×


Առլեն Շահվերդյան.«Առաջին անգամ 20 վայրկյանով տեսա տղայիս»

«The Beautified Project»-ի մեծ «ընտանիքը» համալրվել է նոր անդամով:): Մայիսի 5-ին ծնվել է ռոք-խմբի դաշնակահար եւ բեք-վոկալիստ Առլեն Շահվերդյանի առաջնեկը։ 2013 թվականի ամռանն ամուսնացած զույգն արդեն վայելում է ծնող լինելու բերկրանքը։ Առլենը BRAVO.am-ին պատմել է, որ որդուն անվանակոչել են Ռենե.«Երբ իմացանք, որ տղա ենք ունենալու, երկար մտածում էինք` ինչ անուն ընտրել: Ռենե անունը մեզ ամենաշատն էր դուր գալիս, նաեւ կապ ունի ռենեսանսի՝ վերածննդի հետ։ Ծնվելուց հետո նորից քննարկեցինք եւ ընտրեցինք հենց այս անունը»։

Նազեհը եւ Առլենը ծնողներ են դարձել


Երաժշտի խոսքով՝ նորածին որդու հետ առաջին հանդիպումն անմոռանալի է. «Ծնվելուց հետո բժիշկներին երկար համոզում էի, ի վերջո, մեկ ժամ հետո բարձրացա 6-րդ հարկ ու 20 վայրկյանով տեսա։ Շատ հետաքրքիր ու արտասովոր պահ էր, գրկելուց հետո միայն հասկացա, որ ես նրա պապան եմ, ինքն էլ՝ իմ տղան:)։ Առաջին հայացքից նմանեցնում եմ ինձ ու աներոջս, իմ եւ կնոջս խառնուրդն է։ Առաջինը եղբորս հետ շամպայնով ծննդատան բակում նշեցինք, նաեւ բոլոր ընկերներով կհավաքենք, ինչպես ասում են՝ հայկական ձեւով մաղարիչ կանեմ»։

Անդրե Սիմոնյանը, Արմեն եւ Առլեն Շահվերդյանները` նորածին Ռենեի հետ


Առլենի կինը՝ Նազեհ Նազլումյանը, ծրագրավորող է, աշխատում է «PicsArt»-ում` որպես նախագծերի մենեջեր.«Կինս մի քանի ամսից կվերադառնա աշխատանքի, որովհետեւ շատ է սիրում իր գործը, նախագծերը կարեւորում է, ես էլ քաջալերում եմ։ Երկու օրից կնոջս ու տղայիս պիտի տուն տանեմ, որոշել եմ մինչ այդ մեր տունը գեղեցիկ զարդարել»։

Նորածին Ռենեն


«The Beautified Project»-ի մասին խոսելով՝ Առլենը պատմել է խմբի նորությունների մասին.«Մայիսի 9-ին ելույթ ենք ունենալու Տիկնիկային թատրոնում կայանալիք բարեգործական համերգին։ Այս շրջանում ավելի շատ նոր երգեր ենք գործիքավորում ու ձայնագրում մեր 4-րդ սկավառակի համար, որը պլանավորում ենք թողարկել աշնանը, մինչ այդ կներկայացնենք նոր տեսահոլովակ»։

BRAVO.am-ը շնորհավորում է Առլենին եւ Նազեհին ծնողներ դառնալու կապակցությամբ` նորածին Ռենեին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Առլեն Շահվերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին