍ» ընկերության ղեկավարության անդամներ, Հայաստանի եւ Ռուսաստանի արվեստի ու մշակույթի գործիչներ:
«Արմենիա» հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Մարգարիտա Գրիգորյանն ասում է, որ «Նոր ալիք»-ի հետ արդեն ավանդույթ դարձած համագործակցությամբ պատրաստվում են հիմք դնել նոր քաղաքականության` շոու- բիզնեսը նոր կերպ ներկայացնելուն. «Արդեն գործընթացը սկսված է, հուսամ, որ հետագայում էլ մենք կկարողանանք ուրախացնել ձեզ, դուք էլ կտեսնեք այն մասնակիցներին, որոնց մենք պատշաճ կերպով կներկայացնենք միջազգային մրցույթին»:
Նա նշում է, որ ընտրական փուլերը երկուսն են լինելու, որից հետո կլինի մեծ գալա-համերգ: Իսկ մրցույթի գործադիր տնօրեն Ստելլա Խաչանյանցը հավելում է, որ գալա-համերգին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ երկրների շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ «Նոր ալիք» մրցույթի նախորդ տարիների մասնակիցներ:
«Նոր ալիք»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը, ով եւս Հայաստանում է գտնվում եւ այն համարում սուրբ հող, նշեց, որ մրցույթը հնարավորություն է տալիս հազարավոր հեռուստադիտողների տեսնել նոր ու տաղանդավոր մարդկանց ելույթները, որոնցից շատերը հետագայում դառնում են աստղեր:
«Նոր ալիք»-ը շուտով կնշի իր 10-ամյակը :)
2011-ին կլրանա «Նոր ալիք»-ի 10-ամյակը, ինչի առթիվ սպասվում են մի շարք նորություններ ու անակնկալներ: Նշենք, որ «Նոր ալիք»-ի գաղափարը կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: 2002-ից ի վեր մրցույթի նախապատրաստական եւ կազմակերպչական հարցերով զբաղվում է «ԱՌՍ» ընկերությունը, որի ղեկավարն է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Արմենիա» հեռուստաընկերությունը


×
5,288







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: