×


Արեւիկ Ուդումյանի տոնական ֆոտոշարքն ու խոստովանությունը

Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը որդու՝ Ռուբենի հետ Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել՝ ֆոտոշարքը տրամադրելով BRAVO.am-ին: Նա նաեւ պատմել է, թե որտեղ է իր ընտանիքը դիմավորելու Նոր տարին, ինչ է խնդրել տղան Ձմեռ պապից, եւ ոչ միայն:

«Երբեք չեմ կարողացել պլանավորել իմ կյանքը, եւ եթե նույնիսկ որոշակի նպատակներ եմ ունեցել, կյանքը բոլորովին այլ ուղղությամբ է ինձ տարել՝ ցույց տալով, որ այն ավելի լավն է, քան իմ ընտրած ուղին: Վերջին տարիներին հասկացել եմ, որ պետք չէ որոշակի նպատակներ ծրագրել հաջորդ տարվա համար. ստացվում է այն, ինչ ստացվում է, պարզապես ժամանակին հասկանում ես, թե որ ուղղությամբ պետք է գնաս՝ անելու համար մի բան, որն օգտակար է մարդկությանը եւ հաճելի է քեզ»,-ասել է Արեւիկը:

Արեւիկ Ուդումյանը


Նա խոսել է նաեւ իր գործունեության մասին.«Զբաղվում եմ այն ամենով, ինչը սիրում եմ, ինչն ինձ հետաքրքիր է ու ինչը պատկերացնում եմ, որ ճիշտ է: Ունեմ այն ազատությունը, այն ճիշտ համակարգված զբաղվածությունը, որն ինձ թույլ է տալիս ե՛ւ ստեղծագործել, ե՛ւ կազմակերպչական հարցրով զբաղվել: Իմ թիմի հետ արդյունավետ տարի ենք ունեցել»:

Մեծ ոգեւորությամբ են սպասում տոներին.«Երբ տանը կա երեխա, Նոր տարին այն իմաստն ու նշանակությունն է ստանում, ինչ տարիներ առաջ է ունեցել, երբ մենք ենք այդ տարիքում եղել: Տոներն իրոք հեքիաթային են դառնում երեխաների հետ: Շատերը միգուցե տոները նշելու ավանդական եղանակը սպառված են համարում, բայց կարծում եմ՝ իրականում շատ լավ առիթ է առօրյա հոգսերից կտրվելու, աշխատանքային թոհուբոհից ազատվելու եւ հարազատների հետ լավ ժամանակ անցկացնելու համար: Վերջին շրջանում մտերիմների հետ շփվելու առիթները շատ քիչ են, այնպես որ Նոր տարին հիանալի հնարավորություն է հավաքվելու եւ այդ ջերմությունը զգալու համար: Կողմնակից չեմ ճոխ սեղաններին: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե նոր սերունդն ինչ լավ ժամանակ է անցկացնում, ջերմ հանդիպումեր կազմակերպում՝ առանց ավելորդ ծախսերի: Կարելի է հաճելի միջավայրում լավ գինի խմել եւ ուրախ երեկո անցկացնել»:

Արեւիկ Ուդումյանը՝ որդու հետ


Նրանք դեռ չեն զարդարել տոնածառը.«Այս տարի շատ եմ սպասում եղեւնին զարդարելուն: Տղաս երեք տարեկան է, եւ առաջին անգամ կմասնակցի այդ արարողությանը: Վստահ եմ՝ շատ աղմկոտ եւ դժվար է լինելու:)»:

«Ձմեռ պապիկին պարբերաբար նամակ ենք գրում, եւ հուրախություն մեզ՝ նա դեռ չի գիտակցում, որ կարելի է մեծ եւ շատ նվերներ ուզել: Նրա պատկերացմամբ՝ ձմեռ պապիկը խոհարար է եւ նրանից կոնֆետներ, խմորեղեններ է ուզում: Դեռ միայն քաղցրավենիքով ենք բավարարվում:)»,-ծիծաղելով պատմել է Արեւիկը:

Փոքրիկ Ռուբենը


Ամանորի գիշերն ընտանեկան միջավայրում են անցկացնում.«Տարեմուտը մեծ ընտանիքով ենք տոնում, հետո միանում ենք մեր ընկերներին: Նախապատրաստական աշխատանքներն իրենց մեջ կրում են նվերների ընտրությունը, որին այս տարի նաեւ ընդգրկել եմ որդուս: Կարեւոր եմ համարում, որ երեխաները ոչ միայն նվերներ ստանալ սիրեն, այլ նաեւ ուրիշի համար կարողանան նվեր ընտրել: Ինչ վերաբերում է սեղանի պատրաստությանը, չունենք պարտադիր ուտեստներ, անվերջ սեղաններ. առօրյայից տարբերվող, բայց ոչ շատ առատ սեղան ենք պատրաստում եւ մեր հյուրերին առանց համեղ հյուրասիրության բաց չենք թողնում»,- եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնա Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին