«Ֆուլհաուսցիները մի ընտանիք են դարձել` միմյանց կես բառից են հասկանում»,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է նախագծի հեղինակ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` տեղեկացնելով, որ «Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը կմեկնարկի մարտի 14-ին, իսկ նկարահանումները կվերսկսվեն փետրվարի վերջից:
«Ֆուլ Հաուս»-ի ամերիկյան հյուրախաղերին
«Նորություններ շատ են լինելու` սյուժետային զարգացումներ, 2 նոր կերպար: Դերասաններն արդեն իսկ ընտրված են, բայց փակագծերը դեռ չեմ ուզում բացել: Ոչ մի կերպար, հիմնական դերասան դուրս չի մնա»,-ասել է նա եւ հավելել, որ Արփի Գաբրիելյանի` նախագծից հեռանալու եւ Մերի Մակարյանի` սիթքոմում նկարահանվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Դերասան-հումորիստը խոսել է նաեւ տարեվերջի ամերիկյան եւ առաջիկա եվրոպական շրջագայության մասին: Նրա խոսքով` նախորդ տարի նոր ռեկորդ են սահմանել` մեկ տարում ԱՄՆ-ում ունենալով երկու հյուրախաղ: Ֆուլհաուսցիները նախորդ դեկտեմբերին նախատեսել էին միայն մեկ համերգ, սակայն կայացան 4-ը` Լոս Անջելեսում եւ Ֆրեզնոյում:
Արփի Գաբրիելյանը, Մարջան Ավետիսյանը եւ Անի Երանյանը
Օվկիանոսից այն կողմ նրանք ջերմ ընդունելության են արժանացել: Արմեն Պետրոսյանը դժվարանում է առանձնացել ամերիկահայերի ամենասիրած կերպարը` նշելով, որ յուրաքանչյուրն իր երկրպագուների բանակն ունի:
Շուտով Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները եւս կհյուրընկալեն սիրելի հերոսներին.«Մարտին մեծ շրջագայություն ունենք: «Ֆուլ Հաուս»-ն առաջին անգամ հանդես կգա եվրոպահայության առջեւ: Ծրագիրը պատրաստ է: Լինելու ենք Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ Ավստրիայում»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Ֆուլ Հաուս»-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: