×


Ամուսնական խառնաշփոթ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում :)

“Ամուսնանալը հեշտ բան չէ”. այսպես է կոչվում Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի խաղացանկում ընդգրկված նոր կատակերգությունը, որի պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը: Դերերում են Ռուդիկ Մարտիրոսյանը /Համով/, Արսեն Գրիգորյանը/Ռուդ/, Լուսինե Ավանեսյանը/Մերի/, Լիլի Դավթյանը/Լիլի/, Սյուզի Կիրակոսյանը եւ Քնարիկ Զաքարյանը/սպասուհի/, Սարգիս Վարդեւանյանը/քահանա/, Անջուլինա Թոքմաջյանը/հյուրանոցի ադմինիստրատոր/:

“Ամուսնանալը հեշտ բան չէ” ներկայացման պրեմիերային


Երբ Համովը, հյուրանոցի սենյակում առավոտյան արթնանալով, պարզում է, որ գիշերն անցկացրել է անծանոթուհու հետ, իսկ այդ օրն իր իսկ հարսանիքն է, սկսվում է արկածային քաոսը:):  

Ներկայացման ռեժիսորն Արսեն Գրիգորյանն է, բեմադրության հեղինակը` Մհեր Մկրտչյանը` Ալբերտ Մկրտչյանի որդին, իսկ զգեստների նկարիչը Մարինա Թադեւոսյանն է: Ի դեպ, Մհեր Մկրտչյանը պրեմիերային ներկա չէր, քանի որ ֆիլմի նկարահանումների նպատակով մեկնել է Ռիգա:

“Ամուսնանալը հեշտ բան չէ” ներկայացման պրեմիերային


Մեկ գործողությամբ կատակերգությունը ստեղծվել է ռեժիսորի եւ դերասանների անմիջական մասնակցությամբ, ինչպես BRAVO.am-ին պատմել է Արսեն Գրիգորյանը, թատրոնում էքսպերիմենտ են արել եւ բեմադրել են արդի խնդիրների մասին ժամանակակից ներկայացում.“Ինտերակտիվ կերպով բոլորս մասնակցել ենք պիեսի ստեղծմանը: Ամուսնության թեմայի շուրջ սովորաբար չեն խոսում` ասելով` կամուսնանաս եւ կիմանաս: Մենք` հայերս, դրան թեթեւ չենք վերաբերվում: Իսկ հումորի միջոցով արծարծում ենք նախաամուսնական խնդիրները: Կարծում եմ` ներկայացումն ավելի կհետաքրքրի երիտասարդներին ոչ միայն թեմայի, այլ նաեւ ժամանակակից բառապաշարի առումով. նրանք ավելի հեշտ կընդունեն, քան բարձր տարիքի հանդիսատեսը”:

Ռուդիկ Մարտիրոսյանը եւ Լուսինե Ավանեսյանը


Մերիի կերպարը մարմնավորող Լուսինե Ավանեսյանի խոսքով` ներկայացման կերպարներն այնքան գունեղ են եւ արտահայտիչ գծեր ունեն, որ իր համար գրեթե տարբերություն չի եղել, թե որ դերը կստանձնի.“Շնորհակալ ենք Մհերին, որ առաջարկեց իրեն օգնել եւ ուղղորդել: Այս կոմեդիան մեզ հնարավորություն է տալիս իմպրովիզներ անել բեմում, եւ ամեն անգամ նոր ներկայացում է ստացվում: Փորձերը վայելքի նման էին, մենք էլ հասկացանք, որ շատ ենք սիրում մեր մասնագիտությունը”:

Հյուրանոցի սպասուհու դերակատար Սյուզի Կիրակոսյանը կարծում է` ամուսնանալիս պետք է սիրով առաջնորդվել եւ նյութականն առաջնային չդարձնել.  “Ներկայացումն իր թեթեւությամբ, անսպասելիությամբ եւ ակտիվությամբ հանդիսատեսին կստիպի լիցքաթափվել, բայց տողատակերում շատ ասելիք կա: Կան աղջիկներ, որ ամուսնանում են հարստության համար… Ցույց ենք տալիս, որ թեկուզ հարսանիքից մեկ օր առաջ կամ նույն օրը կարելի է հրաժարվել սխալ որոշումից: Մեր իրականության մարդկային տեսակներն են բեմում”:

“Ամուսնանալը հեշտ բան չէ” ներկայացման պրեմիերային


Լիլի Դավթյանը, որը թատրոնում աշխատում է շուրջ 3 տարի, դրամատիկ կերպարերից հետո մարմնավորում  է թեթեւամիտ աղջկա, ով ողջ օրը հեռախոսով ինքնանկարներ է անում եւ մեկ թուլություն էլ ունի. սիրում է բոլորի գիրկն ընկնել:). “Երբ թռա քահանայի գիրկը, նա անսպասելիորեն իմպրովիզ արեց` ինձ ասելով նզովյալ. հազիվ զսպեցի ծիծաղս:): Ցավոք, այսօր շատ աղջիկներ են տառապում սոցիալական ցանցերում լուսանկար տեղադրելու հիվանդությամբ: Եթե հանդիսատեսի շարքում նստած մարդիկ կտեսնեն իրենց ու կփոխվեն, կհամարենք, որ դաստիարակչական գործառույթն իրականացրել ենք”:

“Ամուսնանալը հեշտ բան չէ” կատակերգությունը կարող եք դիտել մարտի 23-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW