×


Ազնավուրի մասին՝ Ազնավուրի երգերով. նոր ներկայացում Համազգայինում

Երեք դերասան բեմում խաղացին Ազնավուր, երգեցին Ազնավուր ու պատմեցին Ազնավուրի մասին։ Երեկ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացման պրեմիերան էր՝ նվիրված մեծն արտիստի հիշատակին։

«Ազնավուր» համերգ-ներկայացման պրեմիերային


Երեք արտիստ, մեկ Ազնավուր

«Ազնավուր» ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական փաստերն են՝ ծնունդից մինչեւ իր հաղթանակը Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում, որն էլ նրան համաշխարհային հռչակ բերեց։ Դերերում են Նարեկ Բաղդասարյանը, Ստեփան Ղամբարյանը եւ Ալլա Սահակյանը, ով նաեւ բեմականացման հեղինակն ու ռեժիսորն է։

«Հայեցակարգն այսպիսին է՝ երեք դերասան պատմում են Ազնավուրի կյանքը՝ այդ ընթացքում խաղալով ինչպես Ազնավուրի, այնպես էլ նրան շրջապատողների կերպարները։ Վերջում բոլորս Ազնավուր ենք դառնում։ Գաղափարախոսությունն այն է, որ եթե մարդը հավատում է ինքն իրեն, ապա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող է հասնել բաղձալի բարձունքին, ինչն էլ արեց Ազնավուրը։ Դժվարությունները չպետք է թույլ տան, որ մարդն ընկճվի, եւ Ազնավուրի կյանքի պատմությունն ասես դրա դպրոցը լինի»,-ասում է Ալլա Սահակյանը։

«Ազնավուր» համերգ-ներկայացման պրեմիերային


Նորույթ՝ ջազի ելեւէջներով

Բեմադրությունն ամբողջապես երաժշտական է։ Տեսարանները շաղկապված են այնպես, որ գործողությունների զարգացմանը զուգընթաց ծնվում են երգեր, դուետներ, դերասանները հանդես են գալիս մենապարերով եւ զուգապարերով։

«Մեր եռյակն ամիսներ շարունակ աշխատել է թե՛ երգերի, թե՛ պարերի վրա։ Ուրախ եմ, որ մեր խաղացանկում կունենանք նման ներկայացում, որն իր տեսակով նորություն է, քանի որ ուղեկցվում է կենդանի նվագակցությամբ»,- նշում է բեմադրության հեղինակը։

«Ազնավուր» համերգ-ներկայացման պրեմիերային


Ողջ ընթացքում բեմում արտիստների հետ էր հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն՝ իր ջազ քառյակով:

«Հետաքրքիր է, որ ջազ քառյակն իր նվագակցությամբ չի կրկնում այն, ինչ արվել է Ազնավուրի երգերում։ Ստեղծագործությունները ներկայացվում են նոր, ջազային մոտեցմամբ»,- ասում է գարի Քյոսայանը՝ հավելելով, որ իր համար շատ երջանիկ եւ հուզումնալից օր է, քանի որ շփվելու են մեծագույն կոմպոզիտորի երաժշտության հետ։

«Ազնավուր» համերգ-ներկայացման պրեմիերային


Հաղթանակի ճանապարհը

«Այս ներկայացումը մի մարդու մասին է, որ լինելով գաղթական հայ մի երկրում որտեղ ոչինչ չուներ, կարողացավ դառնալ համաշխարհային մեծություն»,- ասում է Նարեկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Համազգային թատրոնի խաղացանկային քաղաքականությունը հենց այդպիսին է՝ ներկայացնել հաղթող հերոսների։

Նարեկ Բաղդասարյանը


Ստեփան Ղամբարյանը նշում է, որ ներկայացման վրա աշխատել են 4 ամիս։ Հիմնական ուղերձը հայի հաղթանակն է.«Ներկայացման ողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ բեմի վրա կերպարանփոխվում ենք ու դառնում Ազնավուրի կյանքի հերոսները, որ ինչ-որ կերպ կապված են եղել իր հետ։ Բարդությունն այն է, որ ավելի քան մեկուկես ժամ երեք դերասան միաժամանակ պատասխանատու են ամբողջ ներկայացման համար»։

Ներկայացման բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է, իսկ պարերի բեմադրութունն արել է Ինեսա Արզաքանցյանը։

«Ազնավուր» համերգ-ներկայացման պրեմիերային


«Մաեստրոյի մահվան տարելիցին ընդառաջ փորձեցինք եւս մեկ անգամ հավերժացնել նրան, որովհետեւ մենք նրան միշտ կենդանի ենք հիշում, ու նրա ամեն բառը, խոսքը եւ այն, ինչ եղել է նրա կյանքում, փորձում ենք ներկայացնել ամենավառ ձեւով՝ հումորով անդրադառնալով անցած դժվարություններին»,- ամփոփում է Ալլա Սահակյանը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW