×


Արեւիկ Իսաջանյանը եւ Աշոտ Հակոբյանը

Աշոտ Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու դերը «Կայարան»-ում

Աշոտ Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասան-բեմադրիչն առաջինը BRAVO.am-ին է տրամադրել կնոջ հետ արված գեղեցիկ լուսանկարները, իսկ զրույցի ընթացքում պատմել է «Կայարան» սերիալում նոր դերի, Պարոնյանի անվան թատրոնում ունեցած պրեմիերաների եւ այլնի մասին:

««Կարմիր բլուր», այժմ էլ «Կայարան» սերիալներում նկարահանվելու առաջարկները ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից են եղել: Նրա հետ նախկինում էլ համագործակցելու շատ առիթներ եմ ունեցել: «Կարմիր բլուր»-ում դերս փոքր, բայց բավական պատասխանատու էր. մարմնավորել եմ վաստակաշատ դերասան Արտաշես Ալեքսանյանի կերպարի երիտասարդ տարիները: Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց կարողացել եմ հնարավորինս ճիշտ խաղալ դերը, եւ մինչ օրս դրական կարծիքներ եմ լսում: Նույնիսկ փողոցում ինձ կանգնեցնում են ու գովեստի խոսքեր ասում, ինչը դերասանի համար լավագույն գնահատանքն է»,-պատմել է նա:

Աշոտ Հակոբյանը՝ կնոջ հետ


Աշոտից հետաքրքրվեցինք նաեւ նոր դերի մանրամասներով.««Կարմիր բլուրից» հետո Ելենան առաջարկեց միանալ «Կայարան»-ի թիմին: Չեմ թաքցնի՝ լավ ճանաչելով նրան ու իր թիմը, միանգամից համաձայնեցի: Ծանոթանալով կերպարիս՝ հասկացա՝ այն է, ինչ ուզում էի: Երիտասարդ ու փորձառու բժշկի եմ մարմնավորում, ով Եվրոպայում է սովորել: Արտերկրում մնալու, մեծ գումարներ աշխատելու հեռանկարներ ունենալով հանդերձ՝ նա վերադառնում է Հայաստան ու սկսում աշխատել հայրենի գյուղում: Սոսը դրական կերպար է, բարի, կամեցող, բոլորին օգնող: Այն նախկինում մարմնավորածս կերպարներից զգալիորեն տարբերվում է»,- ասել է նա:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նույնպես Աշոտ Հակոբյանը ակտիվ գործունեություն է ծավալում.«Մարտին շուրջ 15 ներկայացման մեջ եմ ընդգրկված: Օրեր առաջ երկու պրեմիերայով հանդես եկանք, շուտով այլ նորություններ էլ կլինեն»:

Աշոտ Հակոբյանը՝ կնոջ հետ


Չնայած աշխատանքային զբաղվածությանը՝ դերասանը ժամանակ է գտել նաեւ նոր ֆոտոշարքի համար.«Գաղափարը կնոջինս՝ Արեւիկինն է: Նա է նկարահանման հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքներով զբաղվել, ես վստահում եմ նրան, դրա համար ոչ մի բանի չեմ միջամտել: Լուսանկարների հեղինակը Վահագն Ավանեսյանն է: Շուտով մի նոր ֆոտոշարք էլ ենք նախատեսում, որին արդեն մեր աղջիկը՝ Էմիլին էլ կմասնակցի»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Avanesyan Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին