×


Ալլա Լեւոնյան.«Մի տեսակ վախ կա մեջս»

Նախորդ տարին ստեղծագործական առումով բուռն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանի  համար. հյուրախաղեր Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի քաղաքներում,  «Բարեւ»  երգի հիման վրա նոր տեսահոլովակի պրեմիերա, բարեգործական մի շարք ծրագրերի մասնակցություն: «Անձամբ ինձ համար տարին հաջողակ էր, բայց վերջին շրջանում աշխարհում այնքան վատ իրադարձություններ եղան, որ մի տեսակ վախ կա մեջս: Ուզում եմ՝ բոլոր բացասական երեւույթները մնան նախորդ տարում, ու լսենք միմիայն հաճելի լուրեր»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:

Ալլա Լեւոնյանը` երեխաների հետ


Խոսելով ձեռքբերումների մասին` նա հետեւյալն է ասել.«Շատ եմ կարեւորում «Ես կամ» հաղորդաշարի շրջանակում փոքրիկ աղջնակի հետ իմ ծանոթությունը. նա երազում էր ինձ հանդիպել, ու այսօր շատ ուրախ եմ, որ մտերմացել եմ այդ փոքրիկի հետ: «Բարեւ» երգիս տեսահոլովակը եւս մեծ ձեռքբերում է ինձ համար: Թեեւ քննադատողներ էլ եղան, բայց ուրախ եմ, որ շատերը սիրեցին: Հաղորդագրությունը, որ ուզում էի երգիս միջոցով փոխանցել մարդկանց, հասավ իր նպատակին»:

Ալլա Լեւոնյանը շուրջ 21 տարի բեմում է, 13 տարի էլ ամուսնացած կին է: Երեք երեխայի մայր երգչուհին խոստովանել է, որ առանց բեմի չի կարող ապրել, թեեւ ընտանիքն ու կարիերան համատեղելն այդքան էլ դյուրին չէ.«Երբ մի քանի օր տանն եմ լինում, անկեղծ, չեմ դիմանում: Իմ բացակայության ժամանակ երեխաներիս խնամքով մայրս եւ սկեսուրս են զբաղվում, այնպես որ, փորձում եմ ամեն բան հասցնել»:

Ալլա Լեւոնյանն` ամուսնու հետ


Նոր տարին երգչուհու համար հեքիաթ է: Մեծ հաճույքով է պատրաստում ավանդական թփով տոլման ու բլինչիկը: Երգչուհու խոսքով` ամուսինը եւս շատ համեղ է պատրաստում` օգնելով մսով ուտեստների պատրաստման հարցում:

Ապագայի պլաններ նա չի սիրում կազմել.«Թեեւ հիմա 3 երկրի հետ նախնական համերգային պայմանավորվածություններ ունեմ: Տա Աստված, որ այս տարում շատ լինեն համերգներ, հյուրախաղեր, նոր տեսահոլովակներ եւ բարեգործական միջոցառումներ»:

Ալլա Լեւոնյանը


2016-ի հետ կապված ցանկությունների շարքում Ալլան առանձնացրել է խաղաղությունը.«Ուզում եմ, որ անմեղ զոհեր չլինեն, պատերազմ չլինի, մեր զինվորները ողջ ու առողջ վերադառնան տուն: Ես չեմ կարող երջանիկ լինել՝ տեսնելով շուրջս դժբախտություններ, աղքատություն ու տխրություն»:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW