“Մոսկվա” կինոթատրոնում օրերս կայացել է “Անմեղ մեղավորները’’ գեղարվեստական ֆիլմի երեւանյան պրեմիերան, որի հիմքում հայտնի “Մեղավորները” սերիալն է: 2011 թվականին հայկական եւ ամերիկյան եթերներում հայտնված այս հեռուստասերիալը բավական սիրվեց, սակայն որոշակի խնդիրների պատճառով անավարտ մնաց, իսկ հեղինակներն ու պրոդյուսերներն էլ որոշեցին “մեղավորներին” մեծ էկրան բարձրացնել առանձին պատմության տեսքով:
Հրաչյա Հարությունյանը, Ալլա Թումանյանը եւ Սյուզան Մարգարյանը
“Անմեղ մեղավորները’’ ֆիլմի պրոդյուսեր Արա Ղազարյանը նշել է, որ այն, որպես գեղարվեստական ֆիլմ, առանձին գոյության լիիրավ իրավունք ունի, կհետաքրքրի բոլոր նրանց, որոնք սերիալը դիտել են կամ չեն դիտել:):
Լոս Անջելեսում նկարահանված գեղարվեստական ֆիլմում հանդես են գալիս Լիլիթ Վիվյանը (Էնջի), Շահեն Բադալյանը (Շահեն), Հռիփսիմե Կիրակոսյանը (Մագդա), Արեւիկ Անանյանը (Մարիամ), Դավիթ Ավետիսյանը (Մայք), Խաչատուր Հունանյանը (Ջորջ), Ալլա Թումանյանը (Բելլա), Լուսինե Սարգսյանը (Էվա) եւ Շաքե Թուխմանյանը (Անահիտ): Ֆիլմի պրոդյուսերներն են Արա Ղազարյանն ու Դավիթ Ադամյանը, սցենարի հեղինակը՝ Հակոբ Ռուբինյանը, ռեժիսորը՝ Գեւորգ Ճուղուրյանը:
Դերասան Դավիթ Ավետիսյանը
“Հեռուստասերիալից հետո գեղարվեստական ֆիլմ նկարահանելն ամերիկյան կինեմատոգրաֆում բավական ընդունված պրակտիկա է: Ամենահայտնի օրինակներից է “Սեքսը մեծ քաղաքում’’ ֆիլմը’’,- ասել է Արա Ղազարյանը:
“Սերիալը կիսատ մնաց. խոսք էինք տվել, որ շարունակելու ենք, բայց չստացվեց: Որոշվեց, որ կնկարահանվի գեղարվեստական ֆիլմ, որը, կարծում եմ, հաջողվել է’’,-նշել է հայտնի դերասանուհի Ալլա Թումանյանը՝ շեշտելով, որ մոտ 17 տարի գեղարվեստական որեւէ ֆիլմում չէր նկարահանվել:
Շուշան Պետրոսյանն ամուսնու հետ
Գլխավոր հերոսներից Մայքին մարմնավորող Դավիթ Ավետիսյանը, որը եւս ներկա էր ֆիլմի երեւանյան պրեմիերային, խոսել է սերիալում եւ ֆիլմում նկարահանման աշխատանքների դժվարությունների եւ առանձնահատկությունների մասին. “Ֆիլմում նախապես ունես ամբողջ սցենարը, իսկ սերիալում տեքստը կարող ես ստանալ նկարահանումից մեկ օր առաջ: Սերիալում կարծես ռոբոտ լինես. գալիս ես, նկարահանվում ես ու գնում, իսկ ֆիլմում աշխատելը շատ հավես է ու շատ հաճելի”:
“Անմեղ մեղավորներ”-ի լոսանջելեսյան պրեմիերայից խոսելով՝ Արա Ղազարյանը նշել է, որ այն աննախադեպ է եղել. “Երեք դիտման ընթացքում էլ 1400 տեղանոց դահլիճը լցվել է”: Հունիսի 3-ին Լոս Անջելեսում կկայանա ֆիլմի եւս երկու ցուցադրություն, որոնց տոմսերն արդեն վաճառվել են:): Իսկ Երեւանում էլ այն կցուցադրվի այնքան ժամանակ, որքան պահանջարկ կլինի:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: