×


Արթուր Իսպիրյան. “Ես արյուն չեմ հանձնել, բայց պատրաստ եմ կյանքս տալ երեխաների համար”

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ օրերս Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում “Արեւ ենք միասին” երգի տեսահոլովակում հանդես եկած մի շարք հայտնիներ մասնակցել են արյունատվության ակցիայի, որի շրջանակում հավաքագրված արյունն անվճար տրամադրվելու է կենտրոնում բուժում ստացող հիվանդներին: Նշենք, սակայն, որ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե երգիչները, դերասաններն ու հաղորդավարները բեմադրել են արյուն հանձնելու գործընթացը: Թեմայի շուրջ BRAVO.am-ին հաջողվել է զրուցել միայն մասնակիցներից մի քանիսի հետ, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ.

Արթուր Իսպիրյանը` կնոջ հետ


Արթուր Իսպիրյան. “Անձամբ ես չեմ կարող պատասխան տալ մյուսների համար. բոլորս տարբեր ժամերի ենք գնացել արյուն հանձնելու: Մեզնից անալիզներ վերցրին, որպեսզի պարզ դառնա` արդյոք մեր արյունը պիտանի է երեխաների համար: Օրինակ` Նադեժդա Սարգսյանը պատրաստակամ էր արյուն հանձնել, սակայն որոշակի խնդիրների պատճառով չկարողացավ: Եվ նման դեպքեր էլի գրանցվել են: Ինքս էլ պատրաստ էի արյուն հանձնել, սակայն բժիշկներն ասացին, որ դոնոր չեմ կարող լինել, քանի որ փոքր ժամանակ դեղնախտով եմ հիվանդացել: Բայց ես մասնակցեցի ակցիային, որպեսզի իմ օրինակով կոչ անեմ բոլոր կամավորներին հանձնել արյուն, որը կարող է պիտանի դառնալ եւ օգնել երեխաներին: Ուզում եմ նշել նաեւ, որ չեմ հասկանում վատաբանողներին, համացանցում տարածված նյութերի հեղինակներին: Իրականում արյուն հանձնելու մեջ որեւէ վատ բան չկա, դա օգտակար ընթացակարգ է եւ շատ առողջարար արյուն հանձնող մարդու օրգանիզմի համար: Տարին առնվազն մեկ անգամ հարկավոր է արյուն հանձնել: Ամաչելու բան չկա, ես չեմ հանձնել արյուն, որովհետեւ անալիզներից հետո պարզ դարձավ, որ արյունս պետքական չէ, բայց պատրաստ եմ կյանքս տալ երեխաների համար, իսկապես, պատրաստ եմ աջակցել նրանց ինչով կարող եմ’’:

Նադեժդա Սարգսյան. “Մենք ուրախությամբ գնացել էինք արյունաբանական կենտրոն` հույս ունենալով, որ ինչ-որ բանով օգտակար կլինենք: Բայց բոլորս պարտադիր բժշկական հետազոտություն անցանք, ինձնից անալիզ վերցրին եւ ասացին, որ չեմ կարող արյուն հանձնել, քանի որ հիվանդությանս պատճառով իմ արյունը երեխաներին պիտանի չէ: Արյուն չեն վերցնում նաեւ 52 կգ-ից պակաս քաշ ունեցող աղջիկներից: Էմմին կանգնեց կշեռքի վրա, ասացին. “Էմմի ջան, շնորհակալություն, ցտեսություն””:

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


Եգոր Գլումով. ““Ռադիո Վան’’-ի անձնակազմով արյուն հանձնեցինք փետրվարի 14-ին` Սիրահարների տոնի օրը: Մեզ հետ էին նաեւ Վարդան Բադալյանը, Երգի թատրոնի մեներգիչներից Ռուսլանը եւ ռոք-երգիչ Այդին Դավուդին: Մյուսներին ես չեմ տեսել, կարծում եմ` նրանք այլ օր են արյուն հանձնել: Մենք ամեն տարի մասնակցում ենք այդ ակցիային, վստահեցնում եմ, որ իսկապես հանձնել ենք արյուն’’:

Եգոր Գլումովը


Նշենք, որ Արյունաբանական կենտրոնի կայքում հրապարակված է, թե ովքեր կարող են դառնալ դոնոր եւ ինչ հակացուցումներ կան: Գրեթե բոլոր առողջ մարդիկ կարող են դառնալ արյան եւ նրա բաղադրամասերի դոնոր, եթե նրանց տարիքը 18 տարեկան եւ բարձր է, չունեն դոնորության համար հակացուցումներ, կշռում են ավելի քան 50 կգ եւ վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս եւ ավելի տեւողությամբ չեն բացակայել Հայաստանից:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանը մեզ հետ զրույցում նշել է, որ արյուն հանձնած բոլոր քաղաքացիների տվյալները գաղտնի են եւ հրապարակման համար բաց չեն: Նա նաեւ նշել է, թե որ դեպքերում չի արգելվում արյուն հանձնել. “Եթե երկու-երեք շաբաթով են երկրից բացակայել, այդ դեպքում վերցնում ենք արյուն, հակացուցում չկա, իսկ քաշը կանանց դեպքում 50 կգ-ից բարձր պետք է լինի, տղամարդկանց դեպքում` 65 կգ-ից: Օրինակ, ակցիայի շրջանակում օրիորդ կար, որ 53 կգ քաշ ուներ, բայց հանձնեց արյուն, որովհետեւ կառուցվածքը համաչափ էր իր հասակին”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի եւ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW