×


Անի Քոչարյան.«Իրական կյանքում էլ շատ խիստ մայր եմ»

Անի Քոչարյանի համար ձմռան առաջին օրը տոնական է: Դերասանուհին այսօր նշում է 45-ամյակը: BRAVO.am-ին նա ասել է, որ օրը սկսվել է շնորհավորանքների տարափով, իսկ առաջին բարեմաղթանքները եղել են ամուսնու եւ որդու՝ Աբելի կողմից:

«Այնքան մարդ է մինչ այս պահը հիշել ու շնորհավորել ինձ, որ էլ նկարագրելու չէ: Միակ մարդու շնորհավորանքին, որ ամեն տարի անհամբերությամբ սպասում եմ, մայրս է: Նա էլ առաջին շնորհավորողներից էր: Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի ու այսքան դրական էմոցիաների համար»,- նշել է նա:

Անի Քոչարյանն՝ ամուսնու հետ


Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհու համար իր բոլոր տարեդարձերն էլ յուրովի հիշարժան են.«Ոչ մի անգամ ոչ ոքի հատուկ չեմ հրավիրել խնջույքի: Իմ ընկերները լավ գիտեն ծննդյանս օրն ու անպայման գալիս են: Այժմ թատրոնի խաղընկերներիս հետ նշում եմ, երեկոն դեռ չգիտեմ՝ ինչպես կանցնի. ամուսինս ու տղաս անակնկալ են խոստացել»:

Վերջին տարիներին Անին տոնական տորթի մոմերը փչելիս միեւնույն ցանկությունն է մտապահում.«Իմ երազանքը գաղտնիք չէ. ինչպես բոլորը, ես էլ ուզում եմ ապրել խաղաղ ու ապահով երկրում»:

Անի Քոչարյանը


Այս շրջանում «Մեղրամիս» սերիալում նկարահանվող դերասանուհին խոսել է նաեւ իր մարմնավորած կերպարի մասին.«Իրական կյանքում էլ շատ խիստ, բայց միեւնույն ժամանակ, շատ սիրող մայր եմ: Դրական տանտիկնոջ կերպարում եմ, ով շատ է սիրում իր զավակներին, նվիրված է նրանց: Բնական է՝ որոշ տարբերություններ կան իմ եւ հերոսուհուս միջեւ, բայց նմանություններն ավելի շատ են: Կարծում եմ՝ իրականում էլ նման սկեսուր կլինեմ»:

Խոսելով նոր ներկայացումներից՝ Անին հավելել է, որ օրեր առաջ Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել իր մասնակցությամբ նոր՝ «Ռեւիզոր» ներկայացման պրեմիերան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները` Անի Քոչարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին