×


Արմեն Էլբակյանը պատասխանել է իր հասցեին հնչած մեղադրանքներին

Էլեկտրոնային ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում այսօր լուրեր են տարածվել, որ դերասան Արմեն Էլբակյանը հեռուստահաղորդումներից մեկում վիրավորել է հաշմանդամություն ունեցող անձանց: Պարզաբանելու համար տեղի ունեցածը BRAVO.am-ը կապվել է դերասանի հետ, ու այժմ առանց մեկնաբանության ձեր ուշադրությանն է ներկայացնում դերասանի պատասխանը:

Դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյանը


“Ուղղակի զարմացած եմ, թե ինչու են սխալ հասկացել իմ խոսքերը, կամ սխալ մեկնաբանել դրանք: Այն, ինչ ես ասել եմ, ուղղակի հանել են կոնտեքստից, եւ այլ մեկնաբանություն տվել դրան: Մենք այն մարդիկ չենք, որ երբեւէ որեւէ մեկին վիրավորենք, մանավանդ հաշմանդամություն ունեցող մարդկանց, մանավանդ այն դեպքում, երբ մեր թատրոնը հաշմանդամություն ունեցող երեխաների ուժերով ներկայացումներ է ստեղծել (նրանք իրենց ձեռքեով պատրաստել են տիկնիկներ, խաղացել ներկայացումներ), այն դեպքում, երբ մենք հաշմանդամներին անվճար ներկայացումներ դիտելու հնարավորություն ենք ընձեռում. մեր թատրոնը չունի հնարավորություն պատգարակներով մարդկանց ներս տանելու, բայց մենք այդ հնարավորությունն էլ ենք ստեղծում: Մենք շատ լավ ենք հասկանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղը, դերն ու նշանակությունը մեր հասարակական կյանքում: Ես բացարձակապես միտք չեմ ունեցել որեւէ մեկին վիրավորել: Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել:

Արմեն եւ Աննա Էլբակյանները


Ինչ վերաբերում է իմ խոսքերին, ապա դրանք վերաբերել են դերասաններին, բեմական խոսքին եւ այն ամենին, ինչը վերաբերում է մեր մասնագիտությանը: Եթե կա հաշմանդամների թատրոն, ապա ես դրանով կարող եմ միայն ուրախանալ, եւ եթե աջակցության կարիք կա, կարող եմ նաեւ աջակցել իմ համեստ ուժերով: Բայց իրականում խոսքս այն մասին է եղել, որ հեռուստատեսությունում, թատրոնում, հայտնվում են դերասաններ, որոնք ունեն խոսքի արատ, որը, եթե կյանքում նորմալ է, ապա բեմում լավ չէ, նույնիսկ վատ է: Բոլորը չէ, որ ունեն դերասանի խոսք կամ արտաքին:

Արմեն Էլբակյանը կնոջ` Աննայի, դստեր՝ Լիլիի եւ թոռնուհու հետ


Ես միշտ ասում եմ, որ Մհեր Մկրտչյանն այնքան էլ գեղեցիկ մարդ չէր, չէր փայլում իր գեղեցկությամբ, բայց երբ խոսում էր աշխարհի հետ, ամենագեղեցիկ մարդն էր դառնում, որովհետեւ նրա ներքինն էր գեղեցիկ:
Ես բոլորովին այլ խնդիրներ եմ նկատի ունեցել: Եթե ինձ սխալ են հասկացել, ես շատ ցավում եմ: Համենայն դեպս, իմ խոսքում ասել եմ, որ Աստված բոլոր մարդկանց ստեղծել է համաչափ՝ անկախ գեղեցկության այն չափանիշներից, որոնք մեզանում կան: Նաեւ ասել եմ, որ գեղեցկության չափանիշները խիստ փոփոխական են: Կրկնում եմ, ես բոլորովին այլ բաներ եմ խոսել, եթե կոնտեքստից դուրս բառեր են հանվել ու հիմա հասարակության բերանն են ուզում գցել այդ խոսքերը ու դարձնել մի ձնագնդիկ, որը գլորվելով պետք է դառնա հսկա մի սար, ապա ես շատ ցավում եմ: Համենայն դեպս, ես մարդասեր մարդ եմ ու բոլորովին միտում չունեմ որեւէ մեկին վիրավորելու: Հավատացեք, այս ամենից ես չեմ էլ վիրավորվել. հասկացել եմ, որ այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա”:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW