Արվին Քոչարյանի ստուդիական ֆոտոշարքերը հաճախ բնորոշվում են որպես համարձակ, բաց եւ սեքսուալ։ Լուսանկարչի հետ զրուցել ենք իր ոճի, ֆոտոմոդելների ընտրության եւ առաջիկա ֆոտոցուցահանդեսի մասին։
Արվին Քոչարյանը
Արվինի խոսքով, լուսանկարվողները, իմանալով իր ոճը, պատրաստ են փորձարկումների եւ համարձակ կադրերի. «Ես իմ ձեռագրով եմ նկարում, բաց ֆոտո ասելը մի քիչ հարաբերական է, որովհետեւ բացը ժողովրդական ու ռաբիզ երաժշտության նման սահմանագիծ ունի։ Մերկությունը կարող է լինել գռեհիկ կամ շատ նուրբ լուծումներով, ես փորձում եմ մերկ մարմինը որպես արվեստ ներկայացնել։ Սա կախված է նաեւ նկարվողից, քանի որ դեմքի միմիկաներին ու մարմնին չտիրապետելու դեպքում նույնիսկ ամենափակ հագուստով գռեհիկ է նայվում։ Մարդ էլ կա՝ ամբողջովին մերկ լուսանկարվելիս նուրբ ու գրագետ է շարժվում, որ միանգամից հիշեցնում է որեւէ դարաշրջանի ինչ-որ կտավի կերպար»։
Մոդել Նադեժդա Հովհաննիսյանն ու Էդգար Ռոստոմյանը
Նրա նոր ֆոտոշարքի հերոսները «Արմենոիդս» խմբի ամերիկաբնակ Էդգար Ռոստոմյանն ու մոդել Նադեժդա Հովհաննիսյանն են, որոնք օրեր առաջ Երեւանում էին. «Նրանց տարիներ առաջ լուսանկարել եմ, ու քանի որ կրկին այստեղ էին, որոշեցի առիթը բաց չթողնել։ Երկուսն էլ ԱՄՆ-ում մուտք են գործել կինոարտադրության ոլորտ, հարկավոր էր նման պորտֆոլիո։ Հեշտությամբ լեզու գտանք, ոչ մի հարցում չեմ համոզել, իմ գաղափարներն ընդունում էին եւ չէին բարդույթավորվում»։
Թե ինչպես է ընտրում իր ֆոտոմոդելներին, Արվինը պատասխանել է. «Անկեղծ ասած, ուշադրություն եմ դարձնում դեմքին ու կազմվածքին։ Երբ արտիստի կամ մոդելի արտաքնում գտնում եմ իմ պատկերացրած կադրը, առաջարկում եմ լուսանկարվել։ Տարվա ընթացքում բազմաթիվ դեմքերի հետ եմ աշխատում, մարդիկ կան, որ թատերական կամ ֆիլմային պորտֆոլիո են ցանկանում, որոշներն էլ՝ ուղղակի նոր ֆոտոսեսիա։ Երբեմն նկարել եմ հայտնի դեմքերի, որոնց լուսանկարները քննարկվել ու քննադատվել են, ինչը կապված է եղել լուսանկարվողի բացասական դերերի ու կարիերայի հետ, եւ դա հիշելով՝ դատում են ֆոտոսեսիան»։
Մոդել Նադեժդա Հովհաննիսյանը
Լուսանկարիչը մեկնել է Միացյալ Նահանգներ. օգոստոսի 24-ին տեղի կունենա նրա «Միստիկուս» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը ներկայացրել է Երեւանում եւ Բեռլինում. «Նկարների մոտ 30 տոկոսը նոր, բոլորովին չցուցադրված կադրեր են։ Հրավեր ստացա իմ վաղեմի ծանոթ Ստեփան Փարթամյանից, որը բավական ներդրում ունի Հայաստան-Սփյուռք կապերը պահելու գործում։ Ինձ համար «Միստիկուս» շարքը դարձել է հարազատ, կարծես ցուցահանդեսները վերածվել են շրջագայության»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: