×


“Անդունդ” Շառլ Ազնավուրի հրապարակում :)

Երեւանում 3D սթրիթ-արտ է հայտնվել:). “Անդունդ” անվանմամբ պատկերը գտնվում է “Մոսկվա” կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Եռաչափ` կիսաքանդ կամրջով ու կոկորդիլոսներով պատկերը նկարել է գերմանացի 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը:

Կիսաքանդ կամրջով ու կոկորդիլոսներով եռաչափ պատկերը նկարել է գերմանացի 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը


Երեւանյան առաջին եռաչափ նկարի հանդիսավոր բացմանը ներկա գտնվողները հնարավորություն են ունեցել առաջինը տեսնելու եւ լուսանկարելու “Անդունդ”-ը: Միջոցառման հանդիսավար Մամիկոն Սիմոնյանը նախապես տեղեկացրել է, որ “նկարի ամբողջ եռաչափությունը տեսնելու համար պետք է կանգնել համապատասխան կետի վրա, որտեղ նկարված է ֆոտոխցիկ”: Բացումից հետո նկարի վրա բրեյք դանս են պարել երիտասարդ տղաները, որից հետո հավաքվածներն անընդմեջ լուսանկարվել են եռաչափ պատկերի ֆոնին:

“Անդունդ”-ը ստեղծվել է “Ամերիաբանկ”-ի նախաձեռնած “Երազանքների պատ” ծրագրի շրջանակում` Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ,  ուղղված է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկությունների իրագործմանը:

Միջոցառման հանդիսավար Մամիկոն Սիմոնյանը


Պատկերի ստեղծմանն իր մասնակցությունն է ունեցել “BB Media” ընկերությունը, որի արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը BRAVO.am-ին ասել է`  եռաչափ նոր պատկերներ ստեղծելու գաղափար արդեն իսկ ունեն, հավանաբար այս տարվա ընթացքում Երեւանում կլինեն նոր 3D նկարներ. “Մենք աշխատել ենք որակյալ ներկերով, որ հնարավորինս երկար պահպանվի նկարը: Անձրեւն ու ձյունը այնքան վնաս չեն հասցնի նկարին, որքան մարդկանց` նկարի վրայով քայլելը: Ըստ նախատեսվածի` մոտ 4-5 ամիս նկարը չի մաքրվի”:

Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին նշել է, որ երեւանցիները սիրում են նորամուծություններ, իսկ այս ծրագիրը նոր շունչ կհաղորդի ու կգեղեցկացնի Երեւանը. “Կարծում եմ` երեւանցիները կհավանեն այս նկարը: Սա այնպիսի նորամուծություն է, որը մեծ ակտիվություն է բերելու հատկապես երիտասարդության շրջանում”:

“Անդունդ”-ի վրա բրեյք դանս են պարել


“Գերմանիայից հրավիրեցինք հյուրեր, նկարեցին ու հանձնեցին մեր քաղաքացիներին: Երազանքների պատի ծրագիրը շարունակական է լինելու”, - ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Գերմանիայից ժամանած նկարիչը  աշխատանքն իրականացրել է 5 օրում` հունիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում անցորդներին չի թույլատրվել նախապես դիտել պատկերը, որ պահպանվի հետաքրքրության չափաբաժինը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW