«Շիրազի Վարդը» պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր նախագիծն է, որը շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: BRAVO.am-ը ներկա է եղել բազմասերիանոց նոր սերիալի նկարահանումներից մեկին, լուսանկարել դերասանական խմբին, նաեւ զրուցել Ելենայի հետ:
«Ամեն ինչ շատ պարզ է. Շիրազը քաղաք է Իրանում, իսկ Վարդը մեր հերոսուհին է: Նկարահանումները սկսել ենք դեռ նախորդ տարի, տեսարաններ ենք ունեցել Շիրազ եւ Թեհրան քաղաքներում: Այս աշխատանքը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ իմ եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի 20-րդ նախագիծն է, այլեւ առաջին անգամ Հայաստանում հեռարձակվելու է 4K որակով հեռուստասերիալ»,-նշել է պրոդյուսերը:
«Շիրազի Վարդը» սերիալի նկարահանումներին
Ելենան վստահ է՝ նոր նախագիծը տարբերվելու է նախորդներից.«Դժվարին աշխատանք ենք տարել. դերասանները խոսում են ե՛ւ պարսկերեն, ե՛ւ հայերեն, ունեցել ենք բազմաթիվ խորհրդատուներ, թարգմանիչներ: Արդյունքում էկրաններին կտեսնեք շատ հետաքրքիր նախագիծ»:
Սյուժետային բացահայտումներ անելով՝ պրոդյուսերն ասել է.«Մեր հերոսուհին պետք է բացահայտի, թե ով է ինքը: Պատմության հիմքում իրական դեպք է: Տարիներ առաջ «Սպասիր ինձ» հաղորդաշարի շրջանակում տեսա, որ հայ ընտանիքը որդեգրել է ադրբեջանցի աղջկա, հետո վերջինս իմացել էր այդ մասին, սակայն ասել, թե իր ծնողները հայ են եւ ինքը նրանց է ընդունում: Այդ ժամանակ մեր ռեժիսորը՝ Քաջայրը, ով իրանահայ է, պատմեց իրական մեկ այլ պատմություն: Իրանցի զույգը որդեգրել է հայ տղայի, ով հիմա ԱՄՆ-ում է բնակվում, բավական հայտնի բիզնեսմեն է: Ինչքան դժվար ու բարդ է լինում անձի համար, երբ մի օր հասկանում է, որ այն չէ, ինչ եղել է»:
«Շիրազի Վարդը» սերիալի նկարահանումներին
Պրոդյուսերի խոսքով՝ դերասաններին ընտրել են քասթինգով: Նախագծում նկարահանվում են Դավիթ Աֆրիկյանը, Էլեն Սարգսյանը, Անի Երանյանը, Օլյա Հակոբյանը, Սիսիան Սեփանյանը, Դավիթ Մարդյանը, Հրաչյա Գասպարյանը, Սամվել Սարգսյանը, Հմայակ Հակոբյանը, Իրինա Հարությունյանը եւ այլք:
«Կան դերասաններ, որոնց հետ առաջին անգամ եմ աշխատում: Այս նախագծում է նկարահանվում նաեւ իմ վարպետը՝ Հրաչյա Գասպարյանը: Շատ ուրախ եմ, որ Անին եւս ընդգրկված է: Նա այս շրջանում տեղափոխվել է Հայաստան: Իրեն դեռ հեռուստադիտողը չի տեսել այս կերպարում, բավական համարձակ է»,-ասել է Ելենան:
Ելենա Արշակյանը եւ Անի Երանյանը
«Շիրազի Վարդը» սերիալի ռեժիսորը Քաջայր Հակոբյանն է, ով, ինչպես պրոդյուսերն է նշել, շատ է օգնում.«Նա ոչ միայն ռեժիսորն է, այլեւ, կարելի է ասել, թարգմանիչ է, դերասան է, շատ-շատ է օգնում, մեծ աշխատանք է անում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: