“Մեր մանկության տանգոն”, “Հին օրերի երգը”, “Ուրախ ավտոբուսը”,“Կյանքի լավագույն կեսը”, “Խոշոր շահում”, “Տխուր փողոցի լուսաբացը”. ֆիլմեր, որոնք մեծ սեր ու ճանաչում բերեցին կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանին, որը փետրվարի 27-ին բոլորեց իր ծննդյան 75-ամյակը:
Արմեն Դիվանյանի "Արեւներ" համույթը շնորհավերել է հոբելյարին` "Իմ ծնունդն է այսօր" երգով
Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է հոբելյանական`“Կյանքի լավագույն կեսը 2” խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են եղել վարպետի ընկերներն ու կոլեգաները, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Երեկոյի սկզբում ռեժիսոր Արամ Սուքիասյանը, որը նաեւ միջոցառման հաղորդավարն էր ու կազմակերպիչներից, ներկաներին հայտնել է, որ “այն տարբերվելու է նմանատիպ հոբելյանական միջոցառումներից, ընկերներն ու մտերիմներն իրենց նվերներն ու երկար ճառերը սպասասրահում են ասելու, բեմում ու դահլիճում տիրելու է անմիջական մթնոլորտ”:
Ալբերտ Մկրտչյանը պարգեւատրվել է հանցագործությունների կանխարգելման գործում ունեցած ավանդի համար:)
Ծրագրի սկզբում մեծ էկրանին վարպետի մանկության նկարներով ֆոտոշարք է ցուցադրվել, իսկ Արմեն Դիվանյանի “Արեւներ” համույթն էլ անակնկալի է բերել հոբելյարին: Մանկապատանեկան համույթն Ալբերտ Մկրտչյանին շնորհավորել է` “Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը, թող ներեն, թող ներեն, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն” երգելով, բեմ է հրավիրել հոբելյարին, նրան արջուկ ու նապաստակ նվիրել, եւ միասին պարել են:): Ալբերտ Մկրտչյանին երաժշտական կատարումներով շնորհավորել են նաեւ “Jazzel”-ն ու Տիգրան Մկրտչյանը:
Երեկոն շարունակվել է տոնական տրամադրությամբ, էկրանին ցուցադրվել են Ալբերտ Մկրտչյանի կյանքի ու աշխատանքի մասին պատմող կադրեր, շնորհավորանքներ: Խոսվել է նաեւ թատրոնի եւ կինոյի մյուս վարպետի` Մհեր Մկրտչյանի մասին: Ալբերտ Մկրտչյանին իր եւ Ֆրունզիկի անունից շնորհավորել է նրա մյուս եղբայրը` Սոս Սարգսյանը:
Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ սերունդը շնորհավորել է հոբելյարին
“Նստած մտածում էի` ինչ պիտի ասեմ, հետո մտածում էի, թե ինչ կասեր իմ ախպերը` Ֆրունզն իր ախպորն էս պահին...Կասեր`“ Էհեյ, էդ երբ դարձար 75 տարեկան”: Իմ ախպոր ախպերն ա, իմ ապերիկն ա, խոնարհվում եմ նրա արածի առջեւ”,-ասել է Սոս Սարգսյանն ու խոստովանել, որ պատմում է բաներ, որոնք ոչ թե Ալբերտի, այլ Ֆրունզի հետ կապ ունեն:):
Ալբերտ Մկրտչյանին մրցանակ է շնորհել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անակնկալ մատուցել: “Չգիտեմ` որեւէ երկրի գլխավոր դատախազը երբեւէ պարգեւատրել է արվեստի գործչի, բայց ես որոշեցի անել: Գեղեցիկի ու բարու հանդեպ այն սերը, որ դու սերմանել ես քո արվեստով, կանխում են հանցագործությունները: Պարգեւատրում եմ Ալբերտ Մկրտչյանին` հանցագործությունների կանխարգելման գործում ունեցած ավանդի համար”,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանների լուսանկարներից
Ալբերտ Մկրտչյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` նոր բեմադրություն պատվիրելով “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնին: “Վեց ամիս անց այնտեղ պրեմիերայի ականատես կլինենք:)”,-ասել է Արամ Սուքիասյանը: Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անունից Միքայել Դովլաթյանը Ալբերտ Մկրտչյանին հանձնել է “Մշակույթի ասպետ” մրցանակը, իսկ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հոբելյարին նվիրել է մրցանակ, որը փառատոնը տվել է աշխարհի լավագույն կինոռեժիսորներին:
Ալբերտ Մկրտչյանին բեմում շնորհավորել է Համազգային թատրոնը, որի դերասաններից Արման Նավասարդյանը նմանակել է ռեժիսորին, խոսել նրա բարբառով, իսկ վերջում ասել` “Եթե դուրդ չեգավ, մոնտաժ կենես, կհանես”: Շնորհավորող թատրոնների թվում են եղել նաեւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնն ու Ալբերտ Մկրտչյանի ղեկավարության տակ գտնվող “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնի դերասանները` նրան անվանելով հայ կինոյի խոշոր շահում:
Արմեն Ամիրյանը տիկնոջ հետ
Ներկաներին շնորհակալություն հայտնելով` Ալբերտ Մկրտչյանն ասել է, որ հիմա պատրաստվում է ֆիլմ նկարահանել իր եղբոր` Սոս Սարգսյանի “Լակոտը” վիպակի հիման վրա. “Կնկարեմ եւս մեկ ֆիլմ, որը կսկսվի եղեռնով, կվերջանա Ֆրունզիկի մահով: Կարծում եմ` սրանով էլ կվերջանա իմ գործունեությունը”, -ասել է հոբելյարն ու շնորհավորել օրվա մյուս հոբելյարին`ռեժիսոր Արամ Սուքիասյանին: Արամի առաջարկով պայմանավորվել են, որ իր 75-ամյակի հոբելյանական երեկոն պետք է վարի Ալբերտ Մկրտչյանը:): Հրաժեշտ տալով ներկաներին` Արամ Սուքիասյանը նշել է, որ հաջորդ հանդիպումը կլինի վարպետի 80-ամյակին:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: