×


Անկրկնելի Հոակին Ֆենիքսը` Ջոկերի կերպարում. ԿինոՊարկի էկրաններին տարվա ամենասպասված ֆիլմն է

Հոկտեմբերի 3-ից «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում կմեկնարկի «Ջոկեր»-ի ամենօրյա ցուցադրությունները: Վենետիկի 76-րդ կինոփառատոնում «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանացած ֆիլմը դիտելու հնարավորություն կունենան նաեւ հայ կինոսերները:

Մինչ այդ, «ԿինոՊարկը» փակ նախադիտում էր կազմակերպել իր հյուրերի եւ մշտական հաճախորդների համար: Լրագրողների, բլոգերների, կինոքննադատների եւ կինոյի ոլորտին մոտ կանգնած մարդկանց համար նախատեսված ցուցադրությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել հյուրերին ու հետաքրքիր մանրամասներ պարզել սպասված ֆիլմի մասին:

«Ջոկեր» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Գոթեմ, 1980-ականների սկիզբ: Կատակերգու Արթուր Ֆլեքն ապրում է հիվանդ մոր հետ, ով մանկուց սովորեցնում էր նրան «ժպտալ աշխարհին»։ Փորձելով լինել բարի եւ միայն ուրախություն պարգեւել մարդկանց՝ Արթուրը բախվում է մարդկային դաժանությանը եւ աստիճանաբար հանգում այն եզրակացությանը, որ այս աշխարհը նրանից ոչ թե բարի ժպիտ կստանա, այլ չարագործ Ջոկերի քմծիծաղ:

Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելուց եւ լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելուց հետո արդեն պարզ դարձավ, որ ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի նկարահանած «Ջոկերն» այս տարվա «Օսկար»-ի գլխավոր հավակնորդն է լինելու: Պետք է նկատել, սակայն, որ ֆիլմի հաջողությունը մեծապես կապված է Հոակին Ֆենիքսի անկրկնելի դերասանական խաղի հետ, որը ստիպում է զգալ Ջոկեր չարագործի հոգու ամենանուրբ լարերը, խորությամբ տեսնել ու հասկանալ նրա անձնական ողբերգությունը:

«Ջոկեր» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Ի դեպ, Հոակին Ֆենիքսն այս դերը մարմնավորելու համար ստիպված է եղել նիհարել մոտ 23 կիլոգրամ, ինչը նկատելի է դառնում ֆիլմի առաջին իսկ կադրերից: Իհարկե, ինչպես խոստովանում է դերասանը, նման կերպարն ու փորձությունն իրեն հեշտ չի տրվել: Իսկ նկարահանման հրապարակում անընդհատ Ջոկերի գորշ տրամադրությունների մեջ լինելն էլ քիչ էր մնացել դերասանին խելագարության հասցներ: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ դերին պատրաստվելու համար ոչ միայն ստիպված է եղել շատ նիհարել, այլեւ բազմաթիվ գրքեր կարդալ հոգեբանական խանգարումների մասին:

Միաժամանակ պետք է նկատել, որ ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի եւ ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսի կերտած Ջոկերը միանգամայն տարբերվում է հակահերոսի նախորդ կերպարներից: Ֆիլիփսը նկարահանել է լրիվ նոր եւ ինքնուրույն պատմություն՝ հաշվի առնելով այն, որ Ջոկերի չարագործ դառնալու մասին որեւէ բան հայտնի չէ, եւ կոնկրետ պատմություն գոյություն չունի. «Ինձ համար հետաքրքիր էր պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել չարագործը, քանի դեռ մարդիկ նրա մասին ոչինչ չգիտեին: Մենք սահմանափակված չէինք որեւէ հստակ պատմությամբ, որով պետք է առաջնորդվեինք: Բայց որոշեցինք պահպանել որոշակի տարրեր՝ գործողությունները տեղափոխելով 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին երեւակայական Գոթեմ քաղաք»,- պատմել է ռեժիսորը:

«Ջոկեր» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Այնպես որ, Ջոկեր անունով սուպերհերոսի մասին ձեր պատկերացումներն այս անգամ պիտի մի կողմ դնեք ֆիլմը դիտելիս՝ հաշվի առնելով այն, որ սա պարզապես վաճառվող մեյնսթրիմ չէ: «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցադրությունների հետ կապված որեւէ սահմանափակում չունեն եւ պատրաստ են ֆիլմը մեծ էկրաններին պահել այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկ կլինի.«Համենայն դեպս, մոտ 21 օր նախատեսում ենք ցուցադրել ֆիլմը, եւ հույս ունենք, որ մարդիկ կսիրեն այն»,- հավելեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին