Հանրային հեռուստաընկերությունը Ամանորի գիշերը կներկայացնի “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” հեռուստաֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել Ծաղկաձորում ու Երեւանում` տեւելով մեկ ու կես ամիս:
Նարինե Դովլաթյանը, Անի Երանյանը, Աննա Հարությունյանը եւ Արմինե Պողոսյանը
Ամանորյա ֆիլմում նկարահանվել են Նարինե Դովլաթյանը, Վարշամ Գեւորգյանը, Աննա Հարությունյանը, Անի Երանյանը, Արմինե Պողոսյանը, էպիզոդիկ դերերով նկարահանվել են նաեւ Արթուր Կարապետյանը, Լեւոն Հարությունյանը, Ալեքսանդր Բաբասյանը եւ այլք:
“Կոմեդիան ընկերության, սիրո, համերաշխության մասին է”. Ելենա Արշակյան
Անի Երանյանը, Ելենա Արշակյանը եւ Աննա Հարությունյանը
Նոր տարվա ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ այս հեռուստաֆիլմը ստեղծելու գաղափարը Հ1-ի տնօրինությանն է.“Առաջարկը ստանալուց հետո միասին որոշեցինք` ինչ ենք անելու, ինչի մասին է լինելու այն: 2013 թվականի եթերաշրջանը բացվելու է այս ֆիլմով: Սյուժեի մանրամասները ավելի լավ է չբացահայտենք. դիտողները կհասկանան` ինչ կապ ունի Ծաղկաձորը Չիկագոյի հետ: Մեծ մասը նկարել ենք Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում` գիշերվանից մինչեւ լուսաբաց: Առավոտյան քնում էինք, երեկոյան նորից նկարահանում: Հուսով եմ` մեր չարչարանքի արդյունքը մարդկանց կգոհացնի”:
Սցենարի հեղինակներն են Հասմիկ Մանգասարյանը, Դիանա Մարդանյանը, Արսեն Սարգսյանը եւ Նորայր Օհանյանը, իսկ պրոդյուսերը եւ բեմադրող օպերատորն Արթուր Ապրեսովն է: “Շատ ծիծաղելի դրվագներ կան, բայց որպես ռեժիսոր շեշտը դրել եմ կերպարների վրա, որոնք դիտողի համար անսպասելի ու հետաքրքիր կլինեն. մեր դերասաններին այս կերպարներով դեռ չեն տեսել, օրինակ` Աննա Հարությունյանը լիովին կերպարանափոխված է ոչ միայն արտաքնապես, այլեւ` խաղով ու տեսակով: Ինչքան էլ կոմեդիա լինի, այն ունի իր ասելիքը` ընկերության, սիրո, համերաշխության մասին է, այսինքն` ընկերուհիների գլխով տարբեր բաներ կարող են անցնել, վատ իրավիճակներ լինել, բայց վերջում բարին հաղթում է”, - նշել է Ելենա Արշակյանը:
Նարինե Դովլաթյանը ֆիլմում ե՛ւ խաղում է, ե՛ւ երգում
Նարինե Դովլաթյանը
Ֆիլմի երաժշտական ձեւավորումն արել է Նիկ Էգիբյանը: Նա նաեւ սաունդթրեք է գրել, որը երգում է Նարինե Դովլաթյանը: Երգչուհին պատասխանատվությամբ է ընդունել ամանորյա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, ինչպես ինքն է նշել, դեռ մանկուց խաղալու ցանկությունը մեծ է եղել, նույնիսկ մտածել է Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին, թեեւ գիտակցել է, որ երգն է իրենը. “Փոքր տարիքում թատերական ստուդիա էի հաճախում, մանկական հաղորդումներ էի վարում ու փոքր դերեր խաղում”, -մեզ հետ զրույցում հիշել է Նարինեն ու հավելել` առաջարկն ընդունելուց հետո իր համար ամեն ինչ անսպասելի է եղել. “Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, ինձ համար ամեն ինչ նորություն էր: Շատ բաներ սովորեցի նկարահանումների ժամանակ, նաեւ փորձ ձեռք բերեցի տարբեր մարդկանց հետ շփման հարցում”:
Ըստ սցենարի` Նարինեն չորս ընկերուհիներից ամենադրականն է, բայց իր մարմնավորած Մարիի կերպարն այնքան էլ դրական չի համարում. “Աղջիկն այնպիսի քայլեր է անում, որ ես չեմ ընդունում ու չէի անի”:
“Գլամուրային” Անի Երանյանը
Անի Երանյանը
Անի Երանյանի հերոսուհու անունը Սրբուհի է, նա ընկերուհիներից ամենաթիթիզն է, շնիկով գլամուրային աղջիկ է:). ““Բլանձինկա” կերպարիս վրա շատ եմ աշխատել, նույնիսկ ռեժիսորի հետ հաճախ սրճարաններ էինք գնում, ուսումնասիրում էի գլամուրային աղջիկներին, որ կարողանամ այդ դերի մեջ մտնել: Իմ կերպարը միեւնույն ժամանակ շփվում է երեք տղամարդու հետ, բայց երեքի անունն էլ չի հիշում: Նրա փոքրիկ “չարագործությունները” վերջում լավ ավարտ են ունենում, բայց աղջիկը նորից իր կերպարում է մնում”:
“Դերասաններից յուրաքանչյուրի համար այս ֆիլմը նոր քայլ էր, քանի որ ոչ մեկս այսպիսի կերպարներում չէինք եղել: Նկարահանման ընթացքում շատ էի վախենում, ուղղակի չէի պատկերացնում` վերջում ինչ կստացվի: Նարինեն մեզ հետ առաջին անգամ էր աշխատում, փորձում էինք օգնել, որ նոր միջավայրում դեր ստանձնելն իր համար հեշտ լինի”,-հավելել է Անի Երանյանը:
“Տգեղ կերպարս որքան ծիծաղելի է, այնքան էլ` դժբախտ”. Աննա Հարությունյան
Աննա Հարությունյանը
Աննա Հարությունյանի կերպարը մյուս ընկերուհիներից տարբերվում է արտաքին տվյալներով, որն, ըստ դերասանուհու, ե՛ւ հեշտացնում, ե՛ւ բարդացնում է դերը. “Սկզբում կասկածում էինք` արդյոք կկարողանամ այս կերպարում ճիշտ ներկայանալ… Կերպարս խաղացել եմ` երբեք չմտածելով, որ նա տգեղ է, թեեւ նրա արտաքին տվյալները գրոտեսկային են, իսկ ինձ հարկավոր էր իրական մարդու կերպար ստանալ ու ցույց տալ նրա կենդանի օրգանիզմ լինելը: Այս կերպարն ամբողջովին տրագիկոմեդիկ է, որքան էլ ծիծաղելի է, այնքան էլ` դժբախտ”:
Աննան ֆիլմի ողջ ընթացքում կեղծամով է, նշում է, որ անընդմեջ գրիմով ու կեղծամով մնալը դժվար է եղել.“Դերասանուհիների համար երբեմն խնդիր է տգեղ լինելը, ուրախ եմ, որ այդ խնդիրը չունեմ: Նկարվելիս էյֆորիայի մեջ եմ եղել, ընդհանրապես չեմ հիշում` ինչ եմ արել, նշանակում է` լավ կլինի, իսկ եթե հիշում եմ խաղալուս ընթացքը, ուրեմն վատ է ստացվել: Մինչ դերասանուհի դառնալը գիտեի` դերասանուհիներն արթնանում են կեսօրին եւ անպայման շոկոլադ են խմում, բայց ճիշտ հակառակը պարզվեց: Վայելել տառապանքի արդյունքը հաճելի է, բայց մինչեւ դրան հասնելը երկար ճանապարհ պետք է անցնես: Հուսով եմ` հեռուստադիտողը կգնահատի այդ տառապանքները”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Բոստանջյանի /Bravo.am/ եւ Արթուր Ծատինյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: