“Պատերը միշտ հիշում են այն, ինչ թաքնված է փակ դռների ետեւում, անմահացնում են այլայլված մարդկային հոգիները` ազատված երկերեսանի դիմակներից”. այս խորագիրն է կրում “Մի սենյակի պատմություն” ֆոտոցուցահանդեսը, որի բացումը կայացել է Երեւանի կամերային թատրոնի ճեմասրահում` փետրվարի 21-ին:
Ալիս Ազատյանը եւ Էմին Արիստակեսյանը
Ֆոտոպատմության հեղինակը BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն է, ոճաբանն ու դիմահարդարը` Ալիսա Ազատյանը: Սա լուսանկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսն է, որն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն:
Էժանագին հյուրանոցի համարներից մեկում տարբեր ժամանակահատվածներում բնակված մարդկանց սոցիալական, կրոնական, հոգեբանական, սեռական խնդիրները, սովորաբար, շրջապատի համար գաղտնի են մնում: Ներկայացված 30 լուսանկարում կան ընտանեկան բռնության, թմրամոլության, նիմֆոմանիայի, ինքնասպանության, աղանդավորության, խաղամոլության եւ այլ տեսարաններ:
“Մի սենյակի պատմություն” խորագրով ցուցահանդեսին
Յուրաքանչյուր լուսանկար ունի իր խորագիրը, ինչպես, օրինակ` “Երբ մարում է վերջին հույսի ճրագը”, “Հաճախ մարդու կյանքն էլ է խաղարկվում”, “Կայացած կնոջ քմահաճույքը կարող է լինել թարմ մարմին”, “Երակները լացում են` ցավը վայելելով”, “Հոգու դատարկություն, որը լրացվում է միայն մարմնական հաճույքներով”, “… Եվ ինչքան էլ այդ ամենը մաքրվում է, պատերն ամեն ինչ հիշում են”:
Էմինի խոսքով` ֆոտոպատմություն ստեղծելու գաղափարը ծագել է իր ընկերոջ հետ կյանքի ու մարդկանց խնդիրների մասին զրույցի ընթացքում.“Փակ դռների ետեւում կատարվող երեւույթները թաքցվում են հանրությունից, բայց այդ մարդկանց իրական խնդիրներն ու գաղտնիքները պատերը հիշում են: Երկար փնտրելուց հետո գտա իմ պատկերացրած 1990-ականների շնչով կիսավերանորոգված սենյակը, որտեղ բնակվում է ընկերներիցս մեկը: Նրան ասացի, որ պատրաստվում եմ այդտեղ լուսանկարել 40-45 հոգու, տեղաշարժել կահույքը, պատերի վրա գրել, հետո վերանորոգել, նա էլ տան բանալիները վստահեց ինձ:)”:
Գոհար Հարությունյանը` ամուսնու եւ որդու հետ, Ալիս Ազատյանը, Էմին Արիստակեսյանը
Նա լուսանկարել է ինչպես իր ծանոթներին, այնպես էլ բոլորովին անծանոթ մարդկանց. “Ի զարմանս ինձ, գրեթե մերժում չեմ ստացել այն մարդկանցից, ում առաջարկել եմ լուսանկարվել, բացի այդ, այնքան լավ էին ընկալում իրենց կերպարների հոգեբանական կողմը, որ հեշտությամբ եմ աշխատել բոլորի հետ: Որոշ կերպարներ մարմնավորած մոդելներ հենց իրենց վերապրած հույզերն են ներկայացրել”:
Լուսանկարչի խոսքով` այս ֆոտոնախագծով ցանկանում է հանդիսատեսին ներկայացնել հասարակությունում առկա խնդիրները, բայց նպատակ չունի ընդդիմանալ կամ խրախուսել երեւույթները.“Որպես պատմիչ ներկայացնում եմ իրականությունը: Մեկի համար կարող է ընդունելի լինել կադրը, մյուսի համար` զզվելի: Թողել եմ հանդիսատեսի ընկալմանը. տեսակետս չեմ ներդրել: Իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում լուսանկարում եմ գեղեցիկ միջոցառումներ եւ գեղեցիկ մարդկանց, իսկ այս նախագծով ցանկանում էի արվեստի տեսանկյունից եւ առանց գռեհկության անդրադառնալ կարեւոր խնդիրների: Եթե դիտողները նման քայլեր անելուց առաջ մտածեն, կհամարեմ, որ ասելիքս ընկալվել է”:
“Մի սենյակի պատմություն” խորագրով ցուցահանդեսին
Լուսանկարները մինչեւ մարտի 1-ը կցուցադրվեն Կամերային թատրոնում, այնուհետեւ` երեւանյան արտ-սրճարաններում ու փաբերում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/ եւ Իկա Աթայանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: