“Դալան” պատկերասրահում բացվել է Աշոտ Ազատյանի անհատական ցուցահանդեսը: Նկարիչը հատուկ խորագիր չի ընտրել եւ մեկ վայրում ներկայացնում է իր բնանկարները, նատյուրմորտները, կոմպոզիցիոն աշխատանքները, նաեւ ինքնադիմանկարը: Նրա պատկերած թեմաները միմյանցից բավական տարբեր են, օրինակ՝ “Հրազդանի կիրճում”, “Համերգ”, “Հրաշագործը”, “Երկուսը”, “Վերածնունդ”, “Անձրեւոտ օր”, “Քաղաքը գիշերով” եւ այլն:
Աշոտ Ազատյանը` դստեր` Ալիսի հետ
Ցուցադրված 25 նկարից Աշոտն առանձնացրել է “Բարեկամները” եւ BRAVO.am-ին պատմել ստեղծման նախապատմությունը.“Մի անգամ փողոցում տեսա միայնակ ծերունու, որը մանկական սայլակով շիշ էր հավաքում եւ շրջապատված էր կենդանիներով: Նա մարդկանց կողմից լքված էր, բայց ընկերություն էր անում շների հետ: Նկարչի համար ամեն քայլափոխին նկարելու թեմա կա, պետք է քո աշխարհընկալմամբ տեսնես ու նկարես”:
Աշոտ Ազատյանի անհատական ցուցահանդեսին
Նա վերջին անգամ հանրությանն իր նկարները ցուցադրել էր 2011 թվականին՝ Նկարիչների միությունում, այս անգամ ներկայացրել է նոր աշխատանքներ.“Հիմա իմ կյանքում այնպիսի էտապ է, որ նոր ծրագրեր ունեմ եւ այս ցուցահանդեսով եզրափակում եմ նախորդ փուլը: Երկու մեծ շարք եմ ստեղծում, որոնց թեմաներն իմ մեջ վաղուց եփվել են: Կողմնակի այլ գործով չեմ զբաղվում, նկարելով եմ ապրում”:
Երկու տարի բնակվելով Մոսկվայում` Աշոտ Ազատյանն այնտեղ եւս ունեցել է անհատական ցուցահանդես, նաեւ դարձել է Նկարիչների միջազգային միության անդամ, իսկ Երեւանի կենտրոնում բացված այս ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 8-ը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: