×


Արամ Նիկոլյանը Նազենիին, Արամեին, Աննային, Նուռին եւ մյուսներին հրավիրել էր կայարան :)

"Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության "Երեւան" կայարանում երեկ երեկոյան սովորական գնացքի փոխարեն ժամանել է Երեւանի նորաձեւության գնացքը:): Կայարանում հավաքված հյուրերը զբաղեցրել են իրենց տեղերը եւ դիտել մոդել-ուղեւորների քայլքն ու գնահատել դիզայներ Արամ Նիկոլյանի ստեղծած նոր հավաքածուն` նվիրված մեր մայրաքաղաքին:

Արամ Նիկոլյանն ու Նուռը


Կայարանում հագուստի ցուցադրության նախադեպեր եղել են այլ երկրներում, իսկ Երեւանում այս գաղափարն առաջին անգամ իրագործել է Արամ Նիկոլյանը` իր գործընկերներին, մտերիմներին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրելով դեպքի վայր:):

"Գարուն-ամառ 2012" հավաքածուն, որը բաղկացած է քաղաքի պատկերներով 30 հագուստից՝ կանանց վերնաշապիկներ, տաբատներ, երեկոյան զգեստներ, ինչպես նաեւ տղամարդկանց կոստյումներ, հիմնականում կարվել է պաստելային գույների կտորներից` սպիտակ, բաց վարդագույն, մոխրագույն եւ այլն:

Մոդելները ցուցադրել են Արամ Նիկոլյանի՝ Երեւանին նվիրված հավաքածուն


Մինչ օրիգինալ եւ մյուսներից տարբերվող ցուցադրություն կազմակերպելը, մոդելավորողը մոտ մեկ տարի առաջ լուսանկարիչ Դավիթ Գալստյանի հետ ստեղծել է Երեւանի շենքերը պատկերող ֆոտոշարք, որոնք վերջնարդյունքում հայտնվել են հագուստի վրա:

“Դավիթն իմ գաղափարով լուսանկարել է նոր Երեւանը. շատ տարբեր շենքեր ենք ընդգրկել: Քանի որ վերջերս շատ է խոսվում, որ Երեւանը կորցրել է իր դեմքը, ես փորձել եմ նոր քաղաքի մեջ տեսնել գեղեցիկ դետալներ: Կայարանում ցուցադրություն կազմակերպելն էլ պայմանավորված է նրանով, որ քաղաքը սկսվում է այստեղից”,-նշել է Արամ Նիկոլյանը:

Նազենի Հովհաննիսյանը “Երեւան” կայարանում տեղի ունեցած ցուցադրությանը


Դիզայների կարծիքով` վերջին շրջանում նորաձեւության՝ հաճախակի կազմակերպվող ցուցադրությունները կզարգացնեն եւ արդիական կդարձնեն հայկական նորաձեւությունը. “Մեր ուժերով փորձում ենք ակտիվացնել, քանի որ երկար ժամանակ նորաձեւության դաշտը պասիվ էր”:

Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրությանը


Անհատական երկրորդ ցուցադրությունը կազմակերպելու հարցում Արամ Նիկոլյանին աջակցել է Բրիտանական խորհուրդը, որի հետ մոդելավորողը համագործակցել է “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” ծրագրի շրջանակում: Ի դեպ, օրեր առաջ նա Ռումինիայում մասնակցել է նույն անունը կրող եվրոպական շրջիկ ցուցահանդեսին: Հիշեցնենք, այդ հավաքածուն առաջինը ցուցադրվել է Երեւանում: 
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW