Հանգստավայրը` երիտասարդ նկարիչների աչքերով Այս տարի լրանում է նկարիչների Շորժայի հանգստյան տան 35-ամյակը, այդ առիթով Նկարիչների միությունում «Հետադարձ հայացք դեպի ապագա» խորագրով հավաքական ցուցահանդեսին Շորժայի թեմայով գրաֆիկա, գեղանկար ու քանդակ էին ցուցադրում երիտասարդ նկարիչները: Դեկտեմբերի 8-ին բացված ցուցահանդեսը նախաձեռնել են Նկարիչների միության գեղանկարի բաժնի երիտասարդ նկարիչները. «Մեր առաջին մեծ հանրապետական ցուցահանդեսն է, որում ընդգրկված են մինչեւ 35 տարեկան երիտասարդ նկարիչները, հայտնի ու ոչ այնքան հայտնի անուններ», - ասաց ցուցահանդեսի մասնակիցներից Լեւոն Աբրահամյանը: Ինչպես պատմեցին նկարիչները, Շորժայի մասին նկարներ ստեղծելու եւ հավաքական ցուցահանդեսով ներկայանալու գաղափարը եկել է Շորժայի նկարիչների հանգստյան տանը հանգստանալիս. «Այս տարվա ամռանը, երբ ուղեւորվել էինք Շորժայի հանգստյան տուն, ստեղծագործում էինք, բնանկարներ էինք նկարում, նկարիչներից մեկն առաջարկեց Երեւան գալուց հետո Շորժայում հանգստացած, այնտեղ նկարած նկարիչները ցուցահանդես կազմակերպեն»,- ասաց նկարիչ Լեւոն Աբրահամյանը: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք աջակցում են ներկայացված աշխատանքների կատալոգի հրատարակմանը. «Հավանաբար հաջորդ տարվա սկզբին կատալոգը լույս կտեսնի: Լավ գաղափար են մտածել նկարիչները»,- ասաց նա: 92 նկարիչները մեկ հարկի տակ են հավաքել Շորժայի թեմայով մոտ 120 բնանկարներ: Նկարիչների համար ավանդական հանգստավայր դարձած Շորժան նրանք նկարել կամ քանդակել են իրենց պատկերացմամբ: Գեղանկարիչ, Հայաստանի Նկարիչների միության անդամ Սուրեն Սաֆարյանը 3 աշխատանքով էր ներկայացել` «Անձրեւոտ օր», «Շորժա», «Տաք օր». «Սեւանի, Շորժայի թեմայով շատ նկարներ ունեմ, ներկայացված 3 գործերն այս տարվա ընթացքում եմ նկարել: Կարելի է ասել, ողջ կյանքիս ընթացքում Շորժայում եմ հանգստացել, որովհետեւ պապիկս ժամանակին Նկարիչների միության նախագահն էր, հենց նրա օրոք նկարիչների Շորժայի հանգստյան տունը հանձնվեց Նկարիչների միությանը»: Մասնագիտությամբ երաժիշտ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Արման Աբրահամյանը Նկարիչների միության անդամ չէ, բայց վաղուց է նկարում ու մասնակցում խմբակային ցուցահանդեսների. «Երբ գույնի զգացողությունը կա, էմոցիաներ են գալիս, դրանք հանձնում եմ թղթին կամ կտավին: «Շորժա» նկարն այս տարվա ամառային ստեղծագործական սեզոնի վերարտադրությունն է: Հայրս, եղբայրներս, ընկերներս նկարիչներ են, շրջապատի ազդեցությունն էլ կա, մասնակցել եմ մի քանի խմբակային ցուցահանդեսների, նաեւ դիպլոմների եմ արժանացել, եթե առիթ լինում է, նոր նկարներով մասնակցում եմ»: Հայաստանի տեսարժան վայրերից մեկի` Շորժայի թեմայով աշխատանքները կարող եք տեսնել ու գնահատել մինչեւ դեկտեմբերի 18-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: